01.09.2008 | 
ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐՆ ԶԳԱՑԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՇՈՒՆՉԸ
ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐՆ ԶԳԱՑԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՇՈՒՆՉԸ
ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի առաջին կուրսեցիներին հենց սեպտեմբերի 1-ին բազմաթիվ անակնկալներ էին սպասում:
Դեկան Գուրգեն Մելիքյանի ողջույնի խոսքը ոգեւորող, բայց միեւնույն ժամանակ պարտավորեցնող էր: «Լավ ուսանող լինելուց առաջ դուք նախ պետք է լավ մարդ լինեք, հայրենիքի նվիրյալ, զինվոր: Ամեն մեկս մեր երկրի զինվորն ենք: Կարեւոր չէ, թե գործունեության ինչ ասպարեզ եք ընտրել, կարեւորը բոլոր ուժերն այդ գործում հանուն հայրենիքի ի սպաս դնելն է»,- ասաց պարոն Մելիքյանը: Նա պատմեց ֆակուլտետի ավանդույթների մասին, ներկայացրեց ուսումնական գործընթացի կազմակերպումը, խոսեց Մայր բուհի եւ նրա ուսանողի կոչման եւ առաքելության մասին: Նոր ուսանողները ծանոթացան ֆակուլտետի ամբիոններին եւ դասախոսներին: «Նրանց մասին կարծիք կհասցնեք կազմել շատ կարճ ժամանակում: Մեզ մոտ դասավանդում են լավագույն մասնագետները, աշխատում են նվիրյալի պես, որ իրենց իմացածը ձեզ փոխանցեն եւ օգնեն ուսման դժվարին ճանապարհին»,- նշեց Գուրգեն Մելիքյանը: Արեւելագիտության ֆակուլտետի առաջին կուրսեցիներին շնորհավորելու էր եկել Եգիպտոսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը, ով եւս ավարտել է այս ֆակուլտետը 1986 թվականին: «Մեր պետականության համար զարգացած գիտակրթական համակարգի առկայությունը վճռորոշ նշանակություն ունի: Եթե մենք չունենանք նման կայացած համակարգ, չենք կարողանա մրցունակ պետություն լինել»,- ասաց պարոն դեսպանը: Նա կոչ արեց աչքի լույսի պես պահպանել եւ պաշտպանել մեր երկիրն ու պետականությունը. «Այսօր մեր երկիրը դեսպանություններ ունի ամենուր, կարողանում է հոգալ դրանց ծախսերը, եւ մենք կարողանում ենք ձեզ ներկայացնել այնտեղ: Ուստի դուք էլ պարտավորություն ունեք մեր թիկունքը, մեր պետությունը այստեղ ուժեղացնել, ամրապնդել»: Նոր համալսարանականներին ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը առաջին կուրսեցու նվեր-փաթեթներ բաժանեց, ներկայացրեց համալսարանի հիմնական գործառույթները, ստորաբաժանումները, պատմեց ուսանողի իրավունքների եւ պարտականությունների մասին: Առաջին կուրսեցիներին շնորհավորելու համար Արեւելագիտության ֆակուլտետը հրավիրել էր «Ֆայհա» երգչախմբին, որը մեր երկրում էր գտնվում Հայաստանում Լիբանանի շաբաթվա առթիվ: Վերջինս հիմնադրվել է 2003 թվականին Պարգեւ Թասլաքյանի ղեկավարությամբ: Նրա երգացանկում ընդգրկված են արաբական, ֆրանսիական, անգլիական, անդալուզիական, իրաքյան, սիրիական, հայկական երգեր: Վերջիններիս շարքում Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի, Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործություններն էին: Ծավալուն երգացանկով ելույթը բոլոր ներկաներին խաղաղության մասին մտորելու առիթ թվեց: «2006 թվականին Լիբանանյան պատերազմի արդյունքում բոլորը Լիբանանի մասին միայն վատ լույսի ներքո էին խոսում: Իսկ այնտեղ ապրում են սովորական մարդիկ, ովքեր երազանքներ ունեն ու աղոթելու իրավունք»,- ասաց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Պարգեւ Թասլաքյանը: Աշխարհի բոլոր կրոնները դավանող մարդկանց աղոթք-երգը խաղաղության պատգամ էր ամբողջ աշխարհին: