18.03.2019 | 
Գիտություն
«ՀԻՆ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՄԱՐԴԸ ԴԵՌ ՄԱՐԴ ՉԷՐ». ԱՐԱ ԱԹԱՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ՀԻՆ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՄԱՐԴԸ ԴԵՌ ՄԱՐԴ ՉԷՐ». ԱՐԱ ԱԹԱՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր մեկնարկեց «Հավերժությունից դեպի ժամանակ (Հին Եգիպտոսից դեպի Հին Հունաստան)» խորագրով դասախոսությունների շարք, որը տևելու է երկու օր: Բանախոսն էր ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս, արվեստաբան Արա Աթայանը:

Միջոցառումը կազմակերպել էր Պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն, որի նախագահ Սիրանույշ Բաղումյանը ողջունեց ներկաներին, ներկայացրեց բանախոսին ու բանախոսության թեման:
Նա ասաց, որ երկօրյա դասախոսությունների ընթացքում ուսանողները ծանոթանալու են Հին Եգիպտոսի և Հին Հունաստանի քաղաքակրթությանը, մշակույթին ու արվեստին:

Դասախոսության սկզբում Արա Աթայանը հարց ուղղեց լսարանին, թե ինչու են նրանք հենց իրեն ընտրել որպես այս թեմայի բանախոս: Լսելով պատասխանը՝ նա նշեց, որ ինքն իրեն չի համարում մշակութաբան, չնայած դասավանդում է «Մշակույթի պատմություն» առարկան: Պարոն Աթայանը խոստովանեց, որ իր կարծիքով, աշխարհում չկան ավելի անհետաքրքիր գրքեր, քան ժամանակակից մշակութաբանների ու արվեստաբանների գրքերն են։



«Ես չեմ փորձի մշակութային վերլուծություն անել, այլ կփորձեմ կիսվել մտքերով, որոնք ձևավորվել են տարիների ընթացքում»,- ասաց նա:

Արա Աթայանը խոսեց եգիպտական մշակույթի մասին և հարց ուղղեց լսարանին՝ արդյո՞ք այն մարդը, որը ստեղծեց եգիպտական քաղաքակրթությունը, աշխարհի մասին գիտեր ավելի քիչ, քան մենք, թե նա այն պատկերացնում էր այլ կերպ:




Ինտերակտիվ դասախոսության ընթացքում բանախոսն ասաց, որ հին եգիպտացին, անկասկած, չգիտեր այն, ինչ մենք գիտենք, և ավելացրեց, որ մենք էլ չգիտենք այն, ինչ գիտեր նա, քանի որ մինչ օրս չեն կարողանում հասկանալ, թե ինչպես են եգիպտացիներն այդչափ հմտացել ճարտարապետության և քանդակագործության մեջ։

Արա Աթայանը խոսեց պատմության մեջ ամենամեծ հեղափոխության մասին, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարդը սկսել է գյուղատնտեսությամբ զբաղվել։ «Մինչ այդ հողը, կենդանական և բուսական աշխարհը, որոնք դիտարկվում էին անիրական, սկսում են մշակվել: Այդ ժամանակ մարդը չէր կարողանում տեսնել աստղերը ու լսել դրանց ձայնը, բայց սկսում է հաշվել դրանք»,- ասաց նա։

«Հավերժությունից դեպի ժամանակ (Հին Եգիպտոսից դեպի Հին Հունաստան)» խորագրով դասախոսությունը բազմաբովանդակ էր: Պարոն Աթայանն ուսանողներին նկարներով գործնականում ցույց էր տալիս հին քաղաքակրթության արվեստի նմուշները՝ բուրգեր, քանդակներ, արձաններ և այլն:

«Եգիպտոսում ցանկացած մարդ հասուն տարիքում սովորում էր հիերոգլիֆները և սերտում մեռյալների գիրքը։ Կյանքը մի ընթացք էր, որի ժամանակ մարդը պատրաստվում էր մահվան։ Բացի դրանից՝ Հին Եգիպտոսում մարդը դեռ մարդ չէր։ Նա ավելի շատ աստված էր կամ կենդանի»,- ասաց բանախոսը։ 



Մի քանի ժամ տևած դասախոսության ընթացքում տարբեր ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաև «Ուսում» հանրակրթական դպրոցի աշակերտները ծանոթացան Հին Եգիպտոսի արվեստի պատմությանն ու ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:



Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԿԱՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՐԱՎԱԿԱՆ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հրապարակվել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավ. գիտ. թեկնածու, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի՝ «Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» («Constitutional Stability as an Important Prerequisite for Stable Democracy») անգլերեն մենագրությունը:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՄԻՋԵՎ
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ու Մոսկվայի Մ. Լոմոնոսովի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի միջև այսօր կնքվել է համագործակցության համաձայնագիր։