13.01.2022 | 
Հասարակություն
«ԼԵԶՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ
«ԼԵԶՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ
ԵՊՀ-ում այսօր Հայ ինքնության և հակահայ քարոզչական դիսկուրսի հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ մեկնարկել է «Language and Politics» գիտական սեմինարների շարքը, որը միտված է լուսաբանելու հակահայկական քարոզչության խոսքային ազդեցության մանիպուլատիվ միջոցները՝ լրատվամիջոցներում, մամուլում և համացանցում առկա խեղաթյուրումներին և կեղծարարությանը հակադարձելու նպատակով:

«Հայտնի է, որ ադրբեջանական, ինչպես նաև այլ արտաքին ուժերի և լրատվամիջոցների՝ Հայաստանի և հայության դեմ հատկապես անգլերենով կատարվող ապատեղեկատվական, քարոզչական բնույթի գործողություններն իրականում քարոզչական պատերազմ են մեր դեմ: Դրանցում խեղաթյուրվում են Հայաստանում, Արցախում և Անդրկովկասում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև պատմաքաղաքական, ազգամշակութային արժեքները»,- ասաց ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սեդա Գասպարյանը և հավելեց, որ ակնհայտ անհրաժեշտություն կա հակադարձելու նշված գործընթացներին:

 

 

Ամբիոնի վարիչն ընդգծեց, որ կենտրոնը նպատակ ունի լեզվի և տարբեր այլ գիտական ոլորտների փոխհատման դաշտում վերլուծության ենթարկելու հակահայկական քարոզչության խոսքային ազդցության միջոցները, վերհանելու ու լուսաբանելու պատմամշակութային արժեքների խեղաթյուրումները և պատմական փաստերի աղավաղումը: Արդյունքում հնարավոր կլինի ազգային ու պետական առանցքային խնդիրների և ռազմավարության հարցում ձևավորել միասնական հայեցակարգ:

 

Սեմինարների ընթացքում ներկայացվելու են տարբեր հրապարակումներում ադրբեջանա-թուրքական քաղաքական շրջանակների կողմից լայնորեն տարածվող քարոզչության և ատելության խոսքի լեզվական միջոցները, ինչպես նաև արտալեզվական՝ պատմամշակութային գործոնները, որոնց օգնությամբ հակահայկական քարոզչություն իրականացնող հեղինակներին հաջողվում է տեքստում զետեղել այս կամ այն կեղծ արժևորումը:

 

 

Զեկուցումների մի մասն էլ նվիրված է լինելու համաշխարհայնացման ներկա համատեքստում հայ ինքնության դրսևորումների քննությանը, հայկական մշակութային արժեքների գնահատմանը:

 

«Շեշտադրել ենք ադրբեջանական մտաշահարկումը՝ որպես պանթյուրքիստական ձգտումների արտահայտություն: Մեր ուշադրությունից չի վրիպել Արցախյան վերջին պատերազմը՝ որպես աշխարհաքաղաքական շահերի բախման հետևանք: Այս ընդհանուր հենքի վրա հետազոտական առանձնակի ջանքեր են գործադրվել նաև ատելության խոսքի հրահրման ու տարածման մարտավարության քննության հարցում»,- նշեց Ս. Գասպարյանը՝ ավելացնելով, որ առաջին սեմինար-քննարկման թեման պայմանավորված է այն հանգամանքով, որ մտաշահարկման երևույթի կիրառումն այլևս սահման չի ճանաչում՝ ակտիվորեն կիրառվելով ժամանակակից կյանքի ամենատարբեր ոլորտներում:

 

 

Գիտական սեմինարների առաջին զեկուցվող թեման՝ «Լեզվի մտաշահարկային կիրառությունը զանգվածային քաղաքական խոսքում», ներկայացրեց Անգլիական բանասիրության ամբիոնի ասպիրանտ Ռաֆայել Հարությունյանը:

 

Վարդուհի Զաքարյան

 

  

 

 

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «Ի՞ՆՉ Է ՄՏԱԾՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) տեղի ունեցած միջոցառման ժամանակ ծավալվեցին Հայկական սփյուռքին առնչվող առանցքային թեմաների վերաբերյալ քննարկումներ։
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՏԻԵԶԵՐՔ ԵՎ ՆԵՐՇՆՉԱՆՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
«ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառման շրջանակում կազմակերպված քննարկման բանախոսներն էին ԵՊՀ շրջանավարտ, Starmus VI փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, գրող Դեյվիդ Ջոն Էյքրը և հայազգի առաջին տիեզերագնաց Ջիմ Բաղյանը։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Գ. Իսրայելյանին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ: