20.12.2018 | 
Հասարակություն
«ԱԿՏԻՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՎ ԹՎԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ». ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՆ ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
«ԱԿՏԻՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՎ ԹՎԱՅԻՆ  ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ». ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՆ ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
«Erasmus+ PRINTeL» ծրագրի շրջանակում ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբը դեկտեմբերի 9-16-ն այցելել է Բարսելոնայի համալսարան՝ մասնակցելու «Ակտիվ ուսուցում և թվային տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում՝ M-learning և gamification» խորագրով վերապատրաստման դասընթացներին:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցել են Իրավագիտության ֆակուլտետի դոցենտ Աննա Մարգարյանը, Սոցիոլոգիայի ֆակուլտետի դոցենտ Նվարդ Մելքոնյանը,  Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դոցենտ Սիլվա Պետրոսյանը և  Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դասախոս Դիանա Բագիրյանը:

 

Մեկշաբաթյա վերապատրաստման ծրագրի շրջանակում Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի գործընկեր բուհերից ժամանած ամենատարբեր ուսումնական առարկաների գծով փորձ ունեցող դասախոսները ծանոթացել են լսարանում խաղային տեխնոլոգիաներին, խաղերին, դասընթացի խաղայնացմանը՝ գեյմիֆիկացիային, քննարկել շարժական՝ «mobile» ուսուցման կիրառման նպատակները, գործառույթներն ու առանձնահատկությունները:

 

Դասընթացի մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Բարսելոնայի համալսարանում դասավանդման գործընթացում կիրառվող նորագույն մեթոդաբանությանը ու հատուկ գործիքներին՝ տարաբնույթ թվային հավելվածներին և ծրագրերին (Canva, Slido, Mentimeter,Kahoot, Sparc Video և այլն), որոնց օգտագործումը, ըստ նրանց, դասընթացը դարձնում է առավել հետաքրքիր, հիշվող ու ուսանելի ունկնդիրների համար:

 

Ինչպես փաստում են մասնագետները, ուսուցման գործընթացի խաղայնացումը՝ գեյմիֆիկացիան, լուրջ խաղերը (serious games), խաղերը և դասերի ընթացքում սմարթ հեռախոսների օգտագործումը՝ «m-learning»-ը, զգալիորեն բարձրացնում են ուսանողների շահագրգռվածությունը, մոտիվացնում են նրանց, ապահովում ներգրավումը կրթական գործընթացներում։

 

Այցի շրջանակում վերապատրաստվողներն այցելել են նաև Բարսելոնայի համալսարանի «VR» լաբորատորիան, որտեղ մասնակից են դարձել վիրտուալ իրականության՝ տեխնոլոգիաների միջոցով ականատես դառնալով դասի շրջանակում պատմական իրադարձությունների կառուցակցմանը (Վ․Լենինի 1920 թվականի հրապարակային ելույթի)  և ծանոթացել փորձին, թե ինչպես դրանք կիրառել ուսուցանման նպատակով։

 

Ըստ վերապատրաստման դասընթացի մասնակիցների՝ միջազգային կրթական և աշխատանքային շուկայում ուսանողների մրցունակության ապահովման տեսանկյունից՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը դասավանդման գործընթացներում այսօր ուղղակի անհրաժեշտ նախապայման է, և այդ համատեքստում արդիական ու կարևոր են դառնում այդ մեթոդաբանության և գործիքների կիրառման փորձի փոխառումն ու տեղայնացման հնարավորությունների ապահովումը:

 

Աշխատանքային շաբաթն ամփոփվել է անհատական նախագծերի ներկայացմամբ և փորձի քննարկմամբ:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ»․ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ-ն այսօր հյուրընկալել էր «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press - The New York Times» գրքի հեղինակներին՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության միաբան, գերաշնորհ հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանին և ավստրալահայ գործիչ Արա Քաթիբյանին, որոնք նախ հանդիպեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, այնուհետև Պալեանների անվան դահլիճում հանդես եկան գրքի կազմման և հրատարակման մասին ելույթով։
ՏՆՏԵՍԱՊԵՍ ԶԱՐԳԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ. ԱՀ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները» թեմայով դասախոսություն, որի բանախոսն էր Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: