04.07.2018 | 
Կրթություն
ՀՈՒԼԻՍ 15-ԻՆ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ 2018-2019 ՈՒՍՏԱՐՈՒՄ ՄԱՅՐ ԲՈՒՀ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ
ՀՈՒԼԻՍ 15-ԻՆ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ 2018-2019 ՈՒՍՏԱՐՈՒՄ ՄԱՅՐ ԲՈՒՀ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ
Մայր բուհում բակալավրիատի 2018-2019 ուսումնական տարվա դիմում-հայտերի ընդունման երկու փուլում միասին ԵՊՀ է դիմել 1659 դիմորդ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը։

Բակալավրիատի դիմում-հայտերի ընդունման առաջին փուլում համալսարան  է դիմել 1519 դիմորդ, իսկ երկրորդ փուլում՝ 140 դիմորդ: Այս տարի ԵՊՀ-ում հայտագրված դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 1132-ով:

 

Վաչագան Գալստյանը նշեց, որ հուլիս 15-ին կհրապարակվի 2018-2019 ուստարվա ընդունելության մրցույթի արդյունքներն ու Մայր բուհ ընդունված դիմորդների անվանացանկը: Հուլիսի 15-20-ն ընկած ժամանակահատվածում սկսվելու է թափուր տեղերի համար մրցույթը, որին կարող են դիմել այն դիմորդները, ովքեր ընդունելության քննությունների արդյունքում հավաքած դրական միավորներով չեն ընդունվել իրենց դիմում-հայտում նշված մասնագիտությունների գծով: Իսկ հուլիսի 25-ին կհրապարակվի նաև թափուր տեղերի համար հայտարարված մրցույթի արդյունքները:  

       

Նրա խոսքով,  ըստ դիմորդների անվճար առաջին հայտերի՝ ամենաշատ դիմորդ ունեն «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա», «Տեղեկատվական անվտանգություն», «Իրավագիտություն», «Միջազգային հարաբերություններ», «Սերվիս», «Հանրային կառավարում», «Լրագրություն», «Կառավարում», «Ֆինանսներ» մասնագիտությունները: 

 

Ըստ դիմորդների անվճար առաջին հայտերի՝ քիչ դիմորդներ ունեն հետևյալ՝ «Քիմիա», «Սննդի անվտանգություն», «Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա», «Երկրաբանություն», «Կենսաբանություն», «Կենսաքիմիա», «Աստվածաբանություն», «Եկեղեցաբանություն» մասնագիտությունները:

 

Վ. Գալստյանը հայտնեց, որ ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի դիմորդը կարող է հայտագրել երկու անվճար և ութ վճարովի տարբեր մասնագիտություններ: Նրա խոսքով, ընդունելությունը կիրականացվի 52 կրթական ծրագրերի ուղղությամբ:

 

ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը տեղեկացրեց, որ այս տարի հատկացվել են 2870 վճարովի և 339 անվճար տեղեր, որոնցից 38-ը նախատեսված են բանակից զորացրված դիմորդների համար:

 

«Անցած տարի հանրապետությունում ունեինք մոտ 20 հազար շրջանավարտ, իսկ այս տարի այդ թիվը կրկնակի նվազել է, ունենք շուրջ 9600 շրջանավարտ: Այս տարի դիմորդների թվի նվազման պատճառը 12-ամյա կրթական համակարգի անցումն է, որի պատճառով էլ նախորդ տարվա համեմատ այս տարի նվազել է շրջանավարտների թիվը»,- նշեց նա:

Վ. Գալստյանը ասաց, որ դրական գնահատականներ ստացած բոլոր դիմորդները կընդունվեն, սակայն անվճար ընդունված դիմորդներին այս ուստարում տարկետման իրավունք չի տրամադրվի:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՆԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՒ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ. ՊԱՐԶԱԲԱՆԵՑ ՀԱՅՏՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱԼԵՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Այսօր ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում «Հիմնական քաղցկեղածինները և օնկոլոգիական հիվանդությունները Հայաստանում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Մոսկվայի պետական համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկական օրգանական քիմիայի լաբորատորիայի վարիչ Վալերի Պետրոսյանը:
ՎՈՐՈՆԵԺԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐԴԱՑԻՆ ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ «Жанровые искания в творчестве А.И. Солженицына» խորագրով դասախոսություն և «Обзор доступных электронных ресурсов по русскому языку, литературе, культуре, истории России» թեմայով սեմինար: