21.06.2018 | 
Հասարակություն
ՊԱՏԵՐԱԶՄ, ԲՈՒԺՈՒՄ, ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎ ՏԱՌԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԵՐ՝ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԵՊՀ. Լ. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ՝ ԻՐ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ
ՊԱՏԵՐԱԶՄ, ԲՈՒԺՈՒՄ, ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎ ՏԱՌԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԵՐ՝ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԵՊՀ. Լ. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ՝ ԻՐ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ անվտանգության պետ Լյովա Առուստամյանի անցած ճանապարհի մասին քչերը գիտեն: Նրա ուղին սկսվում է պատերազմի դաշտից և հասնում է մինչև համալսարանում կարգ ու կանոնի պահպանում: Մեզ հետ զրույցում նա պատմեց իր անցած դժվարին ճանապարհի և համալսարանում սիրելի դարձած աշխատանքի մասին:

Առուստամյանը Սյունիքի մարզի Տաթև գյուղից է: Մայրը Շինուհարից է, հայրը՝ Տաթևցի: 1988 թվականի վերջին նա դառնում է Քոլատակում կազմավորված կամավորական ջոկատի անդամ: «Քեռիս այդ ջոկատի հրամանատարներից էր, և ես աստիճանաբար դարձա այդ ջոկատի անդամը, բոլորիս միավորում էր հայրենիքը»,- պատմում է Առուստամյանը:

Իսկ «Ալֆա» անվտանգության ծառայությունում իր աշխատանքը Լ. Առուստամյանը սկսել է դեռևս 90-ական թթ.-ից: ««Ալֆա»-ում մեծ ուշադրություն էին դարձնում անցածդ ճանապարհին, և պատահական չէր իմ՝ այդ ծառայության կազմում լինելը»,- հավելում է նա:


Նա 1993 թ.-ին մարմնական վնասվածք է ստանում, Հայաստանում անհրաժեշտ բուժում չստանալու պատճառով մեկնում է Ուկրաինա. «Վնասվածքներս լուրջ էին, բայց Դոնեցկում անհրաժեշտ բուժում ստացա, ապաքինվելուց հետո  զբաղվեցի մարդասիրական գործունեությամբ»: 


Առուստամյանը հիշում է, որ իր ճանապարհը շարունակվում է «Գվարդիական աստղ» ռազմահայրենասիրական կազմակերպությունում: Նա ոգևորությամբ պատմում է  կազմակերպության նախագահ Տիգրան Գրիգորյանի մասին: ««Կոմս» մականունով է հայտնի ու հզոր կերպար է»,- հավելում է Առուստամյանը:


Լյովա Առուստամյանը հինգ տարի ապրում է Բելգիայում և այնտեղ հիմնում  բռնցքամարտի հայկական դպրոցը, որտեղ պարապմունքներն անվճար էին. «Ես, այսպես ասած, համոզում էի հայերին, որ նրանց երեխաներն անպայման բռնցքամարտով զբաղվեն. չէ որ յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա իրեն պաշտպանել, քանի որ հայրենիքից դուրս վտանգը զգալի մեծ է»: Բռնցքամարտի դպրոցի հիմնումից հետո Առուստամյանը հայերին միավորում է տառաճանաչության դպրոցում. «Հաջորդ քայլը եղավ մեր հայրենակիցներին հայկական գրի ու գրականության հետ ծանոթացնելը»,- պատմում  է նա:


Անվտանգության պետը պատմում է նաև «12+1» սեղանի մասին, որի շուրջ հավաքվում են զինվորական ուղղով անցած մարդիկ. «Աստված չանի, եթե հայրենիքը վտանգի մեջ լինի, մենք միշտ պատրաստ ենք օգնության»: 

 


Որպես անվտանգության ծառայության պետ Առուստամյանը ԵՊՀ-ում աշխատում է 2014 թ.-ից: «Զինվորական եմ, սիրում եմ կարգ ու կանոնի հաստատում, քանի որ կարգ ու կանոնի պահպանումը դյուրին է դարձնում մարդկանց ապրելակերպը»: 


Նա նշում է, որ  սիրով է կատարում իր աշխատանքը. «Գուցե շատերին թվում է, թե ես չափից դուրս պահանջկոտ եմ, բայց պատճառն այն է, որ մեծ նվիրումով եմ կատարում իմ աշխատանքը»:

Անվտանգության պետը նշում է, որ շատ է սիրում ուսանողներին, օգնում է նրանց, խորհուրդներ տալիս: «Այսօրվա երիտասարդները նաև խորհրդի կարիք ունեն. չպետք է միայն պահանջել, այլ պետք է ստեղծել: Իզուր չեն հնուց եկած այն խոսքերը, որ պետք է տուն կառուցել, ծառ տնկել, իսկ իրենք պատրաստի տուն և ծառ են ուզում՝ առանց ներդրում ունենալու»,- ասում է Առուստամյանը:

Նա խորհուրդ է տալիս սիրել կյանքը, հասկանալ՝ որն է կյանքի նպատակը և հանուն ինչի  պետք է ապրել. «Ամենավատն այն է, որ հարցնում ես՝ ինչ ձգտումներ ունես, ինչի համար ես այդ քայլն անում, պատասխան չունեն: Կյանքը պետք է ճիշտ ապրել, չպետք է անընդհատ բողոքել ու դժգոհել, այլ պետք է աշխատել ու վայելել աշխատանքիդ սերմերը»:


Առուստամյանը նշում է, որ հաճախ է հետևում ԵՊՀ-ի մարզահամալիրում ուսանողների պարապմունքներին. «Ինքս էլ պարապում եմ և շատ ուրախանում, երբ նկատում եմ, որ ուսանողները փորձում են ընդօրինակել իմ կատարած վարժությունները»:


Առուստամյանն ունի երկու երեխա. դուստրն ամուսնացած է, իսկ որդին 16 տարեկան է. «Աշխատանքի բերումով քիչ եմ ժամանակ տրամադրում որդուս»,- անկեղծանում է նա:

Այն հարցին, թե որդին կշարունակի հոր ճանապարհը. «Չեմ կարծում՝ իմ անցած ճանապարհը շատ փշոտ ու դժվարին է եղել, ես չէի ցանկանա, որ տղաս այն շարունակեր»:

 

Անգին Խաչատրյան

 

 

Այլ նորություններ
50 ՏԱՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ.  ՊՐՈՖԵՍՈՐ  Գ.  ՀԱՋՅԱՆԸ  ԳՐԻԳՈՐ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ ՄԱՍԻՆ
«Հիանալի մարդ, հիանալի դասախոս, հիանալի գիտնական»: Այս խոսքերը, որով ուսանողները վերջին սոցհարցումների միջոցով գնահատել են ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, երկարամյա դասախոս Գրիգոր Ալավերդյանին, լավագույն նվերն են նրա ծննդյան 70-ամյակին:
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՆՇԵՑ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 14-ԱՄՅԱԿԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՎ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը «ISTC - Innovative Solutions and Technologies Center»-ում այսօր կազմակերպել էր ամենամյա երիտասարդական գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 14-ամյակին: