30.10.2009 | 
Քաղաքականություն, Կրթություն, Հասարակություն
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ 10 ՏԱՐԵԿԱՆ Է
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ  10 ՏԱՐԵԿԱՆ Է
Այսօր Ժուռնալիստիկայի ֆակուլտետում միաժամանակ մի քանի հոբելյան էին նշում:

Լրացավ Ֆակուլտետի հիմնադրման 10-ամյակը, ժուռնալիստիկայի բաժնի ստեղծման 60-ամյակը եւ հիմնադիր դեկան երջանկահիշատակ Գառնիկ Անանյանի ծննդյան 75-ամյակը: Հոբելյանական միջոցառումների այս շարքն առաջին հայացքից է միայն անհամատեղելի: Բայց, հաշվի առնելով այն հանգամանը, որ ֆակուլտետի հիմնադրումից (1999թ. հոկտեմբեր) ի վեր ֆակուլտետը շուրջ 8 տարի գլխավորել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Գառնիկ Անանյանը, կազմակերպիչները նպատակահարմար են գտել համատեղել այս երեք իրադարձությունները:

 

Հոբելյանական միջոցառման ընթացքում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պատվոգրեր հանձնեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մի շարք վաստակաշատ դասախոսների, ինչպես նաեւ` մի շարք լրատվամիջոցների այն աշխատակիցներին, ովքեր հիմնադրման օրվանից ակտիվորեն համագործակցել են ֆակուլտետի հետ: Արամ Սիմոնյանը շնորհավորեց բոլոր ներկաներին` հոբելյանի առթիվ ու հորդորեց ապագա լրագրողներին, որ «լրագրությունն իրենց համար ոչ թե զբաղմունք դարձնեն, այլ` կյանքի գործ»:

 

Ֆակուլտետին շնորհավորեցին ու Գառնիկ Անանյանի մասին հուշեր պատմեցին Ժուռնալիստների միության փոխնախագահը, Գրողների միության նախագահը, ֆակուլտետի ներկայիս դեկանն ու ամբիոնների վարիչները: «Ուղիղ 5 տարի առաջ էր, երբ այս նույն դահլիճում մեծ շուքով նշում էինք Գառնիկ Անանյանի ծննդյան 70-ամյակը:

 

Այն ժամանակ նա դեռ շատ երազանքներ ուներ, բայց Գառնիկ Անանյանի երազանքների գագաթնակետը հենց Ժուռնալիստիկայի ֆակուլտետն էր` իր իսկ հոգեզավակը»,- իր խոսքում նշեց ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը: Հանդիսության ավարտին տեղի ունեցավ նաեւ պետական պատվերով լույս տեսած «Վերադարձ ինքներս մեզ կամ ինքնության որոնումներ» խորագրով գրքի շնորհանդեսը, որը դեռեւս կենդանության օրոք տպագրության էր պատրաստել Գառնիկ Անանյանը:

 

«Այս գիրքը մի յուրօրինակ «կարապի երգ» դարձավ ասես: Գրքի ստեղծման բուռն շրջանում մահացավ նրա դուստրը` Մինան. դա շատ ծանր տարավ հեղինակը, եւ մահից առաջ գիրքը ձոնեց «աստվածային Մինային»,- հիշում է «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը: Հանդիսությունն ավարտեց հուզիչ նոտայով` Գառնիկ Անանյանի թոռնուհու տեսահոլովակով` նվիրված Մինային: Եվ ինչպես ԵՊՀ ռեկտորը նշեց` Ժուռնալիստիկայի ֆակուլտետում մշտապես թեւածելու է անանյանական ոգին:

Այլ նորություններ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՒՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր ապագա իրավագետների համար բանախոսությամբ է հանդես եկել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը:
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՍ ԵՎ ՈՐԱԿՆԵՐՍ ԿԻՍՈՒՄ ԵՄ ՇՐՋԱՊԱՏԻՍ ՀԵՏ. ԴԱ ԻՄ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է». ԺԱՍՄԵՆ ԱՂԱՍՅԱՆ
ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետ Ժասմեն Աղասյանի կյանքում համալսարանական արժեքներն ու բարքերը մեծ դերակատարություն են ունեցել: