04.06.2018 | 
Կրթություն
ԱՅՍ ՏԱՐԻ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐԿՆԱԿԻ ՆՎԱԶԵԼ Է
ԱՅՍ ՏԱՐԻ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐԿՆԱԿԻ ՆՎԱԶԵԼ Է
«Բակալավրիատի դիմում-հայտերի ընդունելության առաջին փուլում ԵՊՀ է դիմել 1519 դիմորդ, իսկ նախորդ տարի` նույն ժամանակահատվածում, ԵՊՀ է դիմել 2632 դիմորդ»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը։

Նշենք, որ բակալավրիատի 2018-2019 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի ընդունելության առաջին փուլը, որը մեկնարկել էր մայիսի 5-ին, ավարտվեց հունիսի 1-ին: Այս փուլում դիմել են դպրոցների այս տարվա և նախորդ տարիների շրջանավարտները։

 

Նրա խոսքով,  ըստ դիմորդների անվճար առաջին հայտերի՝ ամենաշատ դիմորդ ունեն «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա», «Տեղեկատվական անվտանգություն», «Իրավագիտություն», «Միջազգային հարաբերություններ», «Սերվիս», «Հանրային կառավարում», «Լրագրություն», «Կառավարում», «Ֆինանսներ» մասնագիտությունները:  Ըստ դիմորդների անվճար առաջին հայտերի՝ քիչ դիմորդներ ունեն հետևյալ՝ «Քիմիա», «Սննդի անվտանգություն», «Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա», «Երկրաբանություն», «Կենսաբանություն», «Կենսաքիմիա», «Աստվածաբանություն», «Եկեղեցաբանություն» մասնագիտությունները: Նրա խոսքով, այս տարի ԵՊՀ-ում չկա այնպիսի ֆակուլտետ, որը ընդհանրապես դիմորդ չի ունեցել:

 

Նշենք, որ դիմում հայտերի ընդունելության երկրորդ փուլը կսկսվի հունիսի 24-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ, որին կմասնակցեն արհեստագործական ուսումնարանների ու քոլեջների շրջանավարտները, երկքաղաքացիները և օտարերկրյա քաղաքացիները, այս տարվա գարնանային-ամառային զորակոչից զորացրված դիմորդները, արտասահմանյան ուսումնական հաստատություններում սովորող ՀՀ քաղաքացիները։

 

Վ. Գալստյանը հայտնեց, որ ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի դիմորդը կարող է հայտագրել երկու անվճար և ութ վճարովի տարբեր մասնագիտություններ: Նրա խոսքով, ընդունելությունը կիրականացվի 52 կրթական ծրագրերի ուղղությամբ:

 

ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը տեղեկացրեց, որ այս տարի հատկացվել են 2870 վճարովի և 339 անվճար տեղեր, որոնցից 38-ը նախատեսված են բանակից զորացրված դիմորդների համար:

 

«Այս տարի դիմորդների թվի նվազման պատճառը 12-ամյա կրթական համակարգի անցումն է, որի պատճառով էլ նախորդ տարվա համեմատ այս տարի նվազել է շրջանավարտների թիվը: Անցած տարի հանրապետությունում ունեինք մոտ 20 հազար շրջանավարտ, իսկ այս տարի այդ թիվը կրկնակի նվազել է, ունենք շուրջ 9600 շրջանավարտ»,- ասաց բանախոսը և հավելեց, որ դրական գնահատականներ ստացած բոլոր դիմորդները կընդունվեն, սակայն անվճար ընդունված դիմորդներին այս ուստարում տարկետման իրավունք չի տրամադրվի:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
5 ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, ՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
«Եթե ես լինեի ուսանող և ունենայի այսպիսի լայն-լայն-լայն ընտրության հնարավորություններ, ամենայն հավանականությամբ, կմնայի հասարակագիտության ոլորտում»:
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը Պալեանների անվան դահլիճում հյուրընկալել էր «Երևակ» կրթահամալիրի ավագ դասարանների աշակերտներին: