01.09.2008 | 
ԱՌԱՋԻՆ ԴԱՍԸ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ
ԱՌԱՋԻՆ ԴԱՍԸ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ
«Մայր բուհն ամեն տարի իր առաջին կուրսեցիներին առանձնակի հուզմունքով ու մեծ ոգեւորությամբ է սպասում»:
Այս խոսքերով ողջունեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը ֆակուլտետի դահլիճում հավաքված առաջին կուրսեցիներին եւ նրանց ծնողներին: Արծրուն Ավագյանը վստահ է, որ նորեկ համալսարանականներն արժանի կլինեն «Երեւանի պետական համալսարանի ուսանողի» բարձր կոչմանը եւ կսիրեն Մայր բուհը: Ֆակուլտետի դեկանն առաջին կուրսեցիներին նաեւ հիշեցրեց. «Հիշե´ք, սիրելիներս, դուք Մայր բուհի Մայր ֆակուլտետի ուսանողներն եք եւ պարտավոր եք փառքով ու պսակով պահել ու պահպանել մեր ֆակուլտետի հին ու նոր առաքելությունը»: Առաջին կուրսեցիներին ողջունելու էին եկել նաեւ ֆակուլտետի Հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, Հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանը, դասախոսներ: ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում ձեւավորված ավանդույթն այս տարի եւս անակնկալի բերեց առաջին կուրսեցիներին: Նրանք իրենց առաջին դասն անցկացրին Կոմիտասի անվան պանթեոնում, իսկ ուսանողական գրքույկները կստանան Խ. Աբովյանի անվան տուն-թանգարանում: Ի դեպ, ԵՊՀ ընդունված բոլոր առաջին կուրսեցիները դատարկաձեռն չհեռացան համալսարանից: ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը նորեկ համալսարանականների համար պատրաստել էր ԵՊՀ-ի մասին պատմող տեղեկատվական նվեր-փաթեթներ, որոնք միջոցառման ժամանակ բաժանվեցին առաջին կուրսեցիներին: «Հրաշալի մտահղացում էր,- ասում է Հայ բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Գոհար Բալյանը,- ճիշտն ասած` անսպասելի էր: Մենք հասկացանք, որ համալսարանը, ուսանողական առաջին օրվանից սկսած, մեր մասին մտածում է»: