29.01.2018 | 
Հասարակություն
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀՐԱՆՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼՍԱՐԱՆ
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀՐԱՆՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼՍԱՐԱՆ
Այսօր ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ Հրանտ Հակոբյանի անվան լսարանի բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, համալսարանականներ, ինչպես նաև պետական, հասարակական, մշակույթի և կրթության ոլորտի մի շարք գործիչներ:

 

Միջոցառումը մեկնարկեց ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի աղոթքով, ինչից հետո բանախոսը ներկայացրեց մանկավարժի կենսագրությունը ու գիտական վաստակը:

 

«Հրանտ Հակոբյանը ոչ միայն անվանի գիտնական ու մանկավարժ էր, այլև մարդ, ով  բարության մարմնացում էր: Նա կանգնած է մեր ֆակուլտետի հիմնադրման ակունքներում, ուստի այս լսարանի բացումը մեր երախտագիտությունն է պրոֆեսորին»,- ասաց դեկանը:

 

Նշենք, որ 1995 թ.-ին ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի, երջանկահիշատակ Գարեգին Ա Վեհափառի և Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի նախաձեռնությամբ բացվեց Աստվածաբանության ֆակուլտետը, որն ուներ երկու ամբիոն՝ Կրոնի պատմության և տեսության (ամբիոնի վարիչ՝ Հ. Հակոբյան) ու Աստվածաբանության:

 

«Վաստակաշատ պրոֆեսորը՝ որպես մանկավարժ, մասնագետ, գիտնական և ավագ ընկեր, հրաշալի անձնավորություն էր: Մարդ, ում մեջ խտացված էր մարդկային և մասնագիտական ամենավեհ արժեքները: Նա, հիրավի, վայելում էր իր գործընկերների և ուսանողների անկեղծ սերն ու ակնածանքը»,- նշեց Արամ Սիմոնյանը:

 

Հրանտ Հակոբյանը 1964-1985 թթ. դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1985-2003 թթ. եղել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կրոնի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, իսկ 1993 թ.-ից՝ Գավառի պետական համալսարանի հիմնադիր-ռեկտոր:

 

«Հրանտ Հակոբյանն իր ամբողջ գիտակից կյանքը նվիրել է բարձրագույն կրթության ոլորտի զարգացմանն ու երիտասարդների դաստիարակմանը: Հակոբյանների ընտանիքի անունից ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել այս լսարանի վերանվանման նախաձեռնողներին՝ ի դեմս ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի»,- ամփոփեց Ռուզաննա Հակոբյանը և ներկաներին ներկայացրեց «Հրանտ Հակոբյան. հավերժի ճամփորդ» աշխատությունը, որում ամփոփված են պրոֆեսորի մասին գործընկերների, ընկերների ու հարազատների հուշերը:

 

 

Այլ նորություններ
ԿԲ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԲԱՑ ԴԱՍԸ ԵՊՀ-ՈՒՄ ՎԵՐԱԾՎԵՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԻ
Այսօր ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչները հանդիպեցին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսների ու ուսանողների հետ։
ՉԻՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՀՆՉՅՈՒՆԱՎՈՐՈՒՄ. ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ՄՐՑՈՒՅԹ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չինարենի և չինական մշակույթի կենտրոնի և Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից կազմակերպվել էր չինական ֆիլմերի հնչյունավորման միջբուհական մրցույթ: Հայաստանում նմանօրինակ մրցույթ անցկացվեց առաջին անգամ: