02.04.2019 | 
«ՁԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԻՍՊԱՆԵՐԵՆԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՆ ԻՍԿԱՊԵՍ ՏՊԱՎՈՐԻՉ ԵՆ». ՄԱԴՐԻԴԻ ԿՈՄՊԼՈՒՏԵՆՍԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ
«ՁԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԻՍՊԱՆԵՐԵՆԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՆ ԻՍԿԱՊԵՍ ՏՊԱՎՈՐԻՉ ԵՆ». ՄԱԴՐԻԴԻ ԿՈՄՊԼՈՒՏԵՆՍԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆ
«Erasmus+» ծրագրի շրջանակում ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնն այս օրերին հյուրընկալում է Մադրիդի Կոմպլուտենսեի համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկան Էուխենիո Լուխանին:

Էուխենիո Լուխանը հնդեվրոպական լեզվաբանության հայտնի մասնագետ է ու այս օրերին դասախոսությունների շարք է կարդում Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի դասախոսների և ուսանողների համար՝ «Նախառոմանական լեզուներ» թեմայով:

Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել Էուխենիո Լուխանին, իսկ  դասախոսության թեմայի ընտրությունը պատահական չի եղել:

 

«Չնայած թեմայի մեծ կարևորությանը՝ այնուամենայնիվ մեր կրթական ծրագրերում այն ընդգրկված չէ, և մենք նախապես մեր հյուրի հետ պայմանավորվել ենք, որ դասախոսությունների շարքը ներառելու է նախառոմանական լեզուներին, այդ թվում նաև  բասկերենին վերաբերող արդի ուսումնասիրությունները»,- ասաց Հասմիկ Բաղդասարյանը:- «Հարկ է նշել, որ հայ-բասկյան առնչությունների խնդրով ուսումնասիրություններ է կատարել նաև լեզվաբան, բասկագետ Վահան Սարգսյանը»:

Մեզ հետ զրույցում Էուխենիո Լուխանը պատմեց, որ հաճելիորեն զարմացած էր, երբ իրեն տեղեկացրին, որ «Erasmus+» ծրագրի շրջանակում Կոմպլուտենսեի համալսարանում սովորող երկու հայ ուսանող՝ Քրիստինե Մանգասարյանը և Ցողիկ Պապոյանը, բարձր առաջադիմություն գրանցելով, փայլուն արդյունքներ են ցույց տվել Մադրիդի Կոմպլուտենսեի համալսարանի բանասիրության ֆակուլտետում:

 

«Ինձ համար շատ հետաքրքիր էր այցելել այն ֆակուլտետը, որը կարողանում է այսպիսի ուսանողներ կրթել»,- փաստեց բանախոսը,- «այստեղ դասախոսություններ կարդալու ընթացքում նույնպես ինձ համար հաճելի էր արձանագրել, որ ուսանողները շատ լավ տիրապետում են իսպաներենին՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը տարածքային առումով իսպանախոս երկրներից հեռու է, բայց ձեր ուսանողների իսպաներենի գիտելիքներն իսկապես տպավորիչ են»:

Խոսելով հարազատ համալսարանի՝ Իսպանիայում ամենահայտնի  համալսարաններից մեկի՝ Մադրիդի  Կոմպլուտենսեի մասին, որն աշխարհին տվել է 7 նոբելյան մրցանակակիր, ինչպես նաև հայտնի փիլիսոփաներ և գրողներ՝ Կամիլո Խոսե Սելա, Ֆեդերիկո Գարսիա Լորկա, Անտոնիո դե Նեբրիխա և այլն, բանախոսը նշեց, որ նմանատիպ կրթական և գիտական հաջողությունների գաղտնիքն այն կրթական ավանդույթներն են, որ համալսարանը պահում է իր հիմնադրման օրվանից մինչ այսօր:

 

Դասախոսությունների վերջում լինելու է նաև խորհրդատվության փուլ, և այն ուսանողներն ու դասախոսները, որոնք իսպաներենին վերաբերող հարցեր ունեն, կարող են քննարկել բանախոսի հետ:

 Անի Պողոսյան