23.11.2017 | 
Կրթություն
ՔԻԼԻԱՆ ՎԱՎՈՒ. «ԵՐԲԵՄՆ ՄԵԶ ՀԵՆՑ ՄԻ ՔԱՅԼ Է ՊԵՏՔ ՍԹՐԵՍՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
ՔԻԼԻԱՆ ՎԱՎՈՒ. «ԵՐԲԵՄՆ ՄԵԶ ՀԵՆՑ ՄԻ ՔԱՅԼ Է ՊԵՏՔ ՍԹՐԵՍՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում Ամստերդամի VU համալսարանի դոկտոր, միջազգային HR մասնագետ Քիլիան Վավուի հետ:

Հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և Բանկային կառավարման դպրոցի (Banking Management School - BMS) համագործակցության շրջանակում: Դոկտոր Վավուն հանդիպման ընթացքում հանդես եկավ «Աշխատանքային սթրեսի կառավարում» խորագրով դասախոսությամբ և ներկայացրեց աշխատանքային սթրեսի կառավարման մեխանիզմները:

 

Քիլիան Վավուն  երկար տարիներ տարբեր ՄՌԿ (մարդկային ռեսուրսների կառավարում) ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Հոլանդիայում, Մոնակոյում, Բելգիայում և Հնդկաստանում։ Նա աշխատել է հոլանդական ABN-AMRO բանկում որպես ՄՌԿ ղեկավար, եղել է նաև բանկի արևմտյան ու հարավային Եվրոպայի գլխավոր գործընկերը: 2010 թվականին ստացել է իր դոկտորական կոչումը Ամստերդամի VU համալսարանում։ Ներկայումս որպես պրոֆեսոր աշխատում է հոլանդական VU և ամերիկյան Webster համալսարաններում: Կարդում է դասախոսություններ 6 լեզուներով: 

 

Բացի այդ՝ շուրջ 12 տարի է, ինչ մասնագետը տնօրինում է նաև Ամստերդամի VU համալսարանին կից «Human Research» ընկերությունը, որն աշխարհի ավելի քան 12 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում շուրջ 17.000 աշխատակիցների շրջանակներում իրականացնում է աշխատակիցների հավատարմության և արդյունավետության հետազոտություններ:

 

Հանդիպման սկզբում ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, հույս հայտնեց, որ միջոցառումն արդյունավետ կլինի, իսկ համագործակցությունը՝ շարունակական:

 

 

Քիլիան Վավուն իր դասախոսության ընթացքում, խոսելով մարդկային ռեսուրսների կառավարման մասին, այն սահմանեց որպես ռազմավարական և համաձայնեցված մոտեցում կազմակերպության ամենաարժեքավոր ակտիվների՝ աշխատակիցների կառավարմանը.  «Ռազմավարական ասելով նկատի ունենք, որ դրա արդյունքում պետք է հասնել ինչ-որ բանի, իսկ դա հենց ձեր կազմակերպության բիզնես նպատակն է»:

 

«Եթե դուք ուզում եք դառնալ մարդկային ռեսուրսների կառավարման լավ մասնագետ, ապա պետք է լավ իմանաք ձեր կազմակերպության հիմնական նպատակները և օգնեք, որ աշխատակիցները գնան հենց այն ճանապարհով, որը տանում է դեպի նպատակների իրականացում: Մեզ հենց դրա համար են վճարում»,- հանդիպման ընթացքում ասաց HR մասնագետը:

 

Քիլիան Վավուն խորհուրդ տվեց նաև համապատասխանեցնել կառավարման մեխանիզմները միջավայրին. «Հիշե՛ք, որ ժամանակի ընթացքում շատ բան է փոխվում, ինչի արդյունքում փոխվում է նաև մարդկանց վարքագիծը, իսկ եթե դուք դա հաշվի չառնեք, ձեր կառավարումը սխալ կլինի և անարդյունավետ: Հիշե՛ք նաև, որ ձեր պլանավորումը պետք է նույնքան համալիր ձևով լինի, որքան ձեր կազմակերպությունն է»:

 

Մասնագետը, խոսելով սթրեսի մասին, ասաց, որ հոգեբանական տեսանկյունից այն դիտարկվում է ո՛չ չափազանց բացասական և ո՛չ էլ դրական երևույթ. «Սթրեսներն օգնում են գոյատևել, բայց դրանց շատ առկայությունը արդեն վնասակար է: Շատ սթրեսներ էներգիայի անկման են հանգեցնում, ինչը, իհարկե, ազդում է աշխատունակության արդյունավետության վրա: Ձեզանից պահանջվելու է կառավարել նաև սթրեսները»:

 

«Եթե մի բան ճնշող է, և այն կարող է հանգեցնել սթրեսի, պետք է անպայման որևէ բան անել՝փորձել փոխել իրավիճակը կամ խուսափել դրանից: Մի անգամ իմ դիմաց կանգնեց ինչ-որ մեկը ու փակեց տեսադաշտս: Ես սկսեցի բղավել, հետևիցս ինչ-որ մեկն ասաց, որ կարող եմ մի քայլ աջ գնալ ու նորից տեսնել: Երբեմն մեզ հենց մի քայլ է պետք սթրեսներից խուսափելու համար: Փորձե՛ք տիրապետել ձեզ ու խորը շնչեք»,- եզրափակեց մասնագետը:

Այլ նորություններ
ԱՊԱԳԱ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԸ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողների համար վարպետության դաս անցկացրեց Վրաստանի համաժամանակյա (синхрон) թարգմանիչների (գիտաժողովային) միության հիմնադիր Գոգա Ասկուրավան:
ԵՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԷՐ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպեց հայաստանյան բուհերի ուսանողական կառույցների և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: