16.05.2007 | 
Կրթություն
ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ
ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ
Լավագույն շրջանավարտները աշխատանքի կանցնեն «Սինոփսիս - Արմենիա» ընկերությունում եւ կարող են ստանալ մինչեւ 1200 դոլար աշխատավարձ:

Այս հեռանկարը բավական ոգեւորել է Երեւանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի եւ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներին: «Սինոփսիս» ընկերության եւ ԵՊՀ-ի համատեղ ուսուցման ծրագիրը տվեց իր առաջին շրջանավարտները:

Մեկուկես տարի առաջ ընկերությունը մրցույթ էր հայտարարել ռադիոֆիզիկայի եւ ֆիզիկայի ֆակուլտետների 15 ուսանողների համար` նրանց ընդգրկելու «Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում» ուսումնական ծրագրում: Հաշվի էին առնվում ոչ միայն ուսանողի առաջադիմությունը, այլեւ մասնագիտական եւ մարդկային որակները: Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Յուրի Վարդանյանն ասաց, որ «Սինոփսիս» ընկերության պահանջները եւ կրթական համակարգը բավական տարբեր են բուհում առկա կրթական համակարգից: Այստեղ, ի տարբերություն բուհական ակադեմիական մոտեցումների, կարեւորվում են գործնական պարապմունքները:

« Շուկայական տնտեսվարության պայմաններում կադրերի պատրաստումն էլ նոր խնդիրներ է բերում: Այն ընկերությունները, ուր ապագայում պետք է աշխատեն մեր ուսանողները, իրենց ծրագրերն ու պահանջներն են դնում: «Սինոփսիսը» ոչ միայն պահանջում է, այլեւ համագործակցելով ԵՊՀ-ի հետ` իր համար ապագա կադրեր է պատրաստում»,- ասաց դեկանը:

Այսօր այդ ծրագրի առաջին շրջանավարտները հանձնում էին ավարտական քննություններ: Ավարտական քննությունների հանձնաժողովի նախագահ, «Սինոփսիս-Արմենիա» ընկերության ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը վստահ է, որ իրենք շատ լավ ուսանողներ են ընտրել: Նրանցից երեքն արդեն աշխատում են «Սինոփսիսում», հետագայում էլ լավագույնները կանցնեն աշխատանքի:

«Մենք այսքանով չենք սահմանափակվի: Սեպտեմբերից կիրականացվի նաեւ մագիստրոսական ծրագիր, ուր կընդգրկվեն այսօրվա լավագույն շրջանավարտները»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Շրջանավարտներից մեկը` Նարեկ Աղեկյանը, պատրաստվում է անպայման հայտ ներկայացնել` մագիստրատուրայում ուսումը շարունակելու համար: Համակուրսեցիներից բոլորն էլ բարձր գնահատականներ ունեն, եւ Նարեկը վստահ է, որ բոլորն էլ արժանի են մագիստրատուրայում սովորելու: «Բուհական ծրագիրը բավական տարբեր է մեր ուսումնասիրած ծրագրից, բայի այդ` ունենք նաեւ հենց ընկերությունից հրավիրված դասախոսներ,ովքեր մեզ հենց կիրառական գիտելիքներ են տալիս»,- պատմում է Նարեկը:

Մասնագիտական կրթություն չունեցողների համար նշենք, որ գերմեծ ինտեգրալային սխեմաների նախագծումը ենթադրում է նաեւ բջջային հեռախոսների, թվային ձայնագրիչների նախագծում:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ
«Էրազմուս+» ծրագրի «MODEST» նախագծի շրջանակում կազմակերպված միջազգային դոկտորական դպրոցը համախմբում է աշխարհի մի շարք համալսարանների ներկայացուցիչների, որոնք կարդալու են տարաբնույթ դասախոսություններ՝ դոկտորական կրթության զարգացման, դասավանդման մեթոդաբանության և միջմշակութային հաղորդակցության վերաբերյալ:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՍՏԱՑԱՆ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐ ԵՎ ՎԶԿԱՊՆԵՐ
Սոցիալական մանկավարժի միջազգային օրվա առթիվ ԵՊՀ մակավարժության և կրթության զարգացման կենտրոնում կայացավ առաջինկուրսեցիների երդման հանդիսավոր արարողություն, որի ընթացքում նրանց հանձնվեցին կրծքանշաններ և խորհրդանշական վզկապներ։