12.06.2018 | 
Կրթություն
ՏՎՅԱԼԱԳԵՏՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՆ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ
ՏՎՅԱԼԱԳԵՏՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՆ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ
Ysu.am կայքը հարցազրույց է արել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանի հետ:

 - Պարո՛ն Գևորգյան, ո՞րն էր պատճառը, որ 2017 թվականի սեպտեմբերին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում բացվեց «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը:

 - Գլխավոր պատճառը այս մասնագիտության մեծ պահանջարկն էր: Մենք, IBM նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) մեր գործընկերների  հետ շուրջ վեց ամիս հետազոտելով համաշխարհային տնտեսության զարգացման միտումները, ինչպես նաև աշխատաշուկան թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, եկանք այն եզրակացությանը, որ այս մասնագիտության նկատմամբ մեծ պահանջարկ է ձևավորվել:

 

- Կպարզաբանե՞ք, թե ինչ է տվյալագիտությունը, և ինչու են այսօր այդքան պահանջված տվյալագետները:

 

- Տվյալների գիտությունը, օգտագործելով մաթեմատիկական, վիճակագրական մեթոդները և ալգորիթմները, տվյալների հիման վրա փորձում է բացահայտել օրինաչափություններ և իրականացնել կանխատեսումներ, որոնք անմիջականորեն կարող են օգտագործվել պրակտիկայում և բիզնեսում:

 

Տվյալների գիտությունը միջդիսցիպլինար մասնագիտություն է, որում համադրվում են մաթեմատիկոսի, վիճակագրագետի, բիզնես վերլուծաբանի և ծրագրավորողի ունակությունները: Բիզնես-վերլուծաբանները պատասխանատու են հետազոտության  դրվածքի և իրավիճակի փոփոխությունների հետ  կապված խնդրի վերաձևակերպման, վիճակագիրները՝ խնդիրը լուծելու համար մաթեմատիկական մոդելների կառուցման և գնահատման մեթոդների կիրառման, իսկ ծրագրավորողները՝ խնդրի լուծման ծրագրային ապահովման և տվյալների բազաների հետ տարվող աշխատանքի համար:

 

Վերջին տարիներին գրանցող և չափող բազմաթիվ սարքերի տեխնոլոգիաների զարգացումը և այդ սարքերը համացանցի  ու այլ կոմունիկացիաների միջոցով իրար կապելը հանգեցրեց նրան, որ կուտակվել և ավելի բարձր տեմպերով շարունակում են կուտակվել հսկայածավալ և բազմաբնույթ տվյալներ, այսպես կոչված, «մեծ տվյալներ»,  որոնց վերլուծությունը և դրանցում «թաքնված» ինֆորմացիան կարող է մի քանի անգամ բարձրացնել բիզնես գործընթացների արդյունավետությունը և ունենալ նաև մակրոտնտեսական լուրջ էֆեկտ:

 

Քանի որ տվյալների կուտակումը աստիճանաբար մեծանում է, իսկ տվյալների կառուցվածքը ևս փոփոխվում է շատ արագ, բիզնես վերլուծաբան-մոդելավորող-ծրագրավորող ավանդական շղթան չի հասցնում արձագանքել այդ փոփոխություններին, և անհրաժեշտություն է առաջանում, որ բոլոր այս ունակություններն ունենա մեկ մասնագետ: Մեր մագիստրոսական ծրագրի գլխավոր նպատակը հենց այդպիսի մասնագետների պատրաստումն է:

 

- Պարո՛ն Գևորգյան, դուք նշեցիք, որ ծրագիրն իրականացվում է գործընկերների հետ: Կպատմե՞ք մի փոքր այդ մասին:

 

- Ծրագրի իրականացման գլխավոր նախաձեռնողն է IBM նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC), որի մասնագետների հետ մշակել ենք մեր կրթական ծրագիրը: Պետք է նշեմ, որ մասնագիտական պարապմունքների մեծ մասն այսօր իրականացվում են այդ կենտրոնում՝ օգտագործելով ինչպես նրանց դասասենյակները և տեխնիկական հնարավորությունները, այնպես էլ ծրագրային ռեսուրսները, դասավանդման մեթոդներն  ու կրթական նոր տեխնոլոգիաները:

 

Նշեմ ևս մի կարևոր հանգամանք. մի շարք դասընթացներ և սեմինարներ իրականացվում են հենց ISTC կենտրոնի մասնագետների կողմից: Այս ամենը թույլ է տալիս օգտագործել ինչպես ԵՊՀ-ում դասավանդման ակադեմիական կրթության ավանդույթները, այնպես էլ արագ արձագանքել դասավանդման մոտեցումների և ծրագրային լուծումների նոր մեթոդներով ընձեռված հնարավորություններին և դրանք հաջողությամբ կիրառել մեր մագիստրոսական ծրագրում:

 

- Իսկ ինչպե՞ս կարելի է դիմել «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրին:

 

- «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրին կարելի է դիմել ըստ ԵՊՀ մագիստրոսական ծրագրերի ընդունելության կարգի:

 

Տեղեկություններ կարելի է ստանալ ինչպես ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետից, այնպես էլ IBM նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնից (ISTC):  

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ECER 2022 ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
Ասուլիսի ժամանակ ներկայացվեցին համաժողովի կազմակերպման ընթացքը, ընտրված թեմայի արդիականությունը, ինչպես նաև ընդգծվեց համաժողովի կարևորությունը ՀՀ կրթական համակարգի զարգացման գործում։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներն ասուլիսի ավարտին տվեցին հարցեր՝ կապված համաժողովի, վերջինիս ընձեռած հնարավորությունների և ԵՊՀ-ում իրականացվող նկատելի բարեփոխումների վերաբերյալ։
ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ԵՊՀ ՀԻՆԳ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՄԵԴԱԼՆԵՐ ԵՆ ՆՎԱՃԵԼ
Օգոստոսի 1-7-ը հիբրիդային (առկա և առցանց) տարբերակով տեղի է ունեցել Մաթեմատիկական միջազգային ուսանողական 29-րդ օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի ավելի քան 100 համալսարանի թիմեր: