02.10.2018 | 
Գիտություն
ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ԴԱՐՁԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ԴԱՐՁԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողուհի Լենա Թանգամյանը մասնակցել է «ԱՐՓԱ» ինստիտուտի նորարարության մրցույթին` ներկայացնելով «Ջրային համակարգերից մետաղների կորզումը ՄԱՆ-մոդիֆիկացված ցեոլիտների կիրառմամբ» թեման և արժանացել պատվոգրի ու 600 ԱՄՆ դոլար պարգևի:

Լենա Թանգամյանը նորարարության մրցույթին մասնակցում է երկրորդ անգամ: Նախորդ տարի մրցույթի մասնակից խմբի անդամ է եղել, որի ներկայացրած աշխատանքը ևս արժանացել էր մրցանակի։ Այս տարի Լենայի ներկայացրած աշխատանքի գիտական ղեկավարը ԵՊՀ անօրգանական և անալիտիկ քիմիայի  ամբիոնի դոցենտ Լուսինե Հարությունյանն է:

 

«Յուրաքանչյուր մրցանակից հետո զգում եմ պատասխանատվություն ու  պարտավորվածություն է՛լ ավելի կարևոր, է՛լ ավելի անհրաժեշտ նորարարություն կատարելու ու մարդկությանը պիտանի դառնալու համար։ Հասկացել եմ, որ պետք է ձգտել ավելիին, չպետք է բավարարվել այն մրցանակներով, որոնք ստացել եմ, որովհետև այս մրցույթներն ինձ համար մրցանակ կամ գումար վաստակելու հարթակ չեն։ Դրանք միջոց են մարդկությանը ծառայելու այնպես, ինչպես բժիշկը՝ հիվանդին»,- մեզ հետ զրույցում ասաց Լենան:

 

Պատմելով ներկայացրած թեմայի կարևորության մասին՝ Լենան պարզաբանեց, որ բազմաթիվ մետաղներ արտանետվում են շրջակա միջավայր՝ որպես արդյունաբերական թափոններ` առաջացնելով հողի ու ջրի լրջագույն աղտոտումներ և դառնալով կենդանի օրգանիզմների բազմաթիվ հիվանդությունների առաջացման պատճառ. «Հայաստանի  համար այս խնդիրն առավել կարևոր է՝ պայմանավորված ՀՀ տարածքում լայնածավալ իրականացվող հանքարդյունաբերությամբ»։ 

 

«Ելնելով խնդրի կարևորությունից՝ առաջնային է մշակել տարատեսակ թափոնաջրերից և թափոնահոսքերից մետաղների կորզման արդյունավետ և միաժամանակ տնտեսապես շահավետ ու շրջակա միջավայրի համար անվնաս տեխնոլոգիաներ։ Մշակվել եմ կիրառման տեսանկյունից պարզ տեխնոլոգիական սխեմա, որը հնարավորություն է տալիս իրականացնելու մետաղների կորզում 70-80 % արդյունավետությամբ»,- ասաց Լենան:

 

Նա առաջարկել է թափոնաջրերից մետաղների կորզումն իրականացնել տեղական ալյումինասիլիկատային կավահողերի կիրառմամբ, մասնավորապես սորբցիոն հատկությունների բարելավման և մետաղների առավելագույն կորզման համար կիրառել  Նոյեմբերյանի Նոր Կողբ տեղամասի ցեոլիտը ՝ այն մոդիֆիկացնելով կատիոնային մակերևութային ակտիվ նյութ հեքսադեցիլտրիմեթիլամոնիումի բրոմիդով:

 

«Տեղական հումքի սորբենտների կիրառումը տնտեսապես մատչելի է դարձնում առաջարկվող տեխնոլոգիական սխեման, իսկ մետաղների կորզման համար օգտագործված ադսորբենտը սպառումից հետո կարելի է կիրառել շինարարությունում՝ որպես կավային բաղադրիչի մաս (դեսորբցիա չի դիտվում), հետևաբար առաջարկվող եղանակը նաև անվնաս է շրջակա միջավայրի համար»,- հստակեցրեց Լենան։

 

Մեզ հետ զրույցում մրցանակակիրը շնորհակալություն հայտնեց մրցույթի կազմակերպիչներին՝ երկրորդ տարին անընդմեջ ներկայացրած աշխատանքները բարձր գնահատանքի արժանացնելու համար. «Չկա ավելի հաճելի բան, քան զգալ, որ քո կողմից նվաճած բարձունքը գնահատվում է։ Ամեն անգամ նման զգացողություններից հետո հասկանում ես, որ զուր չէ սովորելը, զուր չէ փորձելը, զուր չէ պայքարելը, ինչու չէ նաև երազելը։ Երազանքներն իրականանում են, երբ ջանասիրաբար աշխատում ես, քո նկատմամբ դրական ես տրամադրված ու հավատում ես ուժերիդ: Հուսով եմ, որ իմ նվաճմամբ օրինակ կդառնամ յուրաքանչյուրի համար»:

 

 Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏ․ ՊԱՅՔԱՐ ԲՆՈՒԹՅԱՆ ԴԵ՞Մ
21-րդ դարում արհեստական ինտելեկտը հեղեղել է աշխարհը․ խելացի սարքավորումներ, մեքենաներ, տներ, մարդիկ։ Ի՞նչ կարելի է սպասել այս տեմպով զարգացող տեխնոլոգիաներից։ Հարցի մասին զրուցել ենք ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր Սամսոն Դավոյանի հետ։
«ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԷՐ ՍՈՑԻԱԼ- ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐՈՎ». ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ» 6-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկեց «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր» խորագրով միջազգային 6-րդ գիտաժողովը: