30.04.2019 | 
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԴԱՍԸ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԴԱՍԸ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս Անի Սիմոնյանն այսօր դասախոսություն կարդաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Դասախոսությունը կազմակերպվել է Իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի ու ֆակուլտետի ՈՒԳԸ-ի համատեղ ջանքերով:

Դասախոսությունը «Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և պատժելիության միջազգային իրավական հենքերը» թեմայով էր: Այն նպատակ ուներ քննարկելու Հայոց ցեղասպանության ճանաչման իրավական մարտահրավերները, ցեղասպանության համար միջազգային իրավական պատասխանատվության հիմքերը, ինչպես նաև ճանաչման և դատապարտման ռազմավարական մոտեցումները:

Դասախոսի ուղեկցությամբ ուսանողներն այցելեցին թանգարան՝ ծանոթանալով 20-րդ դարասկզբի պատմության մանրամասներին:

Մեզ հետ զրույցում Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս Անի Սիմոնյանը նշեց, որ իրավական հարցերի քննարկումը կարևոր է, այն թույլ է տալիս լսել նոր կարծիքներ, որոնք բարձրաձայնում են ուսանողները:
Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը լավագույն վայրն է նմանաբնույթ քննարկումների համար:

Դասախոսության ընթացքում քննարկվեց, թե միջազգային իրավական ինչ ակտերում են ամրագրված մարդկանց զանգվածային կոտորածները:



Անի Սիմոնյանը ներկայացրեց Ռաֆայել Լեմկինի նախաձեռնությունը, որի արդյունքում 1948 թվականից սկսած գործում է «Ցեղասպանության կանխարգելման մասին» կոնվենցիան:

«Պետք է հասկանալ՝ ինչպիսի իրավական ուժ ունի, և արդյոք մենք կարող ենք այս փաստաթուղթը կիրառելի համարել 1915-23 թվականներին տեղի ունեցած հայկական ջարդերի համար: Մենք կփորձենք վերլուծել, թե ինչպիսի ռազմավարություն պետք է ՀՀ-ն իրականացնի, որ ի վերջո մենք ստանանք այն հարցերի պատասխանները, որոնք ունենք թե՛ որպես պետություն, թե՛ որպես ազգ»,- ասաց Անի Սիմոնյանը:

Խոսելով փոխհատուցման մասին՝ նա նշեց, որ ցեղասպանությունն այն հանցագործությունն է, որը բարոյական առումով անհնար է փոխհատուցել։

Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Լեյլի Թադևոսյանը նշեց, որ դասախոսությունն ավելի հանգամանալից և ամբողջական դարձնելու համար՝ որոշվեց այն անցկացնել թանգարան-ինստիտուտում:

Դասախոսությունն ուղեկցվեց հետաքրքիր քննարկմամբ, որից հետո ներկաներն այցելեցին հուշահամալիր:

 

Մարի Ռաֆյան