26.05.2018 | 
Հասարակություն
ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՆԱՄԱԿԱՆԻՆ
ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՆԱՄԱԿԱՆԻՆ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Արամ Մանուկյան նամականի (1904-1915)» գրքի շնորհանդեսը:

Պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի (հեղափոխական անունն է 1904 թ.-ից, իսկ իսկական անուն-ազգանունը՝ Սարգիս Հովհաննիսյան) նամականու գրքի շնորհանդեսը կազմակերպվել էր ՀՀ հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձին  նվիրված «Հայաստանի Հանրապետություն - 100» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակում:

 

Նամակների ժողովածուն կազմել է անվանի հայ պատմաբան Երվանդ Փամբուկյանը՝ հավաքելով Բոսթոնի ՀՅԴ արխիվից Արամ Մանուկյանի և նրան ուղղված մեծամասամբ անհայտ նամակները՝ գրված 1904-1915 թթ.-ին:

 

 

Հյուրերին նախ ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը. «Աշխատությունն ընդգրկում է 20-րդ դարի սկզբի ազգային-քաղաքական ու պետական գործչի՝ Արամ Մանուկյանի շուրջ 325 անտիպ նամակներ, ինչպես նաև մի շարք փաստաթղթեր: Նախագիծը սկսվել է շուրջ 4 տարի առաջ: Տեղեկանալով նախաձեռնության մասին՝ ԵՊՀ-ն հանձն է առել տպագրել աշխատությունը՝ 1.000 օրինակ տպաքանակով: Նշեմ նաև, որ կազմել ենք 1904-1915 թթ.-ին Արևմտյան Հայաստանում Արամ Մանուկյանի ծավալած գործունեության քարտեզը»:

 

Գրքի ստեղծման պատմությունը, ինչպես նաև բովանդակային որոշ տվյալներ ներկայացրեց գրքի հեղինակ Երվանդ Փամբուկյանը:

 

«Գրքի ընթերցողը հնարավորություն կունենա հստակորեն պատկերացնելու Արամ Մանուկյանի կյանքի ու գործունեության այն դժվարին ժամանակաշրջանը, երբ Օսմանյան Թուրքիայի տիրապետության ճնշումների տակ գտնվող, փախստականի կարգավիճակում հայտնված և առողջական լուրջ խնդիրներ ունեցող գործիչը գծագրում էր հայոց պետականության վերականգման նախագիծը»,- նշեց Ե. Փամբուկյանը և շնորհակալություն հայտնեց նախաձեռնությանն աջակիցներին՝ ի դեմս ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի և Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանի:

 

 

ԵՊՀ հրատարակչության ջանքերով հրատարակված նամականին նաև լույս է սփռում Արամ Մանուկյանի՝ ազգային-ազատագրական պայքարի մի մասը կազմող Վան-Վասպուրականի հայության ինքնապաշպանության գործընթացում ունեցած գործունեության վրա:

Հանդիպման ավարտին ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի, Երևանի պետական համալսարանի և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ կազմակերպված երկօրյա գիտաժողովն ամփոփեց ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանն ու բաժանմունքների նախագահողները:

Այլ նորություններ
«ԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՃԱԽ ԷԻ ՍԻՐԱՀԱՐՎՈՒՄ» ՅԱԿՈԲ ՎՈԼԺԱԿ
2010 թվականից Երևանի պետական համալսարանը տարածաշրջանի մյուս 4 առաջատար համալսարանների հետ իրականացնում է «Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Կովկասում» մագիստրոսական ծրագիրը, որի մասնակիցներից մեկը Լեհաստանից ժամանած Յակոբ Վոլժակն է:
ԼԵՀԱԿԱՆ ՇՈՒՆՉԸ ԵՊՀ-ԻՑ ՆԵՐՍ
Ագնիեշկա Վաշիլչուկը լեհերենի դասախոս է, Հայաստան է գործուղվել Արտերկրում լեհական կրթության զարգացման կենտրոնի կողմից: Լեհերեն է դասավանդում Երևանի պետական համալսարանում, Հայաստանում լեհերի «Պոլոնիա» միությունում և «Պոլսկա Ռոդզինա» ընկերությունում: