02.07.2018 | 
ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆԸ ՎԵՐՀԻՇՈՒՄ Է ԻՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ
ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ  ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆԸ ՎԵՐՀԻՇՈՒՄ Է ԻՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ
«Մենք բոլորս գալիս ենք մանկությունից՝ ինչպես մի մոլորակից». «Փոքրիկ իշխանի» հեղինակի՝ ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի թևավոր խոսքն է, որ խորհրդանշում է բոլորիս ակունք-արմատները:

Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ներկարարյանը պատմում է իր արմատների մասին, վերհիշում՝ մանկությունը:

Խաչատուր Ներկարարյանը Լոռու մարզի Կուրթան գյուղից է: Իր վկայությամբ՝ գյուղը հայտնի է լոռեցիների միամտության մասին պատմող  զվարճալի անեկդոտներով. «Այդ անեկդոտներում շեշտվում է լոռեցիների միամիտ լինելը, ինչը ոչ բոլոր դեպքերում է այդպես»: 

Նա նշում է, որ այդ հարցում պարադոքս կա. «Մեր  ամենախորամանկ քաղաքական գործիչներից Միկոյանը ծագումով լոռեցի է եղել. մի՞թե միամիտ լոռեցին միաժամանակ կարող է այդքան խորաթափանց լինել»:

 

Դեկանը հայրենի գյուղի  պատմությունը սկսում է  Ձորագետից: «Գետը խորն է բավականին, ջուրը՝ սառը, արագահոս, օձեր էլ կան, բայց դա ինձ ու մանկությանս ընկերներին չէր խանգարում, որ գետը մտնեինք ու լողայինք. դրանք ամենաջերմ հիշողություններն էին, որ մնացին ինձ հետ»,- հուզմունքով ավելացնում է նա:

 

Պրոֆեսորը սիրով, հուզմունքով ու կարոտով է պատմում Կուրթան գյուղի մասին, որտեղ անցել է իր մանկությունն ու պատանեկությունը. «Ծնողներս սոցիալական վատ պայմաններում էին ապրում, հայրս ասպիրանտ էր ու շատ քիչ աշխատավարձ էր ստանում, ընտանիքի հոգսերը մորս աշխատավարձով էինք լուծում»: 


Նա նշում է, որ ծնողները տնտեսագետ են եղել. «Հայրս երկար տարիներ աշխատել է համալսարանում, եղել է տնտեսագիտության պրոֆեսոր և այդ է պատճառը, որ  մենք բազմաթիվ թելերով կապված ենք համալսարանին»:

 

Ներկարարյանը հիշում է, որ մինչ 7 տարեկանը ապրել է տատիկի  և պապիկի հետ: «Զարմանում եմ՝ այդ սոցիալական դժվարին պայմաններում ինչպես էր ինձ  խնամում տատիկս: Ընդ որում,  եթե ցանկանայի մնալ ու գիշերել մորական տատիս մոտ, հորական տատս դա անձնական վիրավորանք էր համարում»,- ժպիտով ասում է նա և ավելացնում. «Փաստորեն, ես քաղաքականության առաջին տարրերը սովորեցի նրանցից»:

 

Պրոֆեսորը կարոտով հիշում է մանկության ընկերներին, որոնց հետ մինչև այժմ պահում է կապը. «Իմ լավագույն ընկերները նրանք են: Նրանց հետ եմ այցելում հայրենի գյուղ, քաղաքում ևս շատ ընկերներ ունեմ, բայց մանկության ընկերների քաղցրությունն ուրիշ է»,- ասում է նա:

Նա նշում է, որ ամենից շատ գյուղի սարերն է կարոտում, որոնք երևում էին իրենց տան պատուհանից. «Առավոտյան շնչում էի մաքուր օդը և հայացքս հառում դիմացի սարերին, ինձ թվում էր, որ այդ սարերի հետևում՝ մի ուրիշ, առեղծվածային աշխարհ կա, ճիշտ է, պատանեկան հասակում ես անցա սարերից այն կողմ և  բացահայտեցի, որ  ոչ մի ուրիշ աշխարհ չկա, բայց այն մինչև հիմա մնաց իմ մտապատկերում»:

 

 Նա անկեղծանում է, որ լոռեցիներին հատուկ շիտակությունը փոխանցվել է  իրեն. «Չգիտեմ՝ դա բախտավորություն է, թե ոչ, բայց շատ հաճախ  ինձ խանգարում է: Կյանքը բավականին դժվար է, և երբեմն շիտակ ասված խոսքը կարող է միայն վնասել»:

 

Ներկարարյանը վերհիշում է մի զվարճալի պատմություն, երբ առաջին դասարանում իր բարբառով արտասանած «կանանչը» ուսուցիչը  փորձել է դարձնել կանաչ: «Ես չէի հասկանում, թե ինչու իմ լսած կանանչը պետք է դառնա կանաչ, ինձ թվում էր, որ միայն այդ ն-ի միջոցով կարելի է ցույց տալ մեր գյուղի կանաչը:  Ես պնդում էի ուսուցչիս՝ ոչ թե կանաչ է, այլ կանանչ»,- ժպիտով և կարոտած պատմում է նա:

 

Պրոֆեսորը սիրով, հարգանքով խոսում է գյուղում ապրող մարդկանց մասին և ընդգծում գյուղի  ու քաղաքի  տարբերությունը. «Գյուղացիները պարզ են, շիտակ, գյուղացու այն տրամաբանությունը, որ սա իր դաշտն է, պետք է հողը հերկել, ցանել, հետո բերքը հավաքել, կենտրոնացնում է մտածողությունը, գիտնականների տրամաբանությունը ևս այսպիսին է, նրանք կենտրոնանում և երկար ժամանակ աշխատում  են մի խնդրի վրա: Պատահական չէ, որ  լավագույն գիտնականներից շատերը ծագումով գյուղացի են: Ի տարբերություն գիտնականի՝ քաղաքական գործիչը պարտավոր է հաշվի առնել ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական խնդիրները .  սա ենթադրում է քաղաքային մտածողություն. դա է պատճառը, որ ես դարձա գիտնական և  գոհ եմ իմ ընտրած ճանապարհից»,- ավելացնում է նա:

 

Ներկարարյանը նշում է, որ շուտով մեկնելու է Դանիա և ափսոսում, որ ամռանը չի հասցնի գնալ հայրենի գյուղ: «Եթե հնարավորություն լիներ, ես կվերադառնայի  և հաճույքով կապրեի այնտեղ»,- ավելացնում է դեկանը: 


Անգին Խաչատրյան