14.01.2020 | 
Հասարակություն
«ԵՍ ԻՆՁ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՆՄԱՆ ԽԵԼԱՑԻ, ՍԹԱՓ ՄՏԱԾՈՂ ՈՒ ՏՐԱՄԱԲԱՆՈՂ, ԾԱՅՐԱՀԵՂ ՀՈԳԱԾՈՒ ԿԻՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱԼԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆ, ՀԱՅԿԱՆՈՒՇ ՇԱՐՈՒՐՅԱՆ
«ԵՍ ԻՆՁ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՆՄԱՆ ԽԵԼԱՑԻ, ՍԹԱՓ ՄՏԱԾՈՂ ՈՒ ՏՐԱՄԱԲԱՆՈՂ, ԾԱՅՐԱՀԵՂ ՀՈԳԱԾՈՒ ԿԻՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱԼԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆ, ՀԱՅԿԱՆՈՒՇ ՇԱՐՈՒՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր Ալբերտ Մակարյանի ու կնոջ՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի N 2 ամբիոնի դոցենտ Հայկանուշ Շարուրյանի հանդիպման ճակատագրական վայրը եղել է ԵՊՀ-ն:

«Լուսե դեմք, բարեկիրթ շարժուձև, մեղմ խոսք ունեցող իմ Հայկանուշը»:

 

«Հայկանուշին առաջին անգամ տեսել եմ մեր Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ծանոթացել, սակայն, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում,- պատմում է գրականագետն ու պարզաբանում:- Միտումով գնացի այնտեղ, հետս տարա անգլերեն գիրք (Բեռնարդ Շոու), որպեսզի իբրև խնդրեմ մի դժվարընկալելի պարբերության թարգմանություն»։

 

«Հայկանուշն օժտված է ծայրահեղ համեստությամբ ու իմաստությամբ, որը գալիս է նախնիների ծննդավայրերից. դրանք Վանա լճի ափին փռված Նարեկ ու Փախներ գյուղերն էին»,- նշում է Ա. Մակարյանը։

Ահա այսպիսի նկարագրությամբ էլ գրականագետը սկսում է բազմաթիվ գարուններ ու ձմեռներ ապրած իր սիրո պատմությունը:

«Գեղեցիկ ու անմոռաց հանդիպումներ այգիներում, «Արաքս» կոչվող սրճարանում ու բազմաթիվ հիշողություններ. դրանք սիրո առաջին խոստովանություններն էին, հավատարմության հավաստիացումները»:

«Մենք ամուսնացանք 1987 թ. հոկտեմբերի 24-ին: Աշնան այդ գեղեցիկ օրը սկիզբ դրվեց մեր ամուսնական գեղեցիկ, հաղթահարելի դժվարություններով ու քաղցրությամբ լի կյանքին»,- ասում է գրականագետը:

Իր ընտանիքի խաղաղ կյանքի բանաձևը ներկայացնելու համար Ա. Մակարյանն ընտրում է երեք բառ՝ սեր, փոխըմբռնում և հասկացվածություն: 

Իսկ կնոջ խոհարարական հմտություններին և սիրելի ճաշատեսակներին անդրադառնալով՝ Ա. Մակարյանն ասում է. «Կինս պատրաստում է շատ համեղ, բայց իմ սիրելի ճաշատեսակը հայկական ավանդական դոլման է՝ խաղողի, հաղարջի կամ լոբու տերևներով, բայց հատկապես կաղամբով»։

Զրույցի վերջում գրականագետը հայտնում է երկար տարիներ պահած սրտի խոսքը, որն առաջին անգամ իր կինը կարդալու է հենց այս հոդվածում. «Այն, ինչ պիտի ասեմ հիմա, երբեք չեմ ասել նրան՝ ես ինձ երջանիկ եմ համարում նման խելացի, սթափ մտածող ու տրամաբանող, ծայրահեղ հոգածու կին ունենալու համար»։

«Գրավիչ, ավելին՝ առինքնող արտաքինին զուգահեռ՝ խոսելու բավական հետաքրքիր, ազատ ոճ ունեցող իմ Ալբերտը»:

«Գրավիչ, ավելին՝ առինքնող արտաքինին զուգահեռ, անշուշտ, համահունչ էր նաև խոսելու բավական հետաքրքիր, ազատ ոճը, որն ակամայից ստիպում էր ուշադրությամբ լսել և կլանվել այդ զրույցով։ Ասեմ ավելին՝ ձեռքի մատանին ևս նպաստում էր, քանի որ կարծում էի, թե արդեն ընտանիք ունի, և զրույցը պարտավորեցնող չէր։ Հետո պարզվեց, որ այդ մատանին իր հայրիկի նվերն էր»,- պատմում է Հ. Շարուրյանը։

Դոցենտն անդրադառնում է ունեցած դժվարություններին և դրանց հաղթահարմանը:

«Մենք բազմաթիվ դժվարություններ ենք հաղթահարել, սկսել ենք վարձակալած բնակարանից, որը, իհարկե, որոշակի անհարմարություններ ստեղծում էր։ Սակայն հիմնական դժվարությունները, անշուշտ, սկսվեցին հայտնի 1990-ականներին, բայց մենք՝ ես և դուստրերս, բարեբախտաբար, այնքան էլ չենք զգացել այդ դժվարությունները, որովհետև ունեցել ենք Ալբերտի մեծագույն աջակցությունը. նա արտասովոր աշխատասեր է և չափազանց հոգատար ամուսին ու հայր»: 

Մեր ընտանեկան խաղաղ կյանքի բանաձևը փոխադարձ նվիրվածությունը, համաձայնությունը և բառերով չարտահայտվող սերն է:

 

Տիկին Շարուրյանն ընտանեկան կյանքի հիշարժան պահերի մեջ առանձնացնում է երեխաների ծնունդները, ընտանեկան նշանակալից տարեթվերը՝ ամուսնու դոկտորական, իր  թեկնածուական ատենախոսությունների պաշտպանությունները, ավագ դստեր ամուսնությունը:

 

«Երեխաներս երեքն են։ Ավագ դուստրերս վաղուց գերազանցությամբ ավարտել են  համալսարանը, աշխատում են, և կարծում եմ՝ կայացել են իրենց կյանքում։ Որդիս դեռևս երկրորդ կուրսի ուսանող է, քանի որ նա մեր ընտանիքում բավական ուշ է հայտնվել։ Ի դեպ, ասեմ, որ ի տարբերություն բանասիրության՝ նա ընտրել է կերպարվեստի ճյուղը, որը, կարծում եմ, իրականում այնքան էլ «շեղում» չէ. չէ՞ որ լեզուն և գրականությունը ևս արվեստ են»։ 

 

Խոսելով նույն վայրում՝ ԵՊՀ-ում աշխատելու մասին՝ Հ. Շարուրյանն ասում է. «Երկուսիս՝ նույն վայրում աշխատելը միայն ջերմացնում և հետաքրքիր է դարձնում մեր առօրյան»:

 

Տիկին Շարուրյանը զրույցն ավարտում է հետևալ մտքերով. «Վստահ եմ, որ շատ խոսքերն աղքատ զգացմունքների նշան են․ կարծում եմ՝ ցանկացած կին ունի գաղտնի պահեր, երբ զրուցում է միայն սեփական սրտի հետ ու հարցնում, թե արդյոք ինքը երջանի՞կ է։ Ես ևս բացառություն չեմ, և իմ պատասխանը միանշանակ այո՛-ն է․ եթե ես հնարավորություն ունենայի կյանքս նորից սկսելու, ապա առանց տատանվելու կանեի նույն ընտրությունը։ Իսկ ինչ վերաբերում է ամուսնուս՝ իրեն ուղղված դեռևս չասված շնորհակալությանը՝ ապա, օգտվելով առիթից, հիմա եմ ասում՝ շնորհակալ եմ իրեն նման հրաշալի երեխաներ ունենալու և նրանց ազնիվ դաստիարակություն տալու համար»:

 

Պատրաստեց Անգին Խաչատրյանը

 

 

Այլ նորություններ
ՌԳԱ ԵՎՐՈՊԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ ԱԼԵՔՍԵՅ ԳՐՈՄԻԿՈՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ-ում այսօր հյուրընկալվել էր Անդրեյ Գրոմիկոյի անվան արտաքին քաղաքական հետազոտությունների ասոցիացիայի նախագահ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Գրոմիկոն:
ԵՊՀ ՄԻԱԿ ԿԻՆ ԱԿԱԴԵՄԻԿՈՍԸ 90 ՏԱՐԵԿԱՆ Է
Այսօր լրանում է Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի պատվավոր վարիչ Լիա Օսիպյանի ծննդյան 90-ամյակը: