04.02.2019 | 
«ԵԹԵ ԴՈՒՔ ՉԵՔ ՈՒԶՈՒՄ «FAKE» ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱԼ, ՊԱՏՄԵՔ ԼՍԱՐԱՆԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ». «BBC» ՌԱԴԻՈԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ՍԹԻՎ ԹԻԹԵՐԻՆԳՏՈՆ
«ԵԹԵ ԴՈՒՔ ՉԵՔ ՈՒԶՈՒՄ «FAKE» ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱԼ, ՊԱՏՄԵՔ ԼՍԱՐԱՆԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ». «BBC» ՌԱԴԻՈԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ՍԹԻՎ ԹԻԹԵՐԻՆԳՏՈՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ հանդիպում «BBC» ռադիոծառայության գլխավոր խմբագիր Սթիվ Թիթերինգտոնի հետ:

Հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, որին ներկա էին ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ամբիոնի վարիչներ, ֆակուլտետի աշխատակիցներ և ուսանողներ: 

 

Հանդիպման սկզբում Նաղաշ Մարտիրոսյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց «BBC» ռադիոծառայության գլխավոր խմբագիր Սթիվ Թիթերինգտոնին, այնուհետև շնորհակալություն հայտնեց հյուրին՝ լրագրողական կարևոր դասընթացը վարելու և լրագրության արդի մարտահրավերների մասին խոսելու համար:

 

«BBC» ռադիոծառայության գլխավոր խմբագիր Սթիվ Թիթերինգտոնը դասընթացը սկսեց՝ պատմելով Հայաստան կատարած իր առաջին այցի մասին:

 

«Առաջին անգամ Հայաստան եմ եկել Սպիտակի երկրաշարժը լուսաբանելու համար,- պատմում է Սթիվը,- ես աշխարհին պետք է հայտնեի Հայաստանում տեղի ունեցած աղետի մասին: Այդ ժամանակ մարդիկ շատ լավ գիտակցում էին տեղեկություն հաղորդելու կարևորությունը և ամեն կերպ աջակցում էին ինձ»:

 

Գրեթե 30 տարի աշխատելով լրագրության ոլորտում՝ Սթիվ Թիթերինգտոնը նշում է, որ այս ընթացքում հասկացել է. «Լրագրությունը մասնագիտություն չէ, այն կարևոր նպատակ է»:

 

«Ես մասնագիտությամբ փիլիսոփա եմ, իսկ լրատվական դաշտ մուտք գործեցի այն ժամանակ, երբ գործազուրկ էի, և ինձ մոտ ոչինչ չէր ստացվում: Ժամանակի ընթացքում հասկացա, որ լրագրողի մասնագիտությունն ավելին է, քան լոկ մասնագիտություն. այն նպատակ է, կարևոր խնդիրների բարձրաձայնման համար գործիք»,- մանրամասնում է Սթիվ Թիթերինգտոնը:

 

Ներկայացնելով «BBC»-ի գործունեությունը՝ Սթիվ Թիթերինգտոնը նշում է, որ այն աշխարհի ամենահեղինակավոր լրատվամիջոցներից է: Այնտեղ աշխատում է շուրջ 6000 լրագրող, որոնցից յուրաքանչյուրը խելացի է և աշխատասեր:

 

«Մեր թիմի համար միշտ կարևոր է եղել լսարանին մատուցել որակյալ բովանդակությամբ նյութեր, բայց լսարանը մեզ միշտ «ձանձրալի» բառով էր բնորոշում՝ նշելով, որ մենք լավն ենք, բայց պետք է փոխվենք»,- պատմում է Սթիվը:

 

Այս դեպքում լսարանը հաղթող դուրս եկավ, և պրոֆեսիոնալ լրագրողների թիմը որոշեց ուսումնասիրել լսարանն ու հասկանալ, թե ինչ սպասումներ ունեն մարդիկ լրատվամիջոցներից:

 

«Մեզ համար հստակ էր, որ մենք պետք է նոր մոտեցումներ մշակենք: Լրագրությունը սոսկ պատմություն պատմելը չէ, փաստերը ներկայացնելը չէ, այն նաև հենց լրագրողի անձնական շարժառիթների, դրդապատճառների մասին է»:

 

Անդրադառնալով ժամանակակից մոտեցումներին՝ Սթիվ Թիթերինգտոնը նշում է, որ հիմա նույնիսկ պարտադիր չէ, որ հենց լրագրողը պատմությունը ներկայացնի: Երբեմն հետաքրքիր մարդկանց գտնելով՝ լրագրողը կարող է իր աշխատանքը ավարտած համարել:

«Որոշ ժամանակ առաջ մենք մի շարք էինք սկսել, որի գլխավոր հերոսները միայն կանայք էին: Մեր խնդիրն էր գտնել միևնույն թեմայի մասին պատմող երկու զրուցակցի և օգնել վերջիններիս, որպեսզի պատմեն իրենց սեփական պատմությունը»:

 

Անդրադառնալով սոցիալական ցանցերին՝ Սթիվ Թիթերինգտոնը ասում է, որ սոցցանցերն ավելի ճկուն են, քան մենք պատկերացնում ենք:

 

«Կարծիք կա, որ սոցցանցերում առավել շատ դիտումներ ունեն կարճ տևողություն ունեցող տեսահոլովակները: Մեր առաջին ներբեռնած տեսանյութի տևողությունը 3 րոպե էր: Մեզ ասում էին, որ տեսանյութը լավն է, բայց շատ երկար է և դիտումներ չի ունենա, մինչդեռ այն ընդամենը մեկ գիշերվա ընթացքում ունեցավ մոտ մեկ միլիոն դիտում»:

 

Գրանցած արդյունքները Սթիվի ու նրա թիմի համար այն բանի ապացույց էին, որ որակյալ բովանդակություն ունեցող տեսանյութերը, ինչպես նաև հոդվածները, անկախ տևողությունից, կարող են հայտնի լինել և շատ դիտումներ ունենալ համացանցում, քանի որ բոլորը չէ, որ համացանցում զվարճանք են փնտրում:

 

Համացանցի զարգացմանը զուգահեռ՝ լրագրության մեջ ի հայտ են գալիս նաև նոր մարտահրավերներ:

 

Հայաստանում արդիական դարձած և դարի խնդիր համարվող «fake» նորությունները շարունակում են օրակարգային մնալ նաև ամբողջ աշխարհում:

 

«Սուտ և սխալ նորություններն այսօր ամենուր են: Բանաձևը մեկն է. եթե դուք չեք ուզում «fake» տեղեկություն կարդալ, պատմեք լսարանին ճշմարտությունը»,- նշում է բանախոսը:

 

Սթիվ Թիթերինգտոնն ընդգծում է, որ  ժամանակի ընթացքում լրագրության գործիքակազմն ավելի է ընդլայնվել:

Այսօր յուրաքանչյուրն իր հեռախոսի օգնությամբ կարող է հենց տեղում ուղիղ կապ հաստատել մեկ այլ մարդու հետ, ռեպորտաժներ նկարել և լրագրողական նյութ պատրաստել:

 

«Նախկինում մենք հաճախ էինք մեր լրագրողներին ուղարկում աշխարհի տարբեր մասեր՝ իրադարձությունները լուսաբանելու համար,- պատմում է Սթիվը Թիթերինգտոնը,- ինչպես իմ դեպքում, երբ ես գործուղվել էի Սպիտակ: Այսօր արդեն հենց համապատասխան վայրի լրագրողները մեզ համար թղթակիցներ են, որոնք օգնում են այդ պահին կատարվող իրադարձությունը լուսաբանել»:

 

Հանդիպման վերջում Սթիվ Թիթերինգտոնը պատասխանեց ներկաների հարցերին:

Անի Պողոսյան