28.11.2017 | 
Ուսանողական
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐՆ ԷՐ ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐՆ ԷՐ ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում համալսարանականները հյուրընկալեցին Արցախի հերոս, ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանին:

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման նպատակն էր ուսանողներին ծանոթացնել Արցախի Հանրապետության (ԱՀ) ռազմաքաղաքական իրավիճակին:

 

Գեներալի ռազմաքաղաքական ուղուն անդրադարձավ և կենսագրական որոշ տվյալներ ներկայացրեց ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանը:

 

«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Արցախյան շարժման առաջամարտիկին, ով լուրջ ներդրում է ունեցել Արցախյան ազատամարտի տարիներին և այսօր էլ մեծ դերակատարում ունի ներկայումս ծավալվող ռազմաքաղաքական զարգացումներում»,- ասաց ուսանողական կառույցի ղեկավարը:

 

Այնուհետև Արթուր Աղաբեկյանը հանդես եկավ «Տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները» թեմայով դասախոսությամբ:

 

«Ուսանողների հետ հանդիպումները, անկասկած, հաճելի են և կարևոր: Չնայած սովորել եմ Պոլիտեխնիկում, սակայն օրվա մեծ մասը Մայր բուհի բակում էի անցկացնում, քանի որ ընկերներս համալսարանականներ էին»,- ասաց Արթուր Աղաբեկյանը:

 

Գեներալն անդրադարձավ տարածաշրջանում ծավալվող գործընթացներին, ներկայացրեց ռազմաքաղաքական համատեքստում կանխատեսվող զարգացումները և մատնանշեց այն առանցքային խնդիրներն ու ոլորտները, որոնք Հայաստանին թույլ կտան մեր տարածաշրջանում ավելի մրցունակ լինել և դիմակայել մարտահրավերներին:

 

«Ժամանակի ընթացքում մեր տարածաշրջանի ռազմաքաղաքական դաշտում բազմաթիվ փոփոխություններ տեղի ունեցան, իսկ Ապրիլյան պատերազմից հետո գերտերությունների կողմից  աշխարհաքաղաքական վերանայումներ եղան և արդյունքում առաջ եկավ «եթե»-ների մի ամբողջ շարք: Այս իրավիճակում մենք փորձեցինք շահեկան դիրք գրավել, կոշտ հայտարարություններ անել և թելադրել խաղի մեր կանոնները»,- նշեց գեներալը:

 

 

Հյուրն անդրադարձավ նաև Արցախի Հանրապետության ղեկավարության և քաղաքացիների համար առաջնահերթ հանդիսացող մի շարք խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող գործընթացներին:

 

Հանդիպման ավարտին Արթուր Աղաբեկյանը պատասխանեց նաև ուսանողներին անհանգստացնող մի շարք հարցերի:

Այլ նորություններ
«Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ». ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ներֆակուլտետային ինտելեկտուալ խաղ-մրցույթը:
ԵՊՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԹԻԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Հանրապետության ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով հոկտեմբերի 5-ին Երևանյան լճի տարածքում գտնվող ջրային մարզաձևերի մարզակայանում անցկացվեց «Դրակոնբոութ» (թիավարական մակույկներ) և «Կոնցեպտ» (վարժասարքեր) մարզաձևերի բուհական առաջնությունը, որի մասնակցել են 8 բուհերի հավաքականներ: