04.05.2011 | 
Հասարակություն
ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԵՏՔ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՃԱՆԱՉԵԼ, ԱՅԼԵՎ ԶԳԱԼ
ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԵՏՔ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՃԱՆԱՉԵԼ, ԱՅԼԵՎ ԶԳԱԼ
Այսօր մեկնարկեց Քեյթի Գունդակչյանի լուսանկարների համշենյան շարքը:

«Լեռնապատում հայոց. Համշեն» խորագրով ցուցահանդեսը տեղի ունեցավ ԵՊՀ Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահում: Այն նվիրված է ՀՀ անկախության 20 եւ ԵՊՀ գրադարանի 90-ամյակներին: Լուսանկարները թույլ են տալիս մտովի տեղափոխվել Արեւմտյան Հայաստան այն մարդկանց, ովքեր երբեւէ չեն ունեցել մեր կորցրած հայրենիք այցելելու հնարավորություն: ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի աղբյուրագիտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Քեյթի Գունդակչյանի թվով հինգերորդ անհատական ցուցահանդեսը նրա` 2010 թ-ին Համշեն կատարած առաջին այցի արդյունքն է: Լինելով ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչ եւ ունենալով ոչ պրոֆեսիոնալ փոքրիկ տեսախցիկ` նա փորձել է իր լուսանկարների միջոցով ներկայացնել Համշենի հայկական կոթողները, որոնք այնքան էլ շատ չեն, իսկ եղածներն էլ ամբողջությամբ չեն պահպանվել խոնավության պատճառով:

 

Քեյթի Գունդակչյանը նշում է, որ իր ցուցահանդեսն ունի ճանաչողական նպատակ. այդպիսի լուսանկարները հայ ժողովրդի եւ հայոց պատմության անքակտելի մասն են եւ թույլ չեն տա մոռանալ մեր ունեցած հիշողությունները. «Դրանց շնորհիվ հայ երիտասարդները ոչ միայն ճանաչում են Արեւմտյան Հայաստանը` մեր հայրենիքի անբաժանելի մասնիկը, այլեւ զգում են այն»: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաեւ Քեյթի Գունդակչյանի գրքերը` «Հայերեն-թուրքերեն», «Թուրքերեն-հայերեն» բառարանները եւ «Հայերեն-թուրքերեն» զրուցարանը: «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, ով նույնպես ներկա էր միջոցառմանը, գտնում է, որ թե´ ցուցադրված լուսանկարները, թե´ ներկայացված գրքերը հաղորդակցման միջոց են հարեւան ժողովուրդների ու հայ եւ թուրք հասարակությունների համար. «Բառարանները եւ զրուցարանը կամուրջ են հարեւան ժողովուրդների միջեւ. հարեւանը պետք է խոսի հարեւանի հետ` անկախ անցյալի հիշողություններից, նույնիսկ պետք է խոսել հենց այդ անցյալից, որովհետեւ հաղորդակցման բացակայությունը բերում է կոնֆլիկտի»:

 

Իր գործունեությանն աջակցելու համար Քեյթի Գունդակչյանը երախտագիտություն հայտնեց ԵՊՀ արհկոմիտեին եւ գրադարանին, որոնք, ի դեպ, միջոցառման կազմակերպիչներն էին, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանին, «Անտարես» հրատարակչությանը, «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբին եւ հույս հայտնեց, որ ինքը կրկին հնարավորություն կունենա այցելելու Արեւմտյան Հայաստան, եւ կլինեն նորանոր ցուցադրություններ:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր «Տուրիզմի զարգացման հեռանկարները ՀՀ-ում և թափուր աշխատատեղեր» խորագրով հանդիպում «Արշավներ ակումբ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանի հետ:
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ ԵՊՀ-Ի ԵՎ ՄՊՀ-Ի ՄԻՋԵՎ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ստորագրել են եռակողմ համագործակցության հուշագիր՝ ապահովելու երկու կառույցների միջև տնտեսագիտության և կառավարման ոլորտներում անհրաժեշտ համագործակցությունն ու նպաստելու ուսանողների գիտելիքների, գործնական հմտությունների ու կարողությունների զարգացմանը: