17.09.2020 | 
Կրթություն
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՄԵԴԻԱԴԱՇՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԵԴԻԱ ԻՐԱՎՈՒՆՔ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՄԵԴԻԱԴԱՇՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԵԴԻԱ ԻՐԱՎՈՒՆՔ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ և «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել է «Մեդիա իրավունք» կրթական ծրագիրը, որը նպաստելու է մասնակիցների իրավական գրագիտության բարձրացմանը:

«Մեդիա իրավունք» կրթական ծրագրի նպատակն է Իրավագիտության և Ժուռնալիստիկայի ֆակուլտետների համատեղ ջանքերով հատկապես գործող և ապագա լրագրողներին հաղորդել գիտելիք մեդիադաշտի իրավական կարգավորումների վերաբերյալ, որպեսզի նրանք հստակ իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ Աննա Մարգարյանն ասաց, որ այսօր մեկնարկած «Մեդիա իրավունք» դասընթացի շնորհիվ մասնակիցները, ուսումնասիրելով իրենց իրավունքներն ու պարտականությունները, ավելի արդյունավետ գործունեություն կծավալեն՝ նպաստելով հասարակության իրավագիտակցության բարձրացմանը:

 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը միջոցառման ընթացքում նշեց, որ ծրագրի իրականացումը վաղուց էր հասունացել՝ հաշվի առնելով այն, որ լրատվադաշտում իրավական տեղեկացվածությունը բավարար չէ, ինչը հնարավորություն կտար լրագրողներին ավելի արդյունավետ լուսաբանելու և վեր հանելու իրավական խնդիրները:

 

Նրա խոսքով, ծրագիրը հեռանկարային է և ենթադրում է հետագայում ավելի խորը գիտելիքների տրամադրում՝ մագիստրոսական կրթական ծրագրի միջոցով. «Ծրագրի շնորհիվ կունենանք ոլորտին քաջատեղյակ լրագրողներ, ըստ այդմ՝ շատ ավելի լավ և գրագետ պատրաստված նյութեր, որոնք կմատուցվեն հասարակությանը»:

 

 

Գագիկ Ղազինյանը փաստեց, որ դասընթացն իրականացնելու համար հրավիրվել են ոլորտի լավագույն մասնագետները, որոնք պատրաստ են ոչ միայն նախապես մշակված թեմաների շուրջ նոր գիտելիքներ փոխանցել, այլև լսել մասնակիցների առաջարկություններն ու ցանկությունները և պատասխանել նրանց հարցերին:

 

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանն ասաց, որ հիմնադրամի կողմից պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ, որոնք միտված են հարստացնելու լրագրողների գիտելիքները և փորձառությունը:

 

Նրա խոսքով, դասընթացն իրականացնելու համար կարևորվել է ոչ միայն արհեստավարժ դասախոսների, այլև որակյալ լսարանի մասնակցությունը. «Կարծում եմ՝ դասընթացի ընթացքում կձևավորվի երկխոսություն, ինչը կնպաստի ավելի լավ արդյունք գրանցելուն»: Լիանա Մարուքյանը նշեց, որ դասընթացի մասնակցության համար ստացվել է 120 դիմում, որից ընտրվել է 30-ը:

 

 

Աննա Մարգարյանն էլ հավելեց, որ այս դասընթացի ձևաչափը հնարավորություն է տալիս լրագրողների հմտությունները փոխանցելու իրավաբաններին և հակառակը. «Այսինքն՝ սա միակողմանի գործընթաց չէ, որը շահեկան է բոլորի համար»:

 

Նրա խոսքով, դասընթացի կարևոր առաքելությունը ոչ միայն տեսական նոր գիտելիքների և գործնական հմտությունների փոխանցումն է, այլև դրանց կիրառելիության ապահովումը:

 

Քրեական իրավունքի ամբիոնի դոցենտը պարզաբանեց, որ դասընթացի թիրախային խումբը լրագրողներն են, բայց մասնակիցների շարքում կան նաև ՀԿ-ների ներկայացուցիչներ, իրավագետներ և այլ մասնագետներ. «Մենք ցանկացել ենք ապահովել բազմագործառութային լսարան, որը կնպաստի դասընթացի առավել արդյունավետ իրագործմանը»:

 

Աննա Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դասընթացը տևելու է մինչև դեկտեմբեր, որի ընթացքում քննարկվելու են թեմաներ՝ կապված մեդիայի և մտավոր սեփականության իրավական պաշտպանության հիմնախնդիրների, մեդիայի իրավական կարգավորման առանձնահատկությունների, մեդիայի իրավական և էթիկական կարգավորման և այլ թեմաների հետ:

 

Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվելու են հավաստագրեր:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2020/2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների ժամկետը հետաձվգել է մեկ շաբաթով: Դրանք իրականացվելու են նոյեմբերի 2-7-ն ընկած ժամանակահատվածում:
ԵՊՀ-ՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՐՐՈՐԴ ԲԱՂԱԴՐԻՉԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՎԵԼՈՒ Է ԲՈԼՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ
«Erasmus +» ծրագրի շրջանակում 2020 թվականի փետրվարից մեկնարկել է «Armdoct» եռամյա նախագիծը, որն ուղղված է Հայաստանում կրթական երրորդ աստիճանի բարեփոխմանը: