11.04.2018 | 
Կրթություն
«ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԸ ՆԱԽԵՎԱՌԱՋ ԾՆՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ». ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ
«ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԸ ՆԱԽԵՎԱՌԱՋ ԾՆՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ». ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ
Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում «Կոնֆլիկտի ընկալման հիմնախնդիրները» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դոցենտ Խաչիկ Գալստյանը:

Դասախոսությունը կազմակերպվել էր Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից նախաձեռնած «Մերօրյա հակամարտություններ» խորագրով դասընթացաշարի շրջանակում:

 

Մեզ հետ զրույցում ֆակուլտետի ՈՒԳԸ-ի քարտուղար Մելինե Պետրոսյանն պատմեց, որ դասընթացաշարի նպատակն է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներին ծանոթացնել հակամարտություններին. «Այն կտևի մոտ մեկ ամիս: Շաբաթական մեկ կամ երկու դասախոսություն կկազմակերպենք: Բանախոսներն այս ոլորտում մասնագետներ են»:

 

Դասախոսության ընթացքում Խաչիկ Գալստյանն ասաց, որ կոնֆլիկտները հարաբերությունների այնպիսի դաշտ են, որին մենք բախվում ենք մեր առօրյա կյանքում գրեթե ամեն օր. «Կոնֆլիկտների վերաբերյալ յուրաքանչյուր մեկնաբանություն տրամագծորեն տարբերվում է մյուսից: Հատկապես տարբերվում է սոցիալական ոլորտում առաջացած կոնֆլիկտը, իսկ քաղաքականությունը հենց այդ ոլորտում է,  որը չափազանց սուբյեկտիվ տարրեր է ներառում իր մեջ: Կոնֆլիկտը պայմանավորված է մարդկային գործոնով, այսինքն՝ մարդն է հիմնական դերակատարը, իսկ մենք գիտենք, որ մարդը սուբյեկտիվ էակ է»:

 

 

Խաչիկ Գալստյանը փաստեց, որ հակամարտության մեջ ներգրավված յուրաքանչյուր կողմ միևնույն երևույթի մասին ունի տարբեր մեկնաբանություններ. «Օրինակ՝ մեզ մոտ աշխարհի ֆիզիկական և քաղաքական քարտեզները բովանդակային առումով միանգամայն տարբերվում են Ամերիկա աշխարհամասի բնակիչների համար նախատեսված քարտեզներից: Մեզ համար աշխարհի կենտրոնը Եվրասիան է, իսկ նրանց համար՝ Ամերիկան»:

 

Բանախոսը փաստեց, որ կոնֆլիկտների դեպքում տարբեր վարքագծեր են դրսևորվում. «Կոնֆլիկտները քաղաքականության մեջ տարբեր ձև են դրսևորվում: Պետք է փաստել, որ կոնֆլիկտները նախևառաջ ծնվում են մարդկանց գիտակցության մեջ: Այսինքն՝ կոնֆլիկտը գիտակցական ակտ է: Պատերազմները նույնպես մարդկանց գիտակցության մեջ են ծնվում, և խաղաղության հասնելու համար պետք է փոխել մարդկանց գիտակցությունը»:

 

Խաչիկ Գալստյանը դասախոսության ընթացքում անդրադարձավ նաև կոնֆլիկտների հոգեբանական ասպեկտներին, դրանց լուծմանը հասնելու ուղիներին և պատասխանեց ուսանողների հարցերին:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց «Հայկական քիմիական ուսանողական օլիմպիադան»:
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում դեկտեմբերի 10-ից 14-ը տեղի կունենա դասախոսությունների շարք, որը կվարի Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի լեզվաբանության ինստիտուտի ռուսաց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, բ․գ․դ․ Ելենա Բուտորինան։