23.09.2008 | 
ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ԵՊՀ-ՈՒՄ
ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ուսանողները պատրաստվում են միջազգային օլիմպիադային:
Սեպտեմբերի 20-ին ԵՊՀ համակարգիչների դահլիճում անցկացվեց համալսարանի ծրագրավորման անհատական օլիմպիադան: Օլիմպիադային մասնակցում էին Կիրառական մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի, Մաթեմատիկայի եւ մեխանիկայի, Ֆիզիկայի եւ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետների 20 ուսանողներ: Օլիմպիադան նախաձեռնել էին ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետի դիսկրետ մաթեմատիկայի եւ տեսական ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ Ռաֆիկ Տոնոյանը եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ ծրագրավորման ամբիոնի դասախոս Արմեն Անդրեասյանը, ովքեր էլ սովորաբար համակարգում են օլիմպիադաների անցկացման աշխատանքները: «Մեր հիմնական նպատակն է ձեւավորել մի ուժեղ թիմ, որը միջազգային օլիմպիադաների ժամանակ կներկայացնի համալսարանը: Մեր ուսանողները բավականին խելացի են, եւ նրանք, անշուշտ, արժանի են լավագույնները լինելու»,- ասում է Արմեն Անդրեասյանը: Մրցույթի մասնակիցները պետք է լուծեին 4 խնդիր: Յուրաքանչյուր խնդրի ճիշտ լուծման համար նախատեսված էր 1 միավոր: Վերջին 4-րդ խնդիրը ոչ մի ուսանող չի կարողացել հաղթահարել: Չորս ժամ տեւած պայքարից հետո հաղթող են ճանաչվել 6 ուսանողներ` Մարտուն Կարապետյանը (ԻԿՄ ֆակ., 1-ին կուրս), Հայկ Բլրցյան (Ֆիզիկայի ֆակ., 1-ին կուրս), Արամ Շատախցյան (ԻԿՄ ֆակ., 2-րդ կուրս), Արմեն Մնացականյան (ԻԿՄ ֆակ., 3-րդ կուրս), Տիգրան Հակոբյան (Մաթեմատիկայի ֆակ., 1-ին կուրս), Կարապետ Կոստանյան (ԻԿՄ ֆակ., 2-րդ կուրս): Հենց այս ուսանողներից էլ կազմվել է ԵՊՀ երկու թիմ: Սեպտեմբերի 27-ին արդեն կանցկացվի թիմային օլիմպիադան,որին կմասնակցեն 7-8 թիմեր: Այս երկու օլիմպիադայի հաղթողները նոյեմբերի 1-ին կմրցեն արդեն Հայաստանի առաջնությունում, որից հետո էլ հնարավորություն կստանան մասնակցելու միջազգային ACM (Association for Computing Machinery) հասարակական կազմակերպության կողմից անցկացվող ICPC (International Collagiate Programming Contest) մրցաշարի կիսաեզրափակիչին, որը տեղի կունենա նոյեմբերի 26-ին: «Իհարկե, հիանալի կլինի, որ մեր ուսանողները կարողանան այդ մրցաշարին մասնակցելու իրավունք ձեռք բերել: Նպատակ ունենք նաեւ Անդրկովկասում մեր թիմի դիրքերն ամրապնդել եւ լավագույնը ճանաչվել»,- ասում է Արմեն Անդրեասյանը: