14.04.2016 | 
Ուսանողական
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Ապրիլի 11-15-ը ԵՊՀ ուսանողների համար անցկացվում է բուժօգնության վերաբերյալ դասընթաց:

ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ կազմակերպված 5-օրյա դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել առաջին բուժօգնության կանոններին՝ թե՛ տեսական, և թե՛ գործնական տեսանկյունից:

 

«Դասընթացի գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ սահմանում գերլարված իրավիճակ էր: Երբ մենք նախաձեռնեցինք և սկսեցինք կամավորների ցուցակագրումը, մեզ դիմեցին բազմաթիվ աղջիկներ, ովքեր նույնպես ցանկանում էին իրենց ներդրումն ունենալ հանուն հայրենիքի պաշտպանության համար մղվող պայքարում: Մենք էլ որոշեցինք նրանց համար կազմակերպել նմանօրինակ դասընթաց»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի աշխատակցուհի Լուսինե Համբարյանը:

 

Դասընթացն իրականացվում է Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) աջակցությամբ. ԱԻՆ-ը տրամադրել է ոչ միայն հատուկ մասնագետներ, ովքեր վարում են դասերը, այլև համապատասխան պարագաներ՝ գործնական հատվածն առավել արդյունավետ անցկացնելու համար:

 

Այսօր՝ դասընթացի 4-րդ օրը, դասը վարում էր մասնագետ Աննա Բարսեղյանը, ով նշեց, որ առաջին բուժօգնության կանոնները պարտավոր են իմանալ բոլորը. «Բժշկական օգնությունն իրականանում է 3 փուլով՝ նախաբժշկական օգնություն, առաջին բուժօգնություն և բժշկական օգնություն: Հենց նախաբժշկական օգնության փուլն է, որ պետք է բոլորը տիրապետեն և ժամանակին օգնության հասնեն»:

 

Աննա Բարսեղյանն ուսանողներին ներկայացրեց նաև արյունահոսության տեսակները և դրանց կանգնեցման ճանապարհները: Ուսանողները ստացան ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև գործնականում փորձեցին կիրառել իրենց գիտելիքները:

 

Լուսինե Համբարյանը տեղեկացրեց նաև, որ դասընթացին մասնակցելու ցանկություն է հայտնել ավելի քան 200 ուսանողուհի, և դասընթացն ավելի արդյունավետ անցկացնելու համար առանձնացրել են 20 հոգուց բաղկացած խմբեր. «Այսինքն՝ այս խմբի համար նախատեսված դասընթացի ավարտից անմիջապես հետո կմեկնարկի նույն դասընթացը մյուս խմբերի համար»:

 

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋԻՆ՝ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող բանավեճի մասնագիտացված ակումբն իր գործունեության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է մեկշաբաթյա դասընթացներ, որոնց հաջորդում է բուն առաջնության փուլը:
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է». ՕՐԻՆԱԿԵԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԻ ԿԵՐՊԱՐՈՒՄ ՄԱՆԵ ԾԱՏՈՒՐՅԱՆՆ Է
21-ամյա Մանե Ծատուրյանն այն համալսարանականներից է, որի նպատակասլաց կերպարը, անկասկած, օրինակ կարող է ծառայել յուրաքանչյուր երիտասարդի համար: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Մանեն արդեն իսկ լուրջ ձեռքբերումներ ունի թե՛ ուսման մեջ, թե՛ կարիերայի ստեղծման գործընթացում, թե՛ հասարակական ոլորտում: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրանտը փայլուն ուսանող է, որն ապրում է ներհամալսարանական և հասարակական ակտիվ կյանքով: Դեռևս 1-ին կուրսից նա եղել է ՈՒԽ անդամ, կազմակերպել ու մասնակցել ուսանողական միջոցառումների՝ չմոռանալով կրթության ու առաջադիմության մասին: Մանեն նաև անվճար է սովորում և ստանում «Ջոն Կիրակոսյանի անվան» կրթաթոշակ: