16.05.2018 | 
Կրթություն
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ուսանողների համար «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս Ռոման Կարապետյանը:

Նշենք, որ «Մերօրյա հակամարտություններ» խորագրով դասընթացաշարի շրջանակում անցկացվող վերոնշյալ դասախոսությունը կազմակերպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:

 

Դասընթացաշարի նպատակն է ուսանողներին ներկայացնել աշխարհում առկա կոնֆլիկտները, դրանց պատճառները և կարգավորման մեխանիզմները:

 

Ռոման Կարապետյանը դասախոսության ընթացքում ներկայացրեց ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկայիս վիճակը, այլև որոշակի անդրադարձ կատարեց հակամարտության պատմական, իրավական և քաղաքական հենքերին:

 

Բանախոսն ուսանողներին ծանոթացրեց ԼՂ հակամարտության առկա բանակցային գործընթացներին, ներկայացրեց հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցող հիմնական կողմերի, ինչպես նաև միջազգային միջնորդ պետությունների և կառույցների դիրքորոշումները և վերջիններիս ուղղորդական ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ:

 

Ռոման Կարապետյանը դասախոսության ընթացքում ներկայացրեց նաև ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցող կողմերի դիրքորոշումները և այն հատման կետերը, որոնք կարող են բերել հակամարտության կարգավորմանը: «Ինչպես նաև ուսանողների հետ որոշակի վերլուծություններ արվեցին այն մասին, թե որոնք կարող են լինել ԼՂ հակամարտության կարգավարման հիմնական ուղիները»,- հավելեց նա:

 

Բանախոսը, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ նոր կառավարության դիրքորոշմանը, նշեց. «Հայաստանի հասարակական-քաղաքական հանրույթում կար որոշակի մտավախություն այն մասին, որ իշխանափոխությունից հետո ՀՀ նոր իշխանությունը կարող էր ունենալ տարբերակվող դիրքորոշում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, սակայն մայիսի 9-ին՝ Ստեփանակերտում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, ՀՀ նոր ընտրված վարչապետը Ղարաբաղյան հիմնահարցի բանակցային գործընթացի վերաբերյալ ընդգծեց այն հիմնական թեզիսները, որոնք նոր կառավարությունը դնելու է իր առջև: ՀՀ նորընտիր վարչապետի կողմից ներկայացված թեզիսները շատ չեն տարբերվում նախորդ իշխանությունների կողմից առաջադրված թեզիսներից, նույնիսկ մի փոքր ավելի կոշտ են, քան նախկինում են արվել: Այսինքն՝ նկատվում է որոշակի դիրքորոշումների կոշտացում, որը սփոփող է»:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
ԱԿՏԻՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ՝ «ՇՐՋՎԱԾ ԼՍԱՐԱՆՈՒՄ». ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՆ ՇՎԵԴԻԱՅՈՒՄ
ԵՊՀ աշխատակիցները դեկտեմբերի 3-ից 7-ը Շվեդիայի Լինշյոպինգի համալսարանում մասնակցել են «Ակտիվ ուսուցում շրջված լսարանում» վերապատրաստման դասընթացին:
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԿՈՌԵԳԻՈՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԼԱՆԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Բնության համաշխարհային հիմնադրամի կովկասյան մասնաճյուղը (WWF-Caucasus) դեկտեմբերի 3-7-ը Թբիլիսիում կազմակերպել էր Կովկասյան էկոռեգիոնի պահպանման պլանի վերանայման տարածաշրջանային հանդիպում, որին մասնացել են ԵՊՀ ներկայացուցիչները: