02.10.2017 | 
Հասարակություն
«ՄԵՆՔ ՄԵԾ ՋԱՆՔԵՐ ԵՆՔ ՆԵՐԴՆՈՒՄ, ՈՐՊԵՍԶԻ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ»
«ՄԵՆՔ ՄԵԾ ՋԱՆՔԵՐ ԵՆՔ ՆԵՐԴՆՈՒՄ, ՈՐՊԵՍԶԻ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ»
Սեպտեմբերի 30-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինի հանդիպումը Մայր բուհի ուսանողների հետ:

ԵՊՀ գիտքարտուղարության և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը,  պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի նախկին տեղակալ, ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

 

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչՔրիստիան Վիգենինը ուսանողների հետ հանդիպման սկզբում նշեց, որ երկրորդ անգամ է այցելում Հայաստան. «Այս անգամ իմ այցելության շրջանակում նախատեսվում էր հանդիպումներ քաղաքական գործիչների հետ, բայց ես ցանկություն հայտնեցի հանդիպել նաև այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ևս: Հատկապես ուզում եմ նշել, որ հանդիպել եմ Թալիշից մարդկանց հետ, ովքեր մեծապես տուժել են ապրիլյան բախումների արդյունքում, ու զրուցել նրանց հետ»:

 

Քրիստիան Վիգենինի խոսքերով՝ ինքն արդեն հասցրել է հանդիպել նաև հարևան Ադրբեջանի և Վրաստանի՝ բախումներից տուժած մարդկանց հետ, զրուցել նրանց հետ ևս. «Այլ բան է, երբ որևէ կոնֆլիկտի մասին կարդում ես, տեղեկություններ հավաքում, որոշակի պատկերացում կազմում, և այլ է, երբ հանդիպում ես այդ կոնֆլիկտից տուժած մարդանց հետ ու փորձում լուծումներ գտնել: Մենք մեծ ջանքեր ենք ներդնում, որպեսզի կարողանանք խաղաղություն հաստատել հարևան երկրների միջև: Կարծում եմ, որ խաղաղության և համագործակցության արդյունքում տարածաշրջանը ավելի շատ բանի կարող է հասնել: Ըստ իս՝ մարդիկ թշնամի չեն, բոլորս ծնվել ենք սիրելու, այլ ոչ թե ատելու համար»:

 

Վիգենինն ապագա միջազգայնագետներին խորհուրդ տվեց յուրաքանչյուր հարցի վերաբերյալ առավել խորությամբ ու տարբեր տեսանկյուններից մտածել. «Եթե դուք էլ ցանկանում եք ապագայում վերհանել ինչ-որ խնդիրներ, պետք է խորությամբ ուսումնասիրեք դրանք, հասկանաք, թե պատմականորեն ինչ որոշումներ են ազդել և ազդում դրանց ընթացքի վրա»:

 

Հանդիպման ընթացքում Քրիստիան Վիգենինը պատասխանեց նաև ուսանողների հարցերին, որոնք մեծապես առնչվում էին Արցախյան հիմնախնդրին:

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՂԹԵԼ ԵՆ 2 ՄՐՑՈՒՅԹՆԵՐՈՒՄ
Դեկտեմբերի 9-10-ը Երևանի «ԴաբլԹրի Բայ Հիլթն» հյուրանոցում անցկացվեց «Բանկային իրավունքի դատախաղ» մրցույթի բանավոր փուլը:
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ  ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ-ում հյուրընկալվել էին հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանն ու Մաքսիմ Մանուկյանը: