25.05.2011 | 
Կրթություն, Գիտություն
ԱՊԱԳԱ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
ԱՊԱԳԱ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
ԵՊՀ ուսանողներն առաջին անգամ մասնակցել են «Երիտասարդությունը հանուն խաղաղության» մրցույթին:

Մրցույթը տեղի է ունեցել մայիսի 16-ից 22-ը Մինսկում: Այն նախատեսված էր միայն «Միջազգային մարդասիրական իրավունք» առարկան ուսումնասիրող ուսանողների համար: Կարող էին մասնակցել 18-ից մինչեւ 30 տարեկան ուսանողները: Մրցույթը տեւել է 3 օր, որին նախորդող մի քանի օրվա ընթացքում տարբեր երկրներից ժամանած միջազգային իրավունքի աշխարհահռչակ դասախոսներ մրցույթի մասնակիցների համար դասախոսություններ են կարդացել: «Միջազգային իրավական պատասխանատվությունը ցեղասպանության համար» թեմայով իր աշխատանքն է ներկայացրել նաեւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս Վլադիմիր Վարդանյանը: Մրցույթն անցկացվել է 6-րդ անգամ: Մասնակցել են 17 երկրների ներկայացուցիչներ: Այս մրցույթի սկզբունքներից մեկն այն է, որ միայն մեկ անգամ կարող ես մասնակցել: Յուրաքանչյուր խումբ պետք է բաղկացած լիներ 3 հոգուց: Հայաստանյան խմբի անդամներն էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Ասպրամ Կրպեյանը (մագիստատուրա, I կուրս), Արտակ Գեւորգյանը (մագիստատուրա, II կուրս) եւ Անի Աթանեսյանը (մագիստատուրա, I կուրս): Այս ուսանողներին ընտրել է Եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնը: «Ամբիոնը կազմեց 3 հոգուց բաղկացած խումբը: Նախ մենք մինչեւ փետրվարի 20-ը պետք է գրեինք «Ռոբոտները եւ մարդասիրական իրավունքը» թեմայով էսսե, այնուհետեւ մեզ պատասխան եկավ, որ մենք հաղթել ենք եւ հաջորդ փուլին մասնակցելու համար պետք է գնանք Մինսկ»,- ասաց Անի Աթանեսյանը: Սեմինարին եւ մրցույթին մասնակցելու համար ուսանողները պետք է մոտ 650 եվրո անդամավճար վճարեին: Հայ մասնակիցների ծախսերը հոգացել է Երեւանի պետական համալսարանը: Մրցույթի 3 օրվա ընթացքում մասնակիցների համար ստեղծվել էր հորինված իրավիճակ, այսինքն` այն նմանվում էր խաղի, որի մասնակիցները ուսանողներն էին: «Մեզ համար ստեղծվել էր հատուկ ռեգիոն, որը գոյություն չունի եւ որտեղ առկա էին զինված ընդհարումներ: Տեղանքը եւ անունները հորինված էին: Մրցութային օրերը լրացնում էին մեկը մյուսին, եւ մենք գտնվում էինք այդ հնարված իրավիճակում ու փորձում էինք լուծումներ տալ»,- նշեց Ասպրամ Կրպեյանը: Մրցույթն անցկացվում էր անգլերենով: Կազմակերպիչը «International Institute of Labor and Social Relations» կազմակերպությունն էր: Այն մյուս մրցույթներից տարբերվում էր նրանով, որ այստեղ հաղթողներ չեն եղել. բոլոր մասնակիցներին տրվել են պատվոգրեր:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԱՐՑԵՐ ՄԵԴԻԱՅԻՑ ԵՎ ՀԱՐՑԵՐ ՄԵԴԻԱՅԻՆ. ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՎ ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր Ե. Չարենցի անվան դահլիճում իր աշխատանքներն է սկսել «Հարցեր մեդիայից և հարցեր մեդիային. ձևակերպելով նոր իրականություններ» խորագրով գիտաժողովը, որը նվիրված է ՀՀ հանրային հեռուստաընկերության 65 և հանրային ռադիոընկերության 95-ամյակներին:
ԵՊՀ-Ն ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ (ԱՊՀ) ԵՐԿՐՆԵՐԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ II ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ
Հոկտեմբերին Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվել է ավանդական դարձած «Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների լեզվական քաղաքականությունը» խորագրով II միջազգային կոնգրեսը։