21.04.2016 | 
Ուսանողական
ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ
ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ
Ապրիլի 20-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպված Եվրոպական խորհրդարանի նիստ-սիմուլյացիոն խաղը:

Միջոցառման նպատակը ԼՂ հիմնախնդրի քննարկումն էր, քաղաքական և իրավական հնարավոր լուծումների վերհանումը, ինչպես նաև այդ հարցի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի իրավասությունների շրջանակում համապատասխան բանաձևի ընդունումը:

 

Կազմակերպիչները վստահ են, որ անգլերեն լեզվով անցկացված նիստի լուսաբանումը հնարավորություն կտա միջազգային մակարդակով բարձրաձայնելու այս հիմնախնդիրը և դրա իրավական լուծման ուղիները:

 

Բանավեճի ձևաչափով կազմակերպված նիստի ընթացքում ներկայացված ուսանողների ելույթները վերաբերում էին ԼՂ հակամարտությանը, ԼՂՀ կարգավիճակին, 1994 թ.-ի հրադադարին և այն խախտելու դեպքերին, Ադրբեջանի Հանրապետության ներքաղաքական կյանքին, ինչպես նաև վերջինիս կողմից իրականացված միջազգային մարդասիրական իրավունքի խախտմանը: Անդրադարձ եղավ նաև տարածքային ամբողջականության սկզբունքին և ժողովրդի ինքնորոշման իրավունքին:

 

Ուսանողները շեշտադրեցին այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբևէ չի կարող գտնվել Ադրբեջանի Հանրապետության իշխանության ներքո վերջինիս վարած հակահայկական քաղաքականության և ջարդերի պատճառով, իսկ ԼՂ հակամարտության լուծումը, ըստ ուսանողների, ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման փաստը (10.12.1990 թ.-ի հանրաքվեի միջոցով) հաստատելն ու անկախությունը ճանաչելն է:

 

 

Միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն բակալավրիատի, այլև մագիստրատուրայի ուսանողները, ինչպես նաև ասպիրանտները: Սիմուլյացիոն խաղը եզրափակվեց Եվրոպական խորհրդարանի կողմից ներկայացված բանաձևի միաձայն ընդունմամբ:

 

Եվրոպական խորհրդարանի նախագահը ընթերցեց բանաձևի տեքստը, այն է՝ դատապարտել Ադրբեջանի Հանրապետությանը 1994 թ.-ի հրադադարի ռեժիմը խախտելու, արգելված զինատեսակներ կիրառելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը խախտելու համար: Խորհրդարանը հաստատեց նաև այն փաստը, որ ԼՂՀ ժողովուրդը իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը և Եվրոպական միության անդամ պետություններին ու միջազգային հանրությանը կոչ է անում ճանաչել ԼՂՀ անկախությունը:

 

Նիստին ներկա էր նաև Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ով բարձր գնահատեց ՈՒԳԸ-ի նախաձեռնությունը:

 

«Այս միջոցառումն իր բնույթով եզակի և աննախադեպ է ֆակուլտետի համար: Ողջունելի է նաև հենց այս օրերին ուսանողների կողմից իրականացվող ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ քննարկումը և այն լուծելու իրավական ուղիների մատնանշումը»,- նշեց Գագիկ Ղազինյանը և հավելեց, որ ֆակուլտետը հետագայում կստանձնի նմանօրինակ միջոցառումների՝ նաև միջբուհական մակարդակով կազմակերպման ու անցկացման գործընթացը:

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋԻՆ՝ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող բանավեճի մասնագիտացված ակումբն իր գործունեության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է մեկշաբաթյա դասընթացներ, որոնց հաջորդում է բուն առաջնության փուլը:
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է». ՕՐԻՆԱԿԵԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԻ ԿԵՐՊԱՐՈՒՄ ՄԱՆԵ ԾԱՏՈՒՐՅԱՆՆ Է
21-ամյա Մանե Ծատուրյանն այն համալսարանականներից է, որի նպատակասլաց կերպարը, անկասկած, օրինակ կարող է ծառայել յուրաքանչյուր երիտասարդի համար: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Մանեն արդեն իսկ լուրջ ձեռքբերումներ ունի թե՛ ուսման մեջ, թե՛ կարիերայի ստեղծման գործընթացում, թե՛ հասարակական ոլորտում: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրանտը փայլուն ուսանող է, որն ապրում է ներհամալսարանական և հասարակական ակտիվ կյանքով: Դեռևս 1-ին կուրսից նա եղել է ՈՒԽ անդամ, կազմակերպել ու մասնակցել ուսանողական միջոցառումների՝ չմոռանալով կրթության ու առաջադիմության մասին: Մանեն նաև անվճար է սովորում և ստանում «Ջոն Կիրակոսյանի անվան» կրթաթոշակ: