Ժամանակակից բարձրագույն տեխնոլոգիաները զարգացել են այնպես, որ այն կարող է իրականություն դառնալ շատ մոտ ապագայում: Երեւանի պետական համալսարանի Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում Եվրամիության «Տեմպուս» ծրագրի շրջանակներում իրականացվում է նախագիծ, որի արդյունքում ԵՊՀ գրադարանում կներդրվի թվային կրթական պաշարների ձեւավորման միջավայր, ինչպես նաեւ` կպատրաստվեն հեռաուսուցման դասընթացներ:
Հոկտեմբերի 24-ին ԵՊՀ ռեկտորատը եւ «Տեմպուս»-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները վկայականներ շնորհեցին ԵՊՀ գրադարանում անցկացված դասախոսների վերապատրաստման երկշաբաթյա դասընթացի մասնակիցներին: ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը նշեց, որ ԵՊՀ-ի եւ «Տեմպուսի» միջեւ համագործակցությունը սկսվել է երկու տարի առաջ. «ԵՊՀ գրադարանը մոտ 194 հազար եվրո գրանտ է շահել Եվրամությունից` մեր բուհի գրադարանը համակարգչայնացնելու եւ այն կիրառելու հմտություն ձեռք բերելու համար»: Նա ավելացրեց, որ ԵՊՀ ղեկավարությունը մտադիր է բուհում ստեղծել հեռաուսուցման համակարգ` հատկապես հաշվի առնելով ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի, հայկական Սփյուռքի առկայությունը:
«Հեռաուսուցման դաընթացները շատ կարեւոր են ԵՊՀ-ի` Բոլոնիայի գործընթացին ինտեգրվելու ճանապարհին,- ասաց ծրագրի պատասխանատու Տիգրան Զարգարյանը:- Այս դասընթացներին մասնակցել են ԵՊՀ 10-12 ֆակուլտետի 27 դասախոսներ: Դասընթացը շարունակական է լինելու եւ ավարտվելու է 2007 թ. օգոստոսին»:
Ալեքսանդր Գրիգորյանի խոսքով` բոլոր մասնակիցներն էլ երիտասարդ են ու հեռանկարային: Բացի տվյալ համակարգից օգտվելու կարողությունը, այս ծրագրին մասնակցած դասախոսները սեփական դասընթաց պատրաստելու հմտություններ ձեռք կբերեն:
Ըստ «Տեմպուս»-ի հայաստանյան գրասենյակի ներկայաուցիչ Լանա Կարլովայի` գրադարանին նվիրված ծրագիր կազմակերպությունն առաջին անգամ է իրականացնում: «Հուսով եմ` այն լավ օրինակ կլինի, ու նման ծրագրեր կիրագործվեն նաեւ այլ բուհերում: Գրադարանը բավական մեծ ու բարդ կառույց է, ու նրա համակարգչայնացումը կարեւոր եւ օգտակար կլինի բոլորիս համար»:
Առիթն օգտագործելով` «Գրադարանավարի օրվա» առթիվ ԵՊՀ ղեկավարությունը պատվոգրեր հանձնեց գրադարանի աշխատակիցներին: «Շատ կարեւոր է, որ արած գործը տեսնեն ու գնահատեն»,- ասաց ԵՊՀ գրադարանի տնօրեն Աշոտ Ալեքսանյանը: Պատվոգրեր ստացան գրադարանային գործում երկարամյա փորձ ունեցող եւ մեծ ավանդ ներդրած աշխատակիցները:

«Լավագոյն գրաբարագէտ» խորագրով օլիմպիադայի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության ժամանակ առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակակիրներն արժանացել են պարգևների, մնացած մասնակիցները՝ շնորհակալագրերի և խրախուսական մրցանակների:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդն առաջին անգամ կազմակերպում է «Գարնանային մեդիադպրոց» մեկշաբաթյա ծրագիրը, որի նպատակն է դիմորդներին ծանոթացնել մասնագիտությանը, բուհին և ֆակուլտետին: