Մարիա Մենդես Սանտոսը ԵՊՀ է այցելել Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ, դոցենտ Հասմիկ Բաղդասարյանի հրավերով դասախոսների վերապատրաստմանն ուղղված ծրագրերի շրջանակում: «Օտար լեզուների դիդակտիկայի նոր հեռանկարները» և «Ժամանակակից տեխնոլոգիաներն օտար լեզվի դասավանդման գործում» խորագրերով դասախոսությունները նվիրված են իսպաներենի դասավանդման մեթոդիկային:
Հյուրը Ռոմանական բանասիրության ամբիոնին նաև մի շարք մասնագիտական գրքեր է նվիրաբերել:
«Դասախոսների վերապատրաստման ծրագիրը շարունակական բնույթ է կրելու: Նախատեսում ենք պարբերաբար ԵՊՀ հրավիրել դասավանդման բնագավառում արդեն փորձ ունեցող արտասահմանյան մասնագետների, որոնք համալսարանական դասախոսներին կփոխանցեն դասավանդման նորագույն մեթոդները, տեխնոլոգիաներն ու ոլորտի նորարարությունները»,- ասում է Հասմիկ Բաղդասարյանը և հավելում, որ դասախոսները մեծ ոգևորվածությամբ են մասնակցում նմանաբնույթ միջոցառումներին ու թեմատիկ քննարկումներին:
Ամբիոնի վարիչն ընդգծեց՝ դասախոսություններին ներկա են նաև ոչ համալսարանական դասախոսներ, ինչպես նաև դպրոցի ուսուցիչներ. «Հայաստանում քիչ դպրոցներ կան, որտեղ իսպաներենը դասավանդվում է որպես օտար լեզու, ուստի ուսուցիչների մասնակցությունն այս դասախոսություններին ու հանդիպումներին շատ կարևոր է»:
Ալիկանտեի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետի դասախոսն իսպաներենի դասավանդման մեթոդիկայի բնագավառում հարուստ փորձ ունի. 2005 թ.-ից աշխատել է և դասախոսություններով հանդես եկել աշխարհի մի շարք երկրների առաջատար համալսարաններում՝ ԱՄՆ, Ճապոնիա, Իրան, Էստոնիա, Ռումինիա, Ուկրաինա և այլն:
Հավելենք նաև, որ նա Հասմիկ Բաղդասարյանի հետ «Իսպաներեն լեզվի բառագիտություն» և «Իսպաներենն ակադեմիական նպատակների համար» դասագրքերի համահեղինակ է:
«Առաջին անգամ Հայաստան եմ գործուղվել 2009 թ.-ին: Այստեղ շատ ընկերներ ունեմ, հայ գործընկերների հետ կապն ամուր է ու ջերմ: Տարիների ընթացքում շատ դրական փոփոխություններ եմ նկատել տարբեր ենթակառուցվածքների աշխատանքների ու նույնիսկ մարդկանց հագ ու կապի մեջ: Հաճույքով եմ Հայաստան այցելում ու հպարտանում, երբ տարբեր կառույցներում հանդիպում եմ իմ հայ ուսանողներին՝ հիանալով նրանց լեզվական հմտություններով»,- ասում է Մարիա Մենդես Սանտոսը: