26.04.2017 | 
Կրթություն
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը շարունակում է վեբինարների միջոցով ուսանողներին ծանոթացնել անձնային ու մասնագիտական զարգացման, տեղական ու միջազգային աշխատաշուկայի առանձնահատկություններին:

Երեք մասից բաղկացած վեբինարների շարքը մեկնարկել է նախորդ շաբաթ: Այն կրում էր «Առաջնորդություն. ինչպե՞ս հասնել դրան» խորագիրը:

 

Այս անգամ թեման աշխատաշուկան էր: «Համաշխարհային աշխատաշուկա. հնարավորություններ Հայաստանի երիտասարդների համար» խորագրով վեբինարը, որն անցկացվեց այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում, Նյու Յորքից վարում էին բիզնեսի, ֆինանսների և կառավարման միջազգային փորձագետ, ամերիկյան «Accenture» ընկերության գործադիր տնօրեն Էմմա Առաքելյանը և իր գործընկեր, «Ernst & Young» ընկերության հաճախորդների հետ տարվող աշխատանքների կառավարիչ Աննա Բեննեթը:

 

Վեբինարի սկզբում տիկին Առաքելյանը նշեց այն ուղղությունները, որոնց մասին խոսելու է՝ համաշխարհային և մասնավորապես ամերիկյան աշխատաշուկաներ, աշխատանքային հնարավորությունները զարգացող երկրներում և այլն, ապա մատնանշեց՝ ինչ գիտելիքներ ու հմտություններ են անհրաժեշտ համաշխարհային աշխատաշուկայում մրցունակ դառնալու համար:

 

Բանախոսըները ներկայացրին նաև մի քանի խոշոր ընկերությունների կատարած հետազոտությունների արդյունքները, որոնք ցույց էին տալիս, թե ԱՄՆ-ում հատկապես որ մասնագիտություններն են պահանջված և որոնք են լավ վարձատրվում:

 

Ըստ այդմ՝ ԱՄՆ-ում լավագույն աշխատանքները առողջապահության, տեխնոլոգիաների, բիզնեսի, սոցիալական ծառայությունների, մարքեթինգի և վաճառքների բնագավառներում են: Իսկ ամենապահանջված մասնագիտությունների 100-յակի առաջին հորիզոնականներում ատամնաբուժական ծառայություններն են՝ օրթոդոնտիան, անեսթեզիոլոգիան և այլն: 100-յակում տեղ են գտել նաև ՏՏ ոլորտի մասնագետները, իրավաբանները, ապահովագրական գործակալները, հաշվապահները, ուսուցիչները, սոցիոլոգները և այլն:

    

Էմմա Առաքելյանը, ով մասնագիտական կրթությունը ստացել է Հայաստանում, վեբինարի մասնակից ուսանողներին ցույց տվեց նաև դեպի գլոբալ աշխատաշուկա տանող ճանապարհի հաղթահարելիք պահանջները: «Նախ պետք է սկսել գիտելիքներից, ինտերնշիփերի մասնակցությունից, գիտական աստիճաններով բարձրանալուց»,- ասում է նա և հավելում,- այնուհետև լավ ուսումնասիրել ու ճանաչել գլոբալ աշխատաշուկան, դառնալ մրցունակ, ապա աճել ու փոփոխվել՝ ըստ շուկայի թելադրած պահանջների»:

 

Շարքի 3-րդ և վերջին վեբինարը կկայանա մայիս ամսին:

 

«Մեր ամերիկյան փորձագետների հետ առաջին անգամ չէ, որ աշխատում ենք: Երբ կազմակերպեցինք առաջին վեբինարը, հասկացանք, որ ուսանողների շրջանում բավականին մեծ հետաքրքրություն կա: Բացի այն, որ ձևաչափը նոր է և գրավիչ, ուսանողների համար նաև թեմաներն են հետաքրքիր ու արդիական: Այսօրվա աշխատաշուկան պահանջում է հմտություններ, որոնք ուսանողները կարող են ձեռք բերել այսպիսի ծրագրերի մասնակցելով»,- ասում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը:

Այլ նորություններ
ՔԻԼԻԱՆ ՎԱՎՈՒ. «ԵՐԲԵՄՆ ՄԵԶ ՀԵՆՑ ՄԻ ՔԱՅԼ Է ՊԵՏՔ ՍԹՐԵՍՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում Ամստերդամի VU համալսարանի դոկտոր, միջազգային HR մասնագետ Քիլիան Վավուի հետ:
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՓՈՐՁ ՀԱՋՈՂՎԱԾ ՍՏԱՐՏԱՓ ԹԻՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մեկնարկեց «Հաջողված ստարտափ թիմեր. ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը: