05.10.2018 | 
Հասարակություն
«Հ. ԱՃԱՌՅԱՆԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴ ԵՆ». ԻՏԱԼԱՑԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
«Հ. ԱՃԱՌՅԱՆԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴ ԵՆ». ԻՏԱԼԱՑԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ հանդիպում-դասախոսություն Իտալիայի Նեապոլ քաղաքի «L'Orientale» համալսարանի պրոֆեսոր Ջանկարլո Սկիռուի հետ:

Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանն իր երախտագիտությունը հայտնեց իտալացի մասնագետին հրավերն ընդունելու համար՝ հույս հայտնելով, որ նմանատիպ նախաձեռնությունները շարունակական կլինեն:

 

Մեզ հետ զրույցում հանդիպման կազմակերպիչ, դոցենտ Գրիգոր Ղազարյանը նշեց, որ  հանդիպման կազմակերպման գործընթացը հետաքրքրիր և խորհրդանշական է եղել:

 

«Ջանկարլո Սկիռուն մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հայերենի բարբառների և գրաբարի նկատմամբ, ուստի մեր կապն ամրապնդվեց հենց այս ոլորտների ուսումնասիրության արդյունքում,- ասաց Գրիգոր Ղազարյանը և հավելեց,- խորհրդանշական է այն, որ այս տարի իտալերենն աշխարհին ներկայանում է «Իտալերենը և համացանցը» խորագրով, մենք էլ կապ հաստատեցինք պրոֆեսորի հետ հենց համացանցի միջոցով: Համացանցի միջոցով ընտրեցինք թեման, պայմանավորվածություն ձեռք բերեցինք, իսկ այսօր պրոֆեսորն արդեն ԵՊՀ-ում է և ֆակուլտետի դասախոսների ու ուսանողների համար դասախոսություն է կարդում»:

 

«Բարբառագիտություն և լեզվաբանություն» թեմայով դասախոսության ընթացքում իտալացի պրոֆեսորը խոսեց լեզվաբանության մեջ բարբառագիտական հետազոտությունների կարևորության և արդիականության մասին, ինչպես նաև անդրադարձավ իտալացի հայտնի լեզվաբան Գրացիադիո Ասկոլիի լեզվաբանությանը վերաբերող այն աշխատություններին, որոնցից սկիզբ  են առել  իտալերենի բարբառագիտությունն ու բարբառագիտական հետազոտությունները:

 

Այնուհետև Ջանկարլո Սկիռուն անդրադարձավ հայ մեծ լեզվաբան Հրաչյա Աճառյանի աշխատություններին՝ դրանք համարելով մեծագույն ավանդ ոչ միայն հայագիտության, այլև լեզվաբանական գիտության բնագավառում:

 

Քննարկման վերջում իտալացի պրոֆեսորը ներկաներին խոստացավ, որ նմանօրինակ գիտական քննարկումները պարբերական բնույթ կկրեն:

Անի Պողոսյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԲԱՐԵՐԱՐ ՄԿՐՏԻՉ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ 200-ԱՄՅԱԿԸ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառում:
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԿԱՆԱՉ» ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ում այսօր ծավալվեց քննարկում «Ջի Այ Զեթ» ընկերություն կողմից ներկայացված «Հայաստանի «կանաչ» աշխատաշուկայի» հաշվետվության շուրջ։