07.04.2009 | 
Ուսանողական, Կրթություն
ԵՊՀ-Ն ԳԻՏԻ` Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ
ԵՊՀ-Ն ԳԻՏԻ` Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ
ԵՊՀ հավաքականը եւս մեկ անգամ ապացուցեց իր գերազանցությունը մյուս բուհերի թիմերի նկատմամբ:

Մարտի 5-ին Երեւանի հայկական բժշկական ինստիտուտի ուսանողական խորհուրդը կազմակերպել էր միջբուհական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի մրցույթ: Մասնակցում էին Երեւանի մի շարք բուհերի 10-ից ավելի թիմեր:

 

Երեւանի պետական համալսարանի հավաքականը կազմվել էր մեր բուհի ինտելեկտուալ խաղերի առաջատար` «Մաֆիոզի», «Ֆոբոս» եւ «Էլ ամառնա» թիմերի անդամներից: Միջազգային հարաբերությունների, Իրավագիտության, Փիլիսոփայության եւ հոգեբանության ու Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետները ներկայացնող 6 ուսանողները` Արամայիս Գրիգորյանը (ավագ), Արսեն Թավադյանը, Մարիամ Գրիգորյանը, Հայկ Խեմչյանը, Կարինե Մուրադյանը եւ Ստեփան Սմբատյանը, հեշտությամբ ներգրավվեցին նույն թիմում: Մրցույթի համար նախատեսված 45 հարցը տրվեց 3 փուլում` 15-ական հարց յուրաքանչյուրի ընթացքում:

 

Հնարավոր 45 միավորից ԵՊՀ հավաքականը հավաքեց 22-ը, թեեւ ուսանողները վստահ են, որ կարող էին ավելի շատ հարցերի պատասխանել: Մեր հավաքականի համար, ըստ մասնակիցների, ամենաուժեղ մրցակիցը Երեւանի պետական բժշկական համալսարանի «Մեդիկուս» թիմն էր: «Բավականին փորձառու թիմ էր, բայց հաղթեցինք մենք: Իհարկե, դա մեզ համար անսպասելի չէր»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց Հայկ Խեմչյանը:

 

ԵՊՀ հավաքականի անդամները խաղի անցկացման մակարդակից գոհ էին, հարցերն էլ շատ լավ էին մշակված: Իրենց հատկապես դուր էր եկել հետեւյալ հարցը. «Մտնում ես մի տեղից, դուրս գալիս 3 տեղից: Երբ դուրս ես գալիս, քեզ թվում է, թե իսկապես դուրս եկար, իսկ իրականում նոր ես մտնում: Ինչի մասին է խոսքը»: Մեր ինտելեկտուալ գիտակներից մեծ ջանքեր չպահանջվեցին պատասխանելու համար. խոսքը վերնազգեստի մասին էր: Առհասարակ, ԵՊՀ-ականների համար ինտելեկտուալ մրցույթը, այսպես ասած, «խաղ ու պար»-ի պես անցավ. նախ` շոկոլադ համտեսեցին, հետո խաղի ընդմիջումների ընթացքում հասցրին երգել, ծիծաղել, նույնիսկ ըմբոստանալ հարցերից մեկի ձեւակերպման դեմ…

 

ԵՊՀ թիմի ավագ Արամայիս Գրիգորյանը տեղեկացրեց, որ այս պահին թիմը մասնակցում է Համահայկական երիտասարդական հիմնադրամի կազմակերպած ինտելեկտուալ խաղերի առաջնությանը, որ տեւելու է 3 ամիս: Անցկացված երեք խաղափուլերից հետո ԵՊՀ թիմն ամրապնդել է առաջատարի իր դիրքերը եւ առաջնության ֆավորիտներից է:

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋԻՆ՝ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող բանավեճի մասնագիտացված ակումբն իր գործունեության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է մեկշաբաթյա դասընթացներ, որոնց հաջորդում է բուն առաջնության փուլը:
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրային ռադիոյում այսօր տեղի է ունեցել Հանրային ռադիոյի և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի համատեղ կազմակերպած «Ռադիոլրագրության վարպետություն» աշնանային դպրոցի բացման արարողությունը: