14.05.2018 | 
Ուսանողական, Հասարակություն
«ՄԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ «ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆ» ՄԱՐԴԿԱՅԻՆ ՆԵՐՈՒԺՆ Է, ՈՐՆ ԷԼ ՄԵՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ԶԱՐԳԱՑՆԵԼ». ՄԱԹԻԱՍ ՔԻՍԼԵՐ
«ՄԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ «ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆ» ՄԱՐԴԿԱՅԻՆ ՆԵՐՈՒԺՆ Է, ՈՐՆ ԷԼ ՄԵՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ԶԱՐԳԱՑՆԵԼ». ՄԱԹԻԱՍ ՔԻՍԼԵՐ
Մայիսի 14-ին Երևանի պետական համալսարանը և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը համատեղ մեկնարկեցին «Գերմանիան՝ հետազոտության երկիր» խորագրով ցուցահանդեսը, որը 2 շաբաթ շարունակ կցուցադրվի մայր բուհում:

Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, ԵՊՀ դասախոսական կազմի ներկայացուցիչներ, Երևանում DAAD-ի թիմի անդամները, ինչպես նաև նախկին և ներկա կրթաթոշակառուներ:

ԵՊՀ-ն և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD) ունեն տարիների սերտ և արդյունավետ համագործակցության դրական փորձ: Այս համագործակցության արդյունքում ԵՊՀ-ի բազմաթիվ ուսանողներ, երիտասարդ գիտնականներ, դասախոսներ գիտական համագործակցություն են սկսել գերմանական բուհերի, գիտահետազոտական կենտրոնների հետ, տպագրել համատեղ գիտական հոդվածներ, կյանքի կոչել գիտական նոր ծրագրեր, և պատահական չէ, որ ցուցադրությունը ԵՊՀ-ում է կազմակերպվել, քանի որ կրթաթոշակառուների մեծ մասը հենց համալսարանականներն են:



Ցուցահանդեսում տեղ են գտել Գերմանիայի գիտական տարբեր ոլորտներում կատարված գիտահետազոտական աշխատանքները՝ վիճակագրությամբ և փաստերով:

 

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը իր խոսքում ողջունեց ներկաներին, և շեշտեց, թե ինչքան կարևոր է գիտական աշխարհում ձեռքբերումներով չբավարարվելն ու ավելիին ձգտելը: Հակառակ դեպքում հանգիստը հետընթացի է հանգեցնելու:


Գիտական ասպարեզում ունեցած այդ ձեռքբերումներով ժամանակակից մարդը աշխարհին ոչ միայն իր անձի, այլ նաև սեփական երկրի գիտական ներուժն է ներկայացնում:


«Գերմանիան և Հայաստանը նման են իրար. երկուսն էլ օգտակար հանածոներով հարուստ չեն: Երկու երկրների ամենակարևոր «օգտակար հանածոն» մարդկային ներուժն է, որն էլ մենք փորձում ենք զարգացնել»,- նշեց դեսպանը իր խոսքում:


ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը իր ելույթում առանձնացրեց այն փաստը, որ ինչպես DAAD-ի, այնպես էլ մյուս գերմանական ծրագրերի և համալսարանների ընձեռած հնարավորությունների շնորհիվ Երևանի պետական համալսարանում գիտական գործուղումների քանակով Գերմանիան առայժմ առաջատար երկիր է, որտեղ համալսարանականները ամենից շատն են հյուրընկալվում:




ԵՊՀ-ն այս ընթացքում առիթ է ունեցել համագործակցել գերմանական այնպիսի համալսարանների հետ, ինչպիսիք են Ռոստոկի համալսարանը, որի հետ համատեղ իրականացրել է մագիստրոսական ծրագրեր, Բեռլինի, Հալլեի, Օրդենբուրգի համալսարանները:


Գեղամ Գևորգյանը նշեց նաև համագործակցության այն ամենակարևոր տարրի մասին, որը շատ դեպքերում չի նշվում, բայց անչափ կարևոր է. փոխանակման ծրագրերի շնորհիվ ուսանողները ոչ միայն ծանոթանում են գերմանական ակադեմիական միջավայրին, այլ նաև մշակույթին՝ ընդհուպ գերմանական կանոնակարգվածություն և ճշտապահություն: Հետագայում ուսանողները այս փորձառությունները կիրառում են հայրենիքում:


ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Արմեն Թռչունյանն էլ արդեն սեփական փորձով կիսվեց ներկաների հետ՝ պատմելով այն հնարավորությունների մասին, որ Գերմանիան ընձեռում է գիտական հետազոտություններ կատարող անձին: Արմեն Թռչունյանը իր խոսքում կոչ արեց ուսանողներին օգտագործել հնարավորությունն ու հարստացնել իրենց գիտական կենսագրությունը գերմանական փորձով:


«Ցուցահանդեսն ունի երկու կարևոր նպատակ,- մեզ հետ զրույցում ասաց DAAD երևանյան գրասենյակի ղեկավար, ԵՊՀ դասախոս Սիլվիա Շմիդը,- առաջինը՝ ինֆորմացնել և ուղղորդել ուսանողներին, որոնք դեռևս չեն կողմնորոշվում հետազոտական ծրագրերի ընտրության հարցում, և երկրորդ՝ կապ ստեղծել նախկին և ներկա կրթաթոշակառուների միջև: Ուսանողները միմյանց սեփական փորձով կարող են ոգեշնչել և մոտիվացնել նոր գիտական մտքերի ու գաղափարների»:

Այլ նորություններ
«ԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՃԱԽ ԷԻ ՍԻՐԱՀԱՐՎՈՒՄ» ՅԱԿՈԲ ՎՈՅՍԻԿ
2010 թվականից Երևանի պետական համալսարանը տարածաշրջանի մյուս 4 առաջատար համալսարանների հետ իրականացնում է «Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Կովկասում» մագիստրոսական ծրագիրը, որի մասնակիցներից մեկը Լեհաստանից ժամանած Յակոբ Վոյսիկն է:
ԼԵՀԱԿԱՆ ՇՈՒՆՉԸ ԵՊՀ-ԻՑ ՆԵՐՍ
Ագնիեշկա Վաշիլչուկը լեհերենի դասախոս է, Հայաստան է գործուղվել Արտերկրում լեհական կրթության զարգացման կենտրոնի կողմից: Լեհերեն է դասավանդում Երևանի պետական համալսարանում, Հայաստանում լեհերի «Պոլոնիա» միությունում և «Պոլսկա Ռոդզինա» ընկերությունում: