11.09.2019 | 
Հասարակություն
«ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՈՐ ԴՈՒ ԵՂԵԼ ԵՍ, ԿԱՍ ՈՒ ԿՄՆԱՍ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ. ՄԻՇՏ ԱՌՈՂՋ ԵՂԻՐ, ԱՆԱՀԻՏ». ԱՇՈՏ ՍԱՂՅԱՆ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՈՐ ԴՈՒ ԵՂԵԼ ԵՍ, ԿԱՍ ՈՒ ԿՄՆԱՍ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ. ՄԻՇՏ ԱՌՈՂՋ ԵՂԻՐ, ԱՆԱՀԻՏ». ԱՇՈՏ ՍԱՂՅԱՆ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Աշոտ Սաղյանի և կնոջ՝ Ֆարմացիայի ինստիտուտի ֆարմատեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնի վարիչ Անահիտ Հովհաննիսյանի հանդիպման ճակատագրական վայրը եղել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը (նախկինում՝ Ամինաթթուների գիտահետազոտական տեխնոլոգիական ինստիտուտ), որից հետո նրանք աշխատանքի են անցել ԵՊՀ-ում և մինչ օրս զբաղվում են գիտական գործունեությամբ:

««Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը, որն այն ժամանակ կոչվում էր Ամինաթթուների գիտահետազոտական տեխնոլոգիական ինստիտուտ, դարձավ մեր հանդիպման ճակատագրական վայրը»:

 

Աշոտ Սաղյանն ավարտել էր ասպիրանտուրան և աշխատանքի անցել Ամինաթթուների գիտահետազոտական տեխնոլոգիական ինստիտուտում՝ որպես սեկտորի վարիչ, երբ հանդիպում է ապագա կնոջը:

 

«ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետն ավարտելուն պես ինձ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում հրավիրեցին աշխատանքի,- պատմում է Ա. Հովհաննիսյանը և հիշում,- ես աշխատում էի Անթափոն արտադրության լաբորատորիայում, որտեղ մեզ հանձնարարվում էր 20 լիտրանոց շշերում լցրած թափոնները խառնել, որը բավական դժվարին աշխատանք էր, և ես, շիշը ձեռքով չպտտացնելու համար, շարժում էի ոտքերով: Հենց այդ պահին էլ իր աշխատասենյակից դուրս եկավ Սաղյանը և տեսնելով իմ այդ աշխատանքը՝ ասաց, որ հետաքրքիր մեթոդ եմ մշակել»:

 

Այսպես սկիզբ է դրվում ապագա զույգի ծանոթությանը:

 

Ա. Հովհաննիսյանը ժպիտով հիշում է, թե ինչպես իր ամուսինն ինստիտուտի տնօրեն դառնալուն պես իրեն ազատում է աշխատանքից:

 

Իսկ Ա. Սաղյանը հիմնավորում է. «Այն ժամանակ ինստիտուտին անհրաժեշտ էին առաջատար մասնագետներ, որոնք ներդրում կբերեին, և ես ստիպված կրճատումներ արեցի՝ առաջինը սկսելով կնոջիցս»:

 

 

«Անահիտն առանձնանում էր ոչ միայն իր արտաքին գեղեցկությամբ, այլև իր շուրջը դժվարություններ ստեղծելու ունակությամբ»:

 

Ա. Սաղյանն անկեղծանում է, որ ի սկզբանե զգացմունքներ է ունեցել Անահիտի հանդեպ, բայց վերջինս իրեն մոտենալու դժվարություններ էր ստեղծել: «Դա ինձ ավելի էր գրավում, միևնույն ժամանակ՝ ուժեղ դարձնում»,- նշում է Ա. Սաղյանը:

 

«Մենք ի սկզբանե լավ ընկերներ դարձանք, իսկ իմ զգացմունքը տարիներ հետո ծնվեց,- ասում է տիկին Հովհաննիսյանը և հավելում,- տեսնելով Աշոտի նպատակասլացությունը, կամքի բացառիկ ուժն ու աշխատասիրությունը՝ հասկացա՝ կողքիս վստահելի մարդ ունեմ»:

 

Իսկ այն հարցին, թե տիկին Անահիտին հասնելու ճանապարհին այլ մրցակիցներ ունեցել է, Ա. Սաղյանը կատակում է, որ գործը դրան չի հասել .«Մենք գործով զբաղված մարդ ենք, մրցակիցների ժամանակ չունենք»:

 

 

«1991 թվականի ապրիլին մեր սերը ծաղկեց»:

 

Զույգը պատմում է, որ սոցիալական դժվարին պայմաններում են իրենք ամուսնացել:

«Մեր ամուսնական կյանքի դժվարություններն առաջին մի քանի տարիներին են եղել, երբ ես չունեի բնակարան և ստիպված էի աշխատել արտերկրում՝ ընտանիքս պահելու համար»,- հիշում է Ա. Սաղյանը:


 

Այդ ընթացքում Ա. Սաղյանը կնքել է պայմանագրեր աշխարհի տարբեր գիտական կենտրոնների և կազմակերպությունների հետ:

 

Այդ ամենի արդյունքում է նաև հիմնվել Հայ-չինական կենսատեխնոլոգիաների կենտրոնը:

«Ես մեկուկես ամսով Չինաստան էի մեկնում, պայմանագիր կնքում, լուծում նրանց առաջադրած խնդիրները և գումարով վերադառնում հայրենիք: Երկար բացակայել չէի կարող, հատկապես, երբ կինս երեխաներիս հետ մենակ էր ապրում»,- պատմում է նա:

 

Իսկ Անահիտ Հովհաննիսյանն էլ հիշում է, որ այդ ընթացքում գումար էր հավաքում նոր տուն գնելու համար. «Մեր սոցիալական դժվարությունները մեզ կոփել են, ամուր ու հաստատակամ դարձրել»:

 

«Դժվարին պայմաններում, շնորհիվ Աշոտի գիտական գործունեության և շահած դրամաշնորհների՝ մենք կարողացանք նոր տուն գնել և ապրել բարեկեցիկ կյանքով»,- հավելում է ամբիոնի վարիչը:

 

«Անահիտի պատրաստած ուտելիքներն անմահական են»:

 

Ա. Սաղյանի խոսքով, ուտեստների ընտրության հարցում ինքը բծախնդիր չէ, բայց Անահիտի պատրաստած ուտելիքներն ուրիշ համ ունեն:


Տիկին Հովհաննիսյանն էլ նշում է, որ ամուսինն ամենաշատը խաշած լոբին է սիրում:

«Իմանալով, թե ինչքան է սիրում խաշած լոբի, ես պատրաստում էի տարբեր համեմունքներով, բայց ամեն անգամ փորձելիս Աշոտն ասում էր, որ իր մայրիկի պատրաստածի համը չունի, մի անգամ էլ, երբ չէի հասցրել համեմել, նա փորձեց ու ասաց, որ հենց այս էր իր ուզածը»,- ծիծաղով հիշում է Ա. Հովհաննիսյանը:

 

«Մենք աշխատավայրում գրեթե չենք շփվում»:

 

«Խստապահանջ վերաբերմունք, պարտականությունների բարեխիղճ կատարում: Ես աշխատում եմ Սաղյանի վստահությունը չչարաշահել»,- նշում է Ա. Հովհաննիսյանը:

 

Նրանց խոսքով, աշխատավայրում համարյա չեն շփվում, իսկ աշխատանքային հարցերն ու խնդիրներն էլ ընտանեկան առօրյա չեն տեղափոխում:

 

«Ամբիոնների վարիչների հետ հիմնականում աշխատում է ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի փոխտնօրենը, իսկ իմ աշխատանքը ծրագրեր գրելն ու գումարներ բերելն է»,- ընդգծում է Ա. Սաղյանը:

 

 

«Իմ ընտանեկան խաղաղ կյանքի բանաձևը խելոք երեխաներ ու նվիրված կին ունենալն է»:

 

Զույգն անկեղծանում է, որ երբևէ իրարից գաղտնիքներ չեն ունեցել: Ապրում են խաղաղ ու երջանիկ՝ առանց հոգսաշատ կռիվների: Նրանք ունեն երկու դուստր և մեկ թոռնիկ:

 

Ա. Սաղյանի համոզմամբ, երջանիկ է այն ընտանիքը, որտեղ երեխաներն ու կինն ավելորդ դժվարություններ ու խնդիրներ չեն ստեղծում: «Շնորհակալ եմ, որ դու եղել ես, կաս ու կմնաս իմ կյանքում. միշտ առողջ եղիր, Անահիտ»,- մաղթում է Ա. Սաղյանը:

 

Իսկ կինն էլ խոստովանում է. «Ես միշտ հիացել ու շարունակում եմ հիանալ Աշոտով: Ես սիրում ու հարգում եմ նրան»:

 

Պատրաստեց Անգին Խաչատրյանը

Այլ նորություններ
ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային 13 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի նիստը
ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ 15 ՏԱՐԵԿԱՆ Է
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ: