18.07.2018 | 
Ուսանողական
««ԴԱՇՆԱԿԻ ՈՐԴԻ» ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՆՁ ԶՐԿԵՑԻՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻՑ». ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
««ԴԱՇՆԱԿԻ ՈՐԴԻ» ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՆՁ ԶՐԿԵՑԻՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻՑ». ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Բազմաթիվ մրցանակների ու պատվավոր կոչումների արժանացած, Եվրոպայի երկրաֆիզիկայի ասոցիացիայի անդամ, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը ծնվել է Արարատի մարզի Այգեստան գյուղում:

Նա պատմում է, որ հայրական պապն ու տատը եղել են Վանի նահանգից ու Եղեռնի ժամանակ կորցրել են գերդաստանը. պապը սպանվել է, իսկ տատը, որդուն շալակն առած, հասել է Արևելյան Հայաստան: «Հորս պապը՝ Տեր Դավիթը, եղել է գյուղի քահանան, տատիս հայրը՝ Մկրտիչը, գյուղապետը: Նրանցից ոչ ոք հեշտ ու հանգիստ չի մահացել: Նրանք  մինչև վերջ պայքարել են ապրելու իրավունքի համար»,- պատմում է Գրիգորյանը:

Դեկանը տեղեկացնում է, որ Արևելյան Հայաստան փախչելուց հետո Նանե տատը որդուն հանձնել է Ամերիկյան որբանոց: «Տատս որբանոցից վերցրել է հորս և տեղափոխվել Ողջաբերդ: Ամուսնացել է Հովսեփյան ազգանունով շատ բարի մարդու հետ, որն էլ որդեգրել է հորս, տվել իր ազգանունն ու կտակել ողջ ժառանգությունը»: 

Դեկանը հուզմունքով ու կարոտով պատմում է ծանր ու դժվարին կյանք ապրած Նանե տատի մասին. «Տատս անգրագետ կին էր, բայց ազգային գաղափարով լցված: Անսահման բարի ու հոգատար էր: Քանի որ մեր ընտանիքը համեմատաբար բարեկեցիկ պայմաններում էր ապրում, հաճախ էր թաղի երեխաներին կանչում և կերակրում: Ես այսօրվա նման հիշում եմ՝ տատս դաշտում աշխատող մի խմբի համար խոհարար էր, իսկ ինձ էլ ասում էր, որ միայն խմբի հետ աշխատելու դեպքում իր եփած ճաշից կհամտեսեմ»,- հիշում է դեկանն ու հավելում. «Ես էլ օգնում էի նրանց ու սիրով աշխատում: Պայմանները ծանր ու դժվարին էին, բայց մարդիկ վաղվա օրվա հանդեպ հույսով ու հավատով էին լցված»: 

Մ. Գրիգորյանը հպարտությամբ պատմում է մայրական կողմի արմատների մասին. «Մայրս Խոյի նահանգի Սալմաստ գավառից է եղել, պապս՝ դարբին Սողոմոնը, ապահովել է Դիլմանի ճակատամարտի զենքերի մի մասը»:

Անդրադառնալով ծնողներին՝ դեկանն անհուն սիրով ու ջերմությամբ է պատմում հոր՝ Արիս Հովսեփյանի և մոր՝ Հասմիկ Մելքոնյանի մասին> «Ես ծնվել եմ ուսուցչների ընտանիքում: Հայրս եղել է Այգեստանի դպրոցի տնօրենը, իսկ մայրս՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Գիրքն ու գրականությունը, թերթերն ու ամսագրերն անպակաս են եղել մեր տնից, ունեցել ենք լավ ու մեծ գրադարան»:

Դեկանը նշում է, որ հայրը եղել է ազգային գաղափարների կրող, զբաղվել է ակտիվ հասարակական-քաղաքական գործունեությամբ, ինչի համար էլ երկար տարիներ աքսորվել է. «1937-ին հորս քեռիներին աքսորում ու գնդակահարում են: Հայրս մասնակցում է երիտասարդական շարժմանը, որի համար էլ բռնադատվում է և մոտ 17 տարի անցկացնում է անազատության մեջ»:


Շարունակելով պատմությունը՝ դեկանը նշում է, որ դեռ փոքրուց հակակրանք է ունեցել այն մարդկանց նկատմամբ, ովքեր մասնակից են եղել ծանր հանցանքների. 


«Ես ակտիվորեն մասնակցում էի ճամբարային շարժումներին և հիշում եմ, որ այդ ճամբարներից մեկի բակում փակցրել էին Ստալինի և մյուս ղեկավարների նկարները: 


Ունենալով ներքին հակակրանք՝ ես գիշերը ջարդեցի նկարները: Իսկ առավոտյան բոլորը զարմացել էին, թե ինչ է պատահել, ինչու են կոտրվել նկարները, ու պատասխան չգտնելով՝ մտածում էին, որ քամին է եղել պատճառը»:

Դեկանը նշում է, որ դպրոցում իրեն զրկեցին ոսկե մեդալից «դաշնակի որդի», չարաճճի ու անհանդուրժող լինելու պատճառով. «Ինձ ասում էին, որ «դաշնակի որդի» եմ, իսկ նախանձախնդիր մարդիկ վատ էին տրամադրվում մորս հանդեպ»,- պատմում է նա:

Գրիգորյանը հուզմունքով է հիշում հոր վերադարձը. «Հայրս արդարացվել ու  տուն է վերադարձել 1956 թ.-ին, երբ ես  տասնվեց  տարեկան էի: Ինձ համար արտասովոր էր հորս վերադարձը. երկար տարիներ նա մեզանից հեռու էր ապրել, և միայն նրա գալուց հետո հասկացա՝ ինչ բան է, երբ հայրը զավակի կողքին է լինում։ Երբ տանը տղամարդ կա, երեխաների դաստիարակությունն ավելի դյուրին է ընթանում»:
 

Մ. Գրիգորյանը ջերմեռանդությամբ պատմում է մոր մասին ու հիշում, որ ամռանը մայրը գումար էր տալիս, որ իր երեք երեխաները Երևան գան. «Երևան գալուց առաջ պարտադիր պետք է կատարեինք մորս տված հանձնարարությունները: Ես մշտապես կռիվների մեջ էի, քանի որ չարաճճի ու անհանդուրժող էի»: 

Դեկանը նկատում է, որ մարդկանց մշտապես օգնելն ու նեցուկ լինելը սովորել է մորից. «Մայրս անչափ բարի էր: Նա մեզ սովորեցնում էր օգնել մարդկանց, աջակցել ու երբեք չքննադատել նրանց: Անգամ ամենածանր հանցանք գործած մարդուն նա արդարացնում էր՝ ասելով՝ պետք չէ դատել,որովհետև կյանքն է դաժան եղել նրա հանդեպ»:

Նա հպարտությամբ նշում է, որ գյուղում իրենց ընտանիքը մեծ սեր ու հարգանք է վայելում. «Առաջին դաստիարակությունը ստացել եմ  տանը, ապա՝ համալսարանում. համալսարանում զարգացավ հասարակական-քաղաքական միտքը։ Ես մշտապես ընդդիմացել եմ երկրիս և ժողովրդիս առջև ծառացած վտանգներին»։

Դեկանի բնորոշմամբ,  հայրենի գյուղը հայտնի է այգեգործությամբ. «Հայրենի տունս կանգուն է, իսկ այնտեղ ինձ միշտ սպասում է այգին, որտեղ աճում են ամենահամեղ դեղձը, ծիրանն ու սալորը»:

Կերպավորելով մանկության վերհուշը՝ դեկանը պատմում է այն աշխատանքների մասին, որոնք կատարում էր. «Անասուն էինք պահում և ամեն օր տանում էինք արածեցնելու: Շատ հաճախ ես թերանում էի և այդ պատասխանատու գործը թողնում էի փոքր եղբորս ուսերին»:

Գրիգորյանը նշում է, որ  դպրոցական տարիներից ակտիվորեն մասնակցել է հասարակական կյանքին, եղել է ազգային գաղափարախոսության ջատագովն ու պաշտպանը. «Ես ունեցել եմ ակտիվ ուսանողական կյանք, աչքի եմ ընկել ազգային գաղափարների պաշտպանությամբ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում: Ցեղասպանության հիսունամյա տարելիցին երիտասարդությունն իշխանությանը ներկայացնում էր մեր պահանջատիրության շարժառիթը. այն էր՝  վերադարձնել կորցրած հայրենիքի մի մասը՝ Նախիջևանը, Լեռնային Ղարաբաղը, Արևմտյան Հայաստանը: Մեր պահանջի նպատակն այն էր, որ մենք ոչինչ չէինք մոռացել»: 

Գրիգորյանը կարծում է, որ մեր ժողովրդի կարևորագույն հատկանիշը երբեք չհանձնվելն է. «Հայը չի համակերպվում այն մտքին, որ նրան ցանկանում են հայրենազրկել, և դրա համար էլ վայելում է աշխարհի հարգանքը»:

 Խոսելով կրթական գործընթացի մասին` Գրիգորյանը նշում է, որ քառասուն տարեկանում ընտրվել է դեկան և արդեն քառասուն տարի է շարունակում է ղեկավարել ֆակուլտետը. «1980 թվականին, երբ ընտրվեցի դեկան, ֆակուլտետում դասախոսում էին 5 ակադեմիկոսներ և 7 պրոֆեսորներ: Մտքովս չէր անցնի, որ ես այսքան երկար կաշխատեմ: Իմ նպատակն էր լուծումներ գտնել իմ առջև դրված խնդիրներին»,- ասում է նա ու հավելում, որ անկախ իր տարիքից՝ նա գործում է նույն ավյունով ու եռանդով, ինչպես գործել է ի սկզբանե. «Ապացույցը դասախոսների ու ուսանողների ջերմ վերաբերմունքն ու հարգանքն է»,- ասում է դեկանը:

Անգին Խաչատրյան 

Այլ նորություններ
ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ ԵՊՀ-ՈՒՄ. ՏԱՐՀԱՆՎՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ քաղպաշտպանության ամբիոնն այսօր անցկացրեց կիսամյակային ուսումնավարժանք, որի նպատակն է կատարելագործել ուսանողների տեսական և գործնական ունակություններն ու հմտությունները:
«ԱՐԻ ՄՐՑԵՆՔ».  ԹԱՏՐՈՆԻ ՕՐ ԵՊՀ-ՈՒՄ
«Արի մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈւԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր թատրոնի միջֆակուլտետային մրցույթ։