19.06.2017 | 
Գիտություն
ՆՈՐ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՍԿԻԶԲ ԿԴԱՌՆԱ
ՆՈՐ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՍԿԻԶԲ ԿԴԱՌՆԱ
Հունիսի 17-ին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնում տեղի ունեցավ Մոլեկուլային գենետիկայի լաբորատորիայի հանդիսավոր բացումը։

Գերժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիան կրում է ֆրանսահայ կենսաբան, դոկտոր Քրիստոֆ Թերզյանի անունը։

Գենետիկայի, էվոլյուցիոն և մոլեկուլային կենսաբանության բնագավառներում հայտնի ֆրանսահայ մասնագետ Քրիստաֆոր Թերզյանն իր ամբողջ կյանքը նվիրել է հետազոտություններ կատարելուն: Ապրելով Ֆրանսիայում՝ նա ամեն կերպ աջակցել է Հայաստանում գիտության զարգացմանը: Թերզյանն ակտիվորեն մասնակցել է Գիտական համագործակցության ֆրանս-հայկական ասոցիացիայի (AFACS) գործունեությանը, որը նույնպես նպաստել է Հայաստանում գիտության զարգացմանը:

 

Հայազգի գիտնականը բազմաթիվ զեկուցումներով հանդես է եկել ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնում: Լինելով համալսարանում և ամբողջ Հայաստանում այս ոլորտի զարգացման նվիրյալը՝ նա մահից առաջ նշանակալի գումար է նվիրաբերել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնին:

 

Նրա՝ համալսարանին նվիրաբերած միջոցներով, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Մոլեկուլային գենետիկայի լաբորատորիան ամբողջովին վերազինվել է գերժամանակակից սարքավորումներով:

 

 

Լաբորատորիայի հանդիսավոր բացմանը ներկա գտնվելու համար Հայաստան էին ժամանել Քրիստոֆ Թերզյանի մայրը՝ Ժակլին Թերզյանը, և երկու դուստրերը: Միջոցառմանը ներկա էին նաև ԵՊՀ պրոռեկտորներ Ալեքսանդր Գրիգորյանը, Գեղամ Գևորգյանը, Ռուբեն Մարկոսյանը, Կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը, Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանը, ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներ, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի մասնագետներ։

 

Ռուբեն Հարությունյանն իր խոսքում հիշեց, թե ինչ դժվար էին ֆակուլտետում լաբորատոր հետազոտություններ կատարում 90-ականներին. «Դոկտոր Քրիստոֆ Թերզյանը հենց այդ ժամանակահատվածում հաճախ այցելում էր Հայաստան, դասախոսություններ կարդում համալսարանում և հույս հայտնում, որ Հայաստանում գենետիկան նույնքան կզարգանա, որքան Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում։ Վստահ եմ, որ Մոլեկուլային գենետիկայի լաբորատորիայի բացմամբ Թերզյանի երազանքը մոտ ապագայում կիրականանա»։

 

ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն ասաց, որ շատ ուրախալի է, երբ համագործակցության արդյունքն այսպես տեսանելի է լինում. «Թերզյանն այնքան նվիրված է եղել իր գործին, որ ցանկացել է՝ իր մահից հետո էլ շարունակվեն իր երազանքի իրականացման աշխատանքները: Ես վստահ եմ, որ այս սարքավորումները նշանակալի արդյունքներ կտան»:

 

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանն էլ հավելեց, որ այս նշանակալի իրադարձությունը ոչ միայն գիտական նվաճումների նոր սկիզբ կդառնա, այլև հայրենասիրության դրսևորման լավագույն օրինակ կծառայի:

 

Ֆրանսիայից ժամանած Թերզյանի դուստրերը լրագրողների հետ զրույցում նշեցին, որ շատ ոգևորված են, որ իրենց հայրիկի գործն այսուհետ շարունակվելու է համալսարանականների կողմից։ Թերզյանի մայրը՝ Ժակլին Թերզյանը, լաբորատորիայի բացումը խորհրդանշող կարմիր ժապավենը կտրելուց հետո փաստեց, որ շատ ուրախ է լինել որդու անվան լաբորատորիայում։

 

 

Այլ նորություններ
ՏԵՍԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՄԵԿ ՎԱՅՐՈՒՄ
Ավելի քան 10 երկրների 50-ից ավելի գիտնականներ հավաքվել են Երևանում՝ քննարկելու ֆիզիկայում սիմետրիայի մեթոդների ուսումնասիրման վերջին ձեռքբերումները:
ԿԱՅԱՑԱՎ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
Հունիսի 27-ից հուլիսի 4-ը ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում կազմակերպել էր «Մաթեմատիկա և կիրառություններ» թեմայով չորրորդ ամառային դպրոցը: