05.10.2011 | 
Կրթություն
ԱՄԵՐԻԿԱՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐՔԵՏՈԼՈԳԸ ԵՊՀ-ՈՒՄ
ԱՄԵՐԻԿԱՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐՔԵՏՈԼՈԳԸ ԵՊՀ-ՈՒՄ
«Bully Pulpit Interactive» ընկերության տնօրեն Բեն Քոֆեյ Քլարկը վարպետության դաս վարեց ուսանողների համար:

Երեկ ԵՊՀ-ում «Քաղաքականությունը եւ լրատվությունը» թեմայով փոքրիկ դասախոսություն կարդաց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` 2008 թ-ի նախընտրական թվային մարքետինգով զբաղված, ԱՄՆ դեմոկրատական կուսակցության թվային մարտավարությամբ եւ այդ բրենդի մարքետինգն իրականացնող ամերիկյան «Bully Pulpit Interactive» ընկերության գործադիր տնօրեն Բեն Քոֆեյ Քլարկը, ով նաեւ պատվիրատուների սպասարկման եւ նոր բիզնեսների մշակման հարցերով պատասխանատուն է: Վերջինս քաղաքական գովազդներ պատրաստելու, համացանցում նախագահական ընտրարշավները համակարգելու շուրջ 7 տարվա փորձ ունի: Հանդիպմանը, որը կազմակերպել էր Միջազգային համագործակցության վարչությունը, ներկա էին Միջազգային հարաբերությունների, Սոցիոլոգիայի եւ Ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողները: Ըստ «Bully Pulpit Interactive» ընկերության գործադիր տնօրենի` անհնար է ներկայումս քաղաքական ակտիվ գործունեություն վարել` առանց հաշվի առնելու թվային տեխնոլոգիաների զարգացումը. «Այժմ ձեզանից գուցե ոչ բոլորն են բլոգներ կարդում, անձամբ գրառումներ կատարում, ակտիվորեն օգտվում սոցիալական ցանցերից, բայց եթե մի քանի տարի անց հանդիպենք, ապա պատկերը հաստատ այլ կլինի: Ամերիկայում բոլորն են օգտվում Facebook-ից, Skype-ից ու MySpace-ից, այնպես որ` ընտրական քարոզարշավի ընթացքում հարկավոր է մեծ տեղ հատկացնել հենց համացանցի միջոցով կերպար ստեղծելուն եւ քվեներ հավաքելուն: Հայաստանում էլ շատ շուտով պատկերն այսպիսին կլինի»: Դասախոսությունից հետո նա պատասխանեց նաեւ ուսանողներին հետաքրքրող մի շարք հարցերի, իսկ ուսանողներից մեկի այն հարցին, թե արդյոք ներկայումս ՀՀ-ում հնարավոր է նախագահական ընտրությունների ժամանակ քվեներ հավաքել` օգտագործելով թվային տեխնոլոգիաները, Բեն Քոֆեյ Քլարկը պատասխանեց. «Գիտեմ, որ շուտով Հայաստանում էլ են սկսվելու նախընտրական արշավները, եւ ըստ իս` այդ արշավների արդյունքում կհաղթի հենց այն թեկնածուն, ով ավելի համակրելի տեսք ու կերպար կունենա համացանցում: Այսօր համացանցն ամեն ինչ է. այստեղ ակտիվորեն քաղաքականություն է քննարկվում, նախընտրական արշավներ են իրականացվում, պատմություն է կերտվում»: Հանդիպման վերջում մասնագետը նշեց, որ ներկայումս իրենց ընկերությունը զբաղվում է առցանց գովազդների պատրաստմամբ, ինչը մեծ ապագա ունի, եւ շուտով հայերն էլ կսկսեն ամերիկացիների ու մյուսների պես օգտվել առցանց գովազդից:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։