13.12.2017 | 
Հասարակություն
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՀՈՒՆԳԱՐ ՏԵՍԱԲԱՆԻՑ
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՀՈՒՆԳԱՐ ՏԵՍԱԲԱՆԻՑ
Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մուլտիմեդիա կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում հունգար տեսաբան Աննա Սիլագիի հետ:

Հանդիպումը կազմակերպվել էր Ժուռնալիստիկայի ֆակուլտետի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ:

 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի դասընթացների համակարգող Մանե Գրիգորյանը ներկաներին ծանոթացրեց Աննա Սիլագիի հետ:

 

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը պարբերաբար փորձագետներ է հրավիրում և կազմակերպում նրանց հանդիպումն ուսանողների հետ: Աննա Սիլագին Հոնկոնգի համալսարանի դասախոս է: Նա դասավանդում է մեդիագրագիտություն, մասնավորապես խոսքի մանիպուլյացիաները քաղաքական տեքստերում»,- ասաց Մանե Գրիգորյանը:

 

Աննա Սիլագին ներկաներին պատմեց իր աշխատանքային գործունեության, ընտանիքի մասին. «Ես մեկ քառորդով հայ եմ: Շատ ուրախ ու հուզված եմ այստեղ գտնվելու համար: Աշխատել եմ որպես հեռուստատեսային լրագրող, սակայն հետո ժուռնալիստիկայից անցում կատարեցի դեպի գիտություն և սկսեցի ավելի շատ զբաղվել ուսումնասիրություններ կատարելով: Ժամանակի ընթացքում հասկացա, որ ինձ հետաքրքրում է լրատվամիջոցներում քաղաքականությանն առնչվող լեզուն: Այժմ աշխատում եմ Հոնկոնգի համալսարանում՝ մեդիայի ու հաղորդակցության բնագավառում»:

 

Սեմինարի ընթացքում Աննա Սիլագին անդրադարձավ խոսքում կիրառվող հնարքներին, որոնք օգտագործում են լրատվամիջոցները և քաղաքական գործիչները՝ որոշակի նպատակներ ունենալով: Նա տեղեկացրեց, որ վերջերս Սթենֆորդի համալսարանի գիտնականները հետազոտություն են արել ու պարզել, որ ԱՄՆ-ում ուսանողները և ավագ դպրոցի աշակերտները նորություններ կարդալիս չեն կարողանում տարբերակել իսկական նորությունը և, այսպես կոչված, պատվիրված բովանդակությունը:

 

«Այս խնդրի պատճառով մենք սկսել ենք ավելի շատ անդրադառնալ մեդիագրագիտությանը, և դա առավելապես մեդիասպառողների համար է: Սովորաբար մեդիագրագիտության դասընթացների ժամանակ անտեսվում է լեզվի թեման: Մարդիկ հաճախ տեղյակ չեն լինում, թե այն ինչպես է օգտագործվում»,- նշեց Սիլագին:

 

Սեմինարավարն անդրադարձավ խոսքի «շրջանակավորմանը» (framing), երբ ինչ-որ  բառ լսելիս ուղեղն այն անմիջապես ասոցիացնում է ինչ-որ օբյեկտի հետ: Աննա Սիլագին փաստեց նաև, որ բառերի ճիշտ համադրման շնորհիվ հնարավոր է գործել նպատակային ազդեցություն:

 

«Որոշ բառերի նպատակային օգտագործումն ու չօգտագործումը բնորոշում են մարդկանց դիրքորոշումն այս կամ այն հարցի վերաբերյալ: Օրինակ՝ հետազոտողներն ուսումնասիրել են հունգարական ու ավստրիական լրատվամիջոցների հրապարակումներն ու պարզել են, որ ի տարբերություն ավստրիական լրատվամիջոցների՝ հունգարական լրատվամիջոցներն ավելի շատ են օգտագործում մարդասիրությանը վերաբերող բառեր: Այս պարագայում ևս առնչվում ենք խոսքի «շրջանակավորման» հետ»,- ասաց Աննա Սիլագին:

 

Բանախոսը կարևորեց նաև խոսքում օգտագործվող փոխհարաբերությունների դերը, որոնց տեղին օգտագործման դեպքում ասելիքի ազդեցիկությունն ավելանում է:

 

Այլ նորություններ
«ԱՌԱՅԺՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄՐ Է  ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐՈՒՄ». ԹՈՒՐՔԱԳԵՏ ԱՐԻ ՇԵՔԵՐՅԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում hուլիսի 9-ից մեկնարկել է ամառային դպրոցը, որի առաջարկած դասընթացների շրջանակում ուսանողները հնարավորություն ունեն բարելավվելու առօրյա-խոսակցական թուրքերենը, ինչպես նաև սովորելու օսմաներեն:
ԵՊՀ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՇԱՏ ՀԻՄՆԱՎՈՐ ՊԱՏՃԱՌ
Ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացնում ենք, թե ՀՀ կառավարության անդամներից քանի տոկոսն են կրթությունը ստացել ԵՊՀ-ում և որ ֆակուլտետներում: