12.09.2019 | 
Գիտություն
«ԼԵԶՈՒ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ
«ԼԵԶՈՒ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր մեկնարկեց «Լեզու, մշակույթ և հաղորդակցություն» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին, որը տևելու է երեք օր:

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ու Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի համագործակցությամբ կազմակերպված գիտաժողովի նպատակը լեզվի, մշակույթի և փոխհարաբերության տարբեր խնդիրների քննություն է՝ գիտական ուսումնասիրությունների արդի միջգիտակարգային հարացույցի համատեքստում:

 

Վերոնշյալ գիտաժողովին ներկա էին ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանը, ամբիոնի  դասախոսներ, Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր  Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Հայ բանասիրության ֆակուլտետի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ Վարդան Պետրոսյանը, օտարերկրյա հյուրեր և դասախոսներ:



Ներկաներին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանը. «Շնորհակալություն, որ ներկա եք գիտաժողովին, որը նվիրված է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին, և  ձեր մասնակցությամբ նպաստելու եք մեր երկրում ու այլուր եվրոպական լեզուների ուսումնասիրության դասավանդմանը և զարգացմանը»:

 

Ս. Գասպարյանի դիտարկմամբ,  այս գիտաժողովը ևս մեկ փորձ է համախմբելու Հայաստանի գիտակրթական ոլորտի մասնագետներին, նրանց համար ստեղծելու մասնագիտական զրույցների ու քննարկումների, մտքերի և փորձերի փոխանակման բարենպաստ մթնոլորտ, խթանելու միջազգային կապերի ընդլայնումը և սահմանելու մասնագիտական առավել բարձր չափանիշներ: « Գիտաժողովը բավականին հագեցած ու խոստումնալից է ոչ միայն  100-ից ավելի մասնակիցներով և օտար երկրից ժամանած հյուրերով, այլև ծրագրում տեղ գտած գիտական ուղղությունների ու մոտեցումների բազմազանությամբ, որտեղ գերակայողը միջգիտակարգայնությունն է»,- նշեց ամբիոնի վարիչը:



Վերջինս տեղեկացրեց, որ գիտական այս նստաշրջանի առաջնակարգությունների շարքում տեղ են գտել նաև հայագիտական ուսումնասիրությունները:

 

«Այսօր հատկապես կարևորվում է օտար լեզուների և մասնավորապես անգլերենի իմացության դերն ազգապահպան ու ազգանպաստ խնդիրների լուսաբանման հարցում, և պատահական չէ, որ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետը, Հակահայկական քարոզչական դիսկուրսի հետազոտությունների լաբորատորիան, գիտակրթական գործունեություն ծավալող «Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիա» միջազգային կազմակերպությունը ձեռնամուխ են եղել գիտաժողովներում և համապատասխան պարբերականների էջերում ներկայացնելու արդիական հնչեղություն ունեցող հայագիտական տարբեր քննական արծարծումներ»,- ամփոփեց խոսքը տիկին Գասպարյանը:

 

ԵՊՀ ռեկտոր Գեղամ Գևորգյանի անունից ներկաներին ողջունեց և արդյունավետ աշխատանք մաղթեց պրոռեկտոր Էլինա Ասրիյանը:

 

Վերջինս կարևորեց «Լեզու, մշակույթ և հաղորդակցություն» խորագրով միջազգային գիտաժողովում ընդգրկված թեմաների արդիականությունը. «Հաղորդակցությունը մեր կյանքի անբաժան մասն է, այն ֆենոմենն է, որը կենսաբանական անհատին սոցիալիզացիայի ընթացքում դարձնում է անձ: Հաղորդակցությունը մի անձին կարող է դարձնել արդյունավետ, մյուսին՝ պակաս արդյունավետ, որն իր հերթին ազդում է անհատի վերբալ վարկանիշի ձևավորման վրա: Ես բոլորիս մաղթում եմ արդյունավետ հաղորդակցում, որը կնպաստի նոր գիտելիքի բացահայտմանը, ինչպես նաև միջազգային կապերի զարգացմանը»:




 

Էլինա Ասրիյանը հայտնեց նաև, որ ԵՊՀ գիտական խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 9-ի նիստի որոշմամբ, ԵՊՀ-ի և Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի  միջև համագործակցության խթանման գործում ունեցած անգնահատելի վաստակի, ԵՊՀ անգլերենի բանասիրության ամբիոնում ունեցած հաջողությունների համար լեզվաբան, ՄՊՀ լեզվաբանության ֆակուլտետի հիմնադիր, Լոմոնոսովի անվան ՄՊՀ օտար լեզուների և տարածաշրջանի մասին գիտության ֆակուլտետի պատվավոր նախագահ, պրոֆեսոր Սվետլանա Տեր-Մինասովային շնորհվել է ԵՊՀ-ի պատվավոր դոկտորի կոչում:

 

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր  Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:


 

Նա նշեց, որ հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի պահպանման և առաջընթացի գրավականները եղել են լեզուն և դրանից առաջացած արժեհամակարգը: «Արագ զարգացող աշխարհում ամեն օր երևան են գալիս հաղորդակցության նոր եղանակներ, որոնք ենթադրում են նոր ապրելաոճ: Վստահ եմ, որ այս գիտաժողովի աշխատանքային ընթացքը  կարևոր առիթ է մատնանշելու և կիրառելու հաղորդակցության նոր եղանակներ»,- ընդգծեց դեկանը:

 

 Գիտաժողովի կարևորության և հետագա անելիքների մասին խոսեց նաև Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը:

 

Վերջինս գիտաժողովի յուրօրինակությունը պայմանավորեց նրանով, որ այն անցկացվում է արդեն անվանափոխված ֆակուլտետում:

 

 «Լեզուն կենդանի օրգանիզմ է, որն անընդհատ բարեփոխումների և կատարելագործման գործընթացների մեջ է: Այս գիտաժողովը հիանալի հարթակ է ապագա մասնագետների և մեր գործընկերների մասնագիտական կարողությունները զարգացնելու»,- նշեց Գ. Բարսեղյանը:

 

Մաղթելով գիտաժողովի մասնակիցներին արդյունավետ աշխատանք՝ դեկանը հույս հայտնեց, որ  օտարերկրյա հյուրերը հիանալի հիշողություններով և տպավորություններով կհեռանան Հայաստանից:

 

Գիտաժողովի առաջին օրը ելույթներով հանդես եկան Իտալիայի, Լիբանանի, Ռումինիայի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Իրանի, Թուրքիայի, Կանադայի, Լեհաստանի նշանավոր գիտական կենտրոնների և համալսարանների դասախոսներ՝ ներկայացնելով «Լեզու և ճանաչողություն», «Լեզվի ոճական գործառություն», «Լեզվի ընդհանուր և համեմատական քննություն», «Գրականությունը ժամանակի և տարածության մեջ», «Հայագիտություն, պատմամշակութային անդրադարձ» խորագրերով զեկուցումներ:

 

Տեղեկացնենք, որ գիտաժողովի շրջանակում նախատեսվում են այցեր թանգարաններ, Մատենադարան, Սևան, Գառնի ու Գեղարդ:

 

Գիտաժողովի փակման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին:

 

 

 

 

 

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
«ԽԵԼԱՑԻ ԲՋԻՋՆԵՐԸ ԴԱՐՁՆԵԼՈՎ ԱՎԵԼԻ ԽԵԼԱՑԻ». ՆՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Մերիլենդի համալսարանի գիտնականները մշակել են տեխնիկա, որը կստիպի բակտերիալ խմբավորումներին (ասոցիացիաներ) ինքնուրույն աշխատել միասին:
«ԿՈՄՊԱԿՏ ԱՍՏՂԵՐԻ ԵՎ ՌԵԼԱՏԻՎԻՍՏԱԿԱՆ ԳՐԱՎԻՏԱՑԻԱՅԻ ԱՐԴԻ ՖԻԶԻԿԱ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Կոմպակտ աստղերի և ռելատիվիստական գրավիտացիայի արդի ֆիզիկա» թեմայով միջազգային գիտաժողով, որը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին։