25.09.2020 | 
Գիտություն
«ՔՐԴԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»․ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՎ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
«ՔՐԴԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»․ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՎ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Քրդերն ու Իրաքյան Քուրդիստանը տարածաշրջանային զարգացումների համատեքստում» խորագրով գիտաժողով:

Գիտաժողովի ընթացքում կայացավ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի կողմից պատրաստված, ՀՀԻ հայ-քրդական առնչությունների բաժնի ղեկավար Վահրամ Պետրոսյանի խմբագրությամբ լույս տեսած «Քրդագիտական հետազոտություններ» շարքի «Քրդական գործոնը և հայ-քրդական առնչությունները տարածաշրջանային զարգացումների համատեքստում» գրքի (հոդվածների ժողովածուի) շնորհանդեսը։



Հանդիպմանը ներկա էին ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը, Երևանի պետական համալսարանի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը, ինչպես նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ։

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ԵՊՀ ՀՀԻ հայ-քրդական առնչությունների բաժնի ղեկավար, Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, «Քրդական գործոնը և հայ-քրդական առնչությունները տարածաշրջանային զարգացումների համատեքստում» գրքի առաջին հատորի առաջաբանի հեղինակ և գիտական խմբագիր Վահրամ Պետրոսյանը։ Նա ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց «Քրդագիտական հետազոտություններ» շարքի անդրանիկ գրքի շնորհանդեսին ներկա գտնվելու համար։ Վ.Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց նաև ԵՊՀ ՀՀԻ տնօրեն Արամ Սիմոնյանին՝ բաժնի ստեղծման հարցում աջակցության համար։



«Մեր տարածաշրջանում ընթանում են փոխակերպման միտում ունեցող գործընթացներ։ Այս գործընթացների շրջանակում կարևորվել է քրդական գործոնը, որի ակտիվացումը Մերձավոր և Միջին Արևելքում առաջ է բերում հայ-քրդական առնչությունների վերաարժևորման»,- նշեց նա։

Վ.Պետրոսյանը նշեց, որ քրդագիտական նմանօրինակ ժողովածու վերջին անգամ տպագրվել է խորհրդային շրջանում։ Նրա խոսքով, ժողովածուի ստեղծումն ու տպագրությունը միտված է վերստեղծել այն բարի ավանդույթը, որ ուներ հայկական քրդագիտական դպրոցը։



«Հանդիսանալով Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ՝ այս աշխատանքը ես ներկայացրել եմ ոչ միայն որպես խմբագրի կամ կազմակերպչի, այլև միջազգայնագետի տեսանկյունից»,- նշեց Վ․ Պետրոսյանը։

Վերջինս իր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեց ԵՊՀ-ին այս հնարավորությունն ընձեռելու համար և հրավիրեց ներկաներին մասնակցելու նոր հատորի նախագծմանն ու կազմմանը։

ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը ողջունեց գիտաժողովի մասնակիցներին։ Նա իր խոսքում անդրադարձավ քրդական հարցին, քուրդ ժողովրդի տեղաբաշխմանը և տարածաշրջանում քրդական գործոնին։



«Վերջին տարիներին տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում քրդական գործոնը չափազանց կարևոր նշանակություն է ձեռք բերել։ Քրդերին առնչվող ցանկացած զարգացում ուղղակի և անուղղակի ազդեցություն է ունենում Հայաստանի Հանրապետության անվտանգային միջավայրի վրա»,- նշեց պրոռեկտորը։ Նա խոսեց Հայաստանի հարևան երկրների տարածքում ապրող քրդերի և նրանց կարգավիճակի, վերջին քաղաքական և հասարակական զարգացումների և ընդդեմ Հայաստանի քրդական գործոնի շահարկման մասին։ Ըստ պրոռեկտորի՝ քրդական հիմնախնդրի խոր ու համապարփակ ուսումնասիրությունը չափազանց կարևոր է. «Հաշվի առնելով Հայաստանում բնակվող քուրդ ժողովրդի վերաբերյալ աճող գիտական հետաքրքրությունը՝ այս ժողովածուն կարևոր դերակատարում ունի հայագիտական հետազոտությունների շարքում»։

ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետ, պ․գ․դ․, պրոֆեսոր Արսեն Ավագյանը ողջունեց ներկաներին և շնորհավորեց ժողովածուի խմբագրին և հոդվածագիրներին գրքի լույս տեսնելու կապակցությամբ։ Նա կարևորեց հայ-քրդական առնչությունների ուսումնասիրությունը նաև ազգային անվտանգության տեսակետից. «Ես ուզում եմ հաջողություն մաղթել այս շատ կարևոր գործում և վստահ եմ, որ նոր աշխատանքներն ունենալու են ոչ միայն գիտական, այլև քաղաքագիտական նշանակություն ու ծառայելու են պրակտիկ գործունեությանը»։



Գիտաժողովի ներկաներին ողջունեցին և գրքի լույսընծայումը շնորհավորեցին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը և Արաբագիտություն ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը։



Նշենք, որ «Քրդագիտական հետազոտություններ» շարքի «Քրդական գործոնը և հայ-քրդական առնչությունները տարածաշրջանային զարգացումների համատեքստում» գրքի առաջին հատորը նվիրված է Երևանի պետական համալսարանի 100-ամյակին։

 

 

Մարինե Առաքելյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԸ՝ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ
Դեռևս մայիսին ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպել էր գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2020» մրցույթը:
ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԼԱԴԻՄԻՐ  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է
Այսօր լրանում է նշանավոր հայ ֆիզիկոս, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, ՀՀ վաստակավոր գիտնական, ակադեմիկոս Վլադիմիր Միքայելի Հարությունյանի ծննդյան 80-ամյակը: