04.12.2006 | 
Հասարակություն
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ ՀԱԿՎԱԾ Է ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ ՀԱԿՎԱԾ Է ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
«Երեւանի պետական համալսարանը զանգվածային լրատվամիջոցներում» թեմայով սեմինար-քննարկումն անցկացվեց ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում:

Հրավիրված լրագրողները, բացի համալսարանի կառուցվածքի եւ ուսումնական գործընթացի մասին սպառիչ տեղեկություններ ստանալուց, հանդիպումներ ունեցան նաեւ բուհի ղեկավարների հետ:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը լրագրողների հետ զրուցեց Բոլոնիայի գործընթացի եւ դրա համատեքստում ԵՊՀ-ի անելիքների մասին: «Բոլոնիայի գործընթացը ոչինչ չի պարտադրում, այն միայն առաջարկում է,- ասաց պարոն Սիմոնյանը:- Մենք միացել ենք այս գործընթացին, որ մեր կրթական համակարգը մրցունակ լինի աշխարհում: Պարզ է, որ յուրաքանչյուր փոփոխություն պիտի նաեւ դժգոհություն առաջացնի»:

Երկաստիճան կրթական համակարգին անցնելը ժամանակին` 1996-ին, դարձյալ մեծ ցնծությամբ չընդունվեց: Տարիներ անց այն դարձել է սովորական եւ ընդունելի: Նույնն է նաեւ կրեդիտային համակարգի անցման պարագայում: Բոլոնիայի համաձայնագրի մի շարք պահանջներ էլ ժամանակի ընթացքում պիտի լուծում ստանան: Դրանցից մեկը ուսանողների շարժունակությունն է, մյուսը` ասպիրանտուրայի խնդիրը, երրորդը` համալսարան-հասարակություն կապի ստեղծումը (վերջինիս ուղղությամբ արդեն քայլեր արվում են), նաեւ` գործատուների հետ կապերի հաստատումը եւ այլն:

Ըստ ռեկտորի` այդ բոլորը իրականանալի է, պարզապես պետք է փոխել մարդկանց կաղապարային մտածողությունը եւ նրանց ընկալունակ դարձնել նորի հանդեպ: Արամ Սիմոնյանն ասաց, որ Բոլոնիայի գործընթացին ԵՊՀ-ն միացել է ավելի ուշ, քան Ճարտարագիտական համալսարանը: «Մենք սովորում էինք նրանցից, ուշադիր հետեւում նրանց զարգացման ընթացքին: Եթե որեւէ տեղ նրանք հանդիպում էին անհաջողության, մենք որոշում էինք գնալ այլ ճանապարհով»,- ասաց նա:

Ռեկտորը անդրադարձավ նաեւ ուսումնական ծրագրերին: Առհասարակ, միջազգային չափանիշները թելադրում են ուսման հատուկ կարգ: Նախ` տեսական մասը պետք է բավական կրճատվի, պիտի ավելանան գործնական առարկաները: «Ուսանողը, ավարտելով բուհը, պիտի իմանա, թե որտեղ եւ ինչպես կիրառի իր ստացած տեսական գիտելիքները»:

Պատասխանելով լրագրողների հարցերին` Արամ Սիմոնյանն անդրադարձավ համալսարանում կատարված կադրային փոփոխություններին: Նա ասաց, որ նոր հաստիքները համալսարանում շատ չեն, նոր աշխատակիցներն ընդունվել են տնտեսական մասի աշխատողների, սպասարկող անձնակազմի կրճատման հաշվին, նաեւ` տարեց աշխատողների փոխարեն երիտասարդներ ընդունելով:

«Մենք հստակ պատկերացնում ենք, թե ինչ է պետք մեր բուհին, որ ուղիով է այն զարգանալու: Հիմա այդ ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկում: Դրա մասին են խոսում կառուցվածքային, կադրային փոփոխությունները: Բայց անհրաժեշտ է նաեւ մարդկային մտածելակերպի փոփոխություն եւ ֆինանսական մուտքերի մեծացում»,- ամփոփեց ռեկտորը:

Այլ նորություններ
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ ԵՊՀ-Ի ԵՎ ՄՊՀ-Ի ՄԻՋԵՎ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ստորագրել են եռակողմ համագործակցության հուշագիր՝ ապահովելու երկու կառույցների միջև տնտեսագիտության և կառավարման ոլորտներում անհրաժեշտ համագործակցությունն ու նպաստելու ուսանողների գիտելիքների, գործնական հմտությունների ու կարողությունների զարգացմանը:
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՈՒՀ-ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱՊԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԸ
ԵՊՀ Ռոբերտ Շումանի անվան սրահում տեղի է ունեցել հանդիպում «Կոկա-կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Քնար Ծատուրյանի հետ։ Վերջինս ուսանողներին է ներկայացրել ընկերության գործունեությունը և առաջարկած երիտասարդական նախագծերը, որոնք ուղղված են կարիերա ստեղծելուն ու զարգացնելուն: