16.03.2021 | 
ՈՒՍԱՆՈՂ-ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱՊԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ՈՒՍԱՆՈՂ-ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱՊԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի մարդկային ռեսուրսների կառավարում մագիստրոսական ծրագրի շրջանակում այսօր տեղի է ունեցել հանդիպում ռեստորանային ոլորտի մարդկային ռեսուրսների կառավարման (HR) բաժնի մասնագետների հետ:

Հարկ է նշել, որ Մարդկային ռեսուրսների կառավարման մագիստրոսական ծրագիրը եզակի բովանդակությամբ, միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական ծրագիր է, որը  ֆակուլտետում գործում է 2017 թվականից:

Մագիստրոսական ծրագիրն արդեն ունեցել է 44 շրջանավարտ, ծրագրով այսօր ուսանում է 61 ուսանող:

Այս մագիստրոսական ծրագրի առավելություններից են ոչ միայն պրակտիկ դասընթացներն ու ոլորտային կապերը, այլև ոլորտների մասնագետների հետ պարբերաբար հանդիպումներ կազմակերպելը:

Այս անգամ մագիստրոսական ծրագրի ուսանողները հնարավորություն ունեցան հանդիպելու ռեստորանային ոլորտի մարդկային ռեսուրսների կառավարման (HR) բաժնի  մասնագետների հետ, որոնք ներկայացնում էին ոլորտի առաջատար 7 ընկերությունները՝ «Digitain», «Երեմյան Փրոջեքթս», «Սանտաֆե», «Պահեստ33»   «Jellyfish», «Արտ Լանչ», «ProReCa», «Koriz» ռեստորան:

 

Մեզ հետ զրույցում Մարդկային ռեսուրսների կառավարում մագիստրոսական ծրագրի ղեկավար Աննա Մաքսուդյանը նշեց, որ  ծրագրի շրջանավարտներն աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող կադրեր են, որոնք հաջողությամբ իրենց գիտելիքները ներդնում են  ոլորտի զարգացման գործում:

«Այսօրվա հանդիպման հիմնական նպատակն ուսանող-գործատու կապի ապահովվումն է, որի շնորհիվ մեր ուսանողները հետագայում կկարողանան հեշտությամբ աշխատանք գտնել»,-շեշտեց Աննա Մաքսուդյանը՝ հավելելով, որ ոլորտի մասնագետների հետ սերտ կապեր ստեղծելը մագիստրոսական ծրագրի առավելություններից մեկն է:

 

Հանդիպման ընթացքում հյուրերն անդրադարձան նաև մասնագիտության առանձնահատկություններին, ներկայացրին ոլորտում առկա մարտահրավերներն ու հաղթահարման ուղիները:

Հատկանշական էր, որ հյուրերն ուսանողներին և ապագա մասնագետներին ներկայացրին նաև ոլորտում ձեռք բերած անձնական փորձառությունը՝ անդրադարձնելով տեղական շուկայի և տարբեր ընկերությունների հետ համագործակցության առանձնահատկություններին:

 

Հանդիպման վերջում մասնագետները սիրով պատասխանեցին ներկաների հարցերին: