10.12.2018 | 
Քաղաքականություն, Հասարակություն
«ԴՈՒՔ ԱԴԱՄԱՆԴԵ ՍԻՐՏ ՈՒՆԵՔ». ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՏՈՒԿ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ԱԴԱՄԱ ԴԻԵՆԳ
«ԴՈՒՔ ԱԴԱՄԱՆԴԵ ՍԻՐՏ ՈՒՆԵՔ». ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՏՈՒԿ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ԱԴԱՄԱ ԴԻԵՆԳ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում դասախոսությամբ հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը:

Դասախոսությունը կազմակերպել են ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը և ԵՊՀ ռեկտորատը:

Հանդիպմանը ներկա էին ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, «Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Մհեր Հովհաննիսյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանը, դասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը հադես եկավ ողջույնի խոսքով՝ կարևորելով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումի ընձեռած հնարավորությունը՝ լսել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգին:

Ադամա Դիենգը, ողջունելով ներկաներին, ընդգծեց, որ սիրով է ընդունել ԵՊՀ-ում դասախոսություն կարդալու հրավերը: Նա կարևորեց Ցեղասպանագիտություն գիտակարգի դերը, քանի որ անհրաժեշտ է հավաքագրել և ուսումնասիրել այդ հանցագործությանն առնչվող տվյալները, անել վերլուծություններ և հետևություններ:

Նա խոսեց 21-րդ դարում տեղի ունեցող ցեղասպանությունների մասին. «Մենք կարծում ենք, որ ցեղասպանությունն անցյալի հետ է կապված, բայց այսօր մենք ականատես ենք Հարավային Սուդանում նուերների ցեղասպանությանը, դարֆուրների ցեղասպանությանը՝ Սուդանում, եզդիների ցեղասպանությանը՝ Սիրիայում և Իրաքում, ռոհինջաների ցեղասպանությանը՝ Մյանմայում»,- ասաց Ադամա Դիենգը:

Հայաստանի և Ադրբեջանի քարոզչական պատերազմի, ինչպես նաև վերջինիս կողմից հակահայկական, հայերի հանդեպ ատելության տարածման և այս իրավիճակը կանխելու ՄԱԿ-ի ձեռնարկած գործողությունների մասին հարցերին ի պատասխան՝ նա նշեց.

«Ես գիտեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա լարվածություն, բայց, ինչպես ես միշտ ասում եմ, որ այդտեղ քաղաքական կամք է պետք՝ լուծումներ գտնելու համար: Երկու կողմերն էլ պետք է ջանք գործադրեն՝ հասնելու խաղաղ և ամբողջական փոխհամաձայնության»,- ասաց Ադամա Դիենգը՝ նկատելով, որ, իհարկե, հեշտ է ասել, բայց որպես հարևաններ՝ պետք է գտնել համերաշխության մեջ ապրելու տարբերակը: Ըստ նրա՝ ատելությունը, ատելության խոսքն ու դրա տարածումը պետք է խստորեն մերժվեն հասարակությունների կողմից, մանավանդ, երբ դրանց հիմքում ազգային ինքնությունն է, և տեղ բացեն երկխոսությունների համար:

Հարց հնչեց այն մասին, թե ինչ գործողություններ է պետք ձեռնարկել՝ կանխելու այսօր տեղի ունեցող ցեղասպանությունները:

«Ամենակարևոր բաներից մեկը, որ հնարավոր է անել ցեղասպանությունները կանխելու համար, վերջին 20 տարիներին անում է Հայաստանի կառավարությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևերի նախագծերով, ինչի արդյունքում Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից 1998 թվականին ընդունվել են Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի 50-ամյակին նվիրված, 1999 և 2001 թթ.` «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» բանաձևերը: Բացի դրանից՝ 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունը հանդես է եկել դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր նշանակելու նախաձեռնությամբ:

Ամփոփելով դասախոսությունը՝ Ադամա Դիենգն նկատեց. «Դուք հարուստ երկիր չեք, նավթ ու ադամանդ չունեք, բայց ունեք ադամանդե սիրտ, ինչն առավել կարևոր է: Դուք մարդասեր եք, եթե ինչ-որ մեկն այստեղից շատ-շատ հեռու՝ Հիմալայներից այն կողմ, տառապում ու տանջվում է, այստեղ՝ Հայաստանում, դուք դա զգում եք, սրտացավ եք»:

Նա հույս հայտնեց, որ այս դասախոսություն-քննարկումն օգտակար կլինի նաև Ցեղասպանագիտությունն ուսումնասիրող ուսանողների համար:

ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը պատմական ակնարկ արեց դեպի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, որն այս օրերին արդեն երրորդ անգամ տեղի է ունենում Հայաստանում:

Սենեգալցի իրավաբան Ադամա Դիենգը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի պաշտոնը ստանձնել է 2012 թվականին: Դիենգի մասնակցությամբ հիմնադրվել է Մարդու և ժողովուրդների իրավունքի աֆրիկյան դատարանը: Իր բազմաբնույթ գործունեության և ունեցած ավանդի համար նշանակվել է Վաշինգտոնում գործող Համաշխարհային արդարության ծրագրի պատվավոր նախագահ։

 

Մարի Ռաֆյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ «ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ջանքերով 2019 թ. ապրիլի 18-19-ին տեղի է ունենալու «Ցեղասպանագիտության զարգացման ժամանակակից միտումները» խորագրով երիտասարդական գիտաժողով, որին կարող են մասնակցել ՀՀ, ԱՀ և արտասահմանյան բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների բարձր կուրսերի ուսանողները, մագիստրանտները և ասպիրանտները:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները մասնակցել են մարտի 13-15-ը Երևանում տեղի ունեցած «English-Speaking Union» միջազգային կազմակերպության ամենամյա հրապարակախոսական մրցույթին (Հայաստանի մասնաճյուղն է «Shakespeare Club English-Speaking Association»):