16.12.2008 | 
Ուսանողական, Գիտություն, Հասարակություն
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԻՐԱՐ ՉԵՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԻՐԱՐ ՉԵՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ
ԵՊՀ ուսանողներն առաջարկում են բնապահպանական խնդիրների լուծման իրենց տարբերակները:

Այսօր ԵՊՀ-ում մեկնարկեց երկօրյա ուսանողական գիտաժողով, որի թեման էր «Բնապահպանական եւ բնօգտագործման հիմնախնդիրները Հայաստանում»: Մասնակցում էին Աշխարհագրության եւ երկրաբանության, Քիմիայի եւ Կենսաբանության ֆակուլտետների ուսանողները: Գիտաժողովի ընթացքում հնչած 24 զեկույցները բնապահպանության ամենատարբեր ոլորտներ էին ներկայացնում` «Զբոսաշրջությունը եւ կայուն զարգացումը Հայաստանում», «Ֆոտոքիմիական պրոցեսների էկոլոգիական նշանակությունը», «Աղմուկի մոնիտորինգի իրականացումը ԵՊՀ-ում», «Թեղուտի անտառներում աճող սնկերի կենսաբազմազանության պահպանման հեռանկարները» եւ այլն: «Փորձել ենք այնպիսի թեմա ընտրել, որ կարողանանք մի քանի ֆակուլտետներ ընդգրկել:

 

Դրա համար կանգ առանք բնապահպանական ու բնօգտագործման խնդիրների վրա: Մեր կարծիքով` թեման բավական արդիական է, մանավանդ վերջին տասնամյակում բնապահպանությանը համաշխարհային մակարդակով մեծ տեղ է հատկացվում, Հայաստանն էլ անմասն չի կարող մնալ: Ուստի հետաքրքիր էր ուսանողների տեսակետը հայաստանյան բնապահպանական խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Կարծում եմ` վերջում որոշակի եզրահանգումների կգանք»,- ասաց ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Կառլեն Խաչատրյանը:

 

Սոցիալ –տնտեսական աշխարհագրության ամբոնի հայցորդ Տիգրան Սարգսյանն իր զեկուցման մեջ առաջ էր քաշել Հայաստանում տուրիզմի զարգացման խնդիրները: Նա վերլուծել է առկա դժվարություններն ու առաջարկել դրանց հաղթահարման սեփական տարբերակը: Նա կարծում է, որ մեր երկրում կարելի է զարգացնել էթնոտուրիզմը` դարավոր ավանդույթների ցուցադրմամբ, հատկապես մարզերում, կամ կարելի է Արենիում զարգացնել գինու տուրիզմը` Շվեյցարիայի պանրի տուրիզմի օրինակով:

 

«Այն ուսանողները, որոնք մասնակցում են նման աշխատանքների, փայլուն ապագա ունեն:Ես կուզենայի, որ այդ աշխատանքները ավելի խորը բնույթ կրեին, որպեսզի անգամ մի քանի տարի անց դրանք կարողանան լուրջ քննություն բռնել մասնագետների մոտ»,- բացման խոսքում ասաց Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը: Գիտաժողովից հետո զեկույցների մի մասը, որոնք կերաշխավորվեն համապատասխան ամբիոնների կողմից, կներկայացվեն տպագրության: Կազմակերպիչները հուսով են, որ դրա միջոցով պատկան մարմինները եւս կծանոթանան եզրակացություններին ու առաջարկներին:

Այլ նորություններ
«ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵՐՊԱՐԸ XX ԴԱՐԻ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՎԵՍՏՈՒՄ» ԳԻՐՔԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՄՈՏԵՆԱԼՈՒ ՆՈՐ ՈՒՂԵՆԻՇ
ՀՀ նկարիչների միության մեծ սրահում այսօր տեղի են ունեցել ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև հայ արդի նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը:
 «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 7-ՐԴ ՀԱՄԱՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Գիտական Արցախ» պարբերականի 2020 թ. 4-րդ (ընդհանուր առմամբ 7-րդ) համարի քննարկումը խմբագրական խորհրդի անդամների և հոդվածագիրների հետ։