18.12.2017 | 
Հասարակություն
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԵՂԵՌՆԻՆ ԵՎ ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԻՆ
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԵՂԵՌՆԻՆ ԵՎ ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԻՆ
Դեկտեմբերի 15-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունը և մեծ տերությունների դիրքորոշումը» թեմայով դասախոսություն:

Այն վարում էր Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս, պատմ. գիտ. թեկնածու Շիրակ Թորոսյանը:

 

Դասախոսությունն ունկնդրում էին Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողները: Շիրակ Թորոսյանի խոսքով՝ ամեն տարի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կազմակերպվում է այդ թեմայով դասախոսություն:

 

Թանգարան-ինստիտուտի աշխատակիցները նախ ուսանողներին ծանոթացրին ցուցադրվող նյութերին և դրանց վերաբերյալ բովանդակային մեկնաբանություններ տվեցին: Ներկայացված դիտակտիկ նյութերը պատկերում էին աբդուլհամիդյան կոտորածներից մինչև Լոզանի խորհրդաժողովն ընկած ժամանակահատվածը:

 

Ուսանողների շրջայցը թանգարան-ինստիտուտով ամփոփվեց դասախոսությամբ, որը ներկայացվեց երկու մասով:

 

Առաջին հատվածում Շիրակ Թորոսյանն անդրադարձավ Ցեղասպանության երիտթուրքական ծրագրին, կոտորածների իրականացման ընթացքին, ձևերին, ինչպես նաև ներկայացրեց Եղեռնի հետևանքով առաջացած մարդկային, նյութական, հոգևոր, մշակութային կորուստները: Այնուհետև խոսվեց մեծ տերությունների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման մասին:

 

Շիրակ Թորոսյանն իր դասախոսության մեջ առանձնացրեց մեծ տերություններին, որոնք Օսմանյան կայսրության դաշնակիցներն էին (Եռյակ դաշինք), և Անտանտի դաշինքի երկրներին (Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան):

 

Պարոն Թորոսյանը ներկայացրեց նաև Հայոց ցեղասպանությանը Գերմանիայի ներգրավվածությանը, որն իր հերթին կարող էր կանխել կամ մեղմել ստեղծված իրավիճակը:

 

Ուսանողները դասախոսության ընթացքում իրենց հետաքրքրող հարցերը ուղղում էին բանախոսին:

 

«Ուսանողները, ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում առնչվելով նկարների, տեսանյութերի, տարբեր փաստաթղթերի հետ, ավելի լավ են յուրացնում հիմնախնդիրը, ինչը շատ կարևոր է ապագա միջազգայնագետ-դիվանագետների համար: Սա նրանց թույլ կտա իրենց հետագա գործունեության ընթացքում ճիշտ ներկայացնել խնդիրը միջազգային տարբեր հարթակներում»,- մեզ հետ զրույցում ասաց Շիրակ Թորոսյանը:

 

 

Դասախոսությունից հետո Շիրակ Թորոսյանը և ուսանողներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԿԱՆԱՉ» ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ում այսօր ծավալվեց քննարկում «Ջի Այ Զեթ» ընկերություն կողմից ներկայացված «Հայաստանի «կանաչ» աշխատաշուկայի» հաշվետվության շուրջ։
ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ ԿԵՂԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետազոտողները փորձել են հասկանալ կեղծ լուրերի տարածման ծավալները և դրդապատճառները: Ավարտից հետո մարտին հանրայնացվել է նրանց հետազոտությունը: