29.12.2015 | 
Կրթություն
ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՊՀ-ՈՒՄ
ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՊՀ-ՈՒՄ
Դեկտեմբերի 15-ից 31-ը ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը հյուրընկալել էր Մադրիդի Ինքնավար համալսարանի պրոֆեսոր Ղազարոս Ղազարյանին:

Գիտաուսումնական սեմինարների շարքն իրականացել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) և ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության աջակցությամբ:

Այցի շրջանակներում Ղազարոս Ղազարյանը դեկտեմբերի 17-ին և 21-ին հանդես է եկել գիտական զեկուցումներով, որոնք վերաբերել են ընդհանրացված Ֆուրյեի շարքերին (ԸՖՇ): Ցույց է տրվել, որ դրանք ունեն անմիջական կիրառություններ տեղաշարժերի նկատմամբ ինվարիանտ ենթատարածությունների ուսումնասիրության հարցերում:

Դեկտեմբերի 24-26 և 28-ին Ղազարոս Ղազարյանը հանդես է եկել «Վեյվլետ համակարգերի հիմունքներ» խորագրով դասախոսությունների շարքով: Ըստ նրա՝ Վեյվլետ համակարգերը (wavelet systems) վերջին 20-30 տարում ունեն բազմաթիվ կիրառություններ գիտության տարբեր բնագավառներում: Դասախոսությունների շրջանակում դիտարկվել են վեյվլետ համակարգերի պարզ օրինակներ և քննարկվել բազմամասշտաբ վերլուծությանը մեթոդը (MRA)՝ վեյվլետ համակարգեր կառուցելու համար:

Մեզ հետ զրույցում Ղազարոս Ղազարյանը փաստեց, որ դասախոսությունների թեմաներն ընտրվել են նախօրոք՝ երկու կողմերի համաձայնությամբ. «Որոշեցինք ընտրել այնպիսի թեմաներ, որոնք սերտորեն առնչվում են կիրառական մաթեմատիկայի հետ՝ ելնելով հետաքրքրությունների մեծ շրջանակից»:

Մադրիդի Ինքնավար համալսարանի պրոֆեսորը, ով նույնպես ավարտել է ԵՊՀ-ն, վստահեցնում է, որ Մայր բուհը թե՛ ուսումնական պլանի, և թե՛ մասնագետների առումով չի զիջում արտասահմանյան առաջատար բուհերին. այստեղ կարելի է հիանալի մասնագետ դառնալ:

Պրոֆեսորը նշեց նաև, որ Մայր բուհում ֆինանսական աջակցությունն է պակաս. գիտնականը չի կարող և՛ գիտությամբ զբաղվել, և՛ օրվա հացի խնդիր լուծել: Այս առումով է միայն, որ մեր բուհը զիջում է արտասահմանյան բուհերին:

«Եթե համալասարանը կարողանա ֆինանսապես առավել կայուն դառնա բոլոր առումներով, ապա նորանոր նվաճումներն ու առաջընթացներն ակնհայտորեն մեծ աճ կգրանցեն»,- հավելեց Ղազարոս Ղազարյանը:

Այլ նորություններ
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնը Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի և իրավագիտության ֆակուլտետի հետ համատեղ կազմակերպեց հանդիպում ի.գ.դ., պրոֆեսոր Վահե Ստեփանյանի հետ՝ նպատակ ունենալով ուսանողներին ծանոթացնելու Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հրատարակած հոդվածների ժողովածուի կարևոր թեմաներից մեկին:
ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ հայ արձակագիր Ստեփան Ալաջաջյանի «Եղեգները չխոնարհվեցին» գրքի շնորհանդեսը՝ ևս մեկ անգամ արժևորվելու և կարևորվելու ստեղծագործության ուրույն դերը գրականության մեջ: