24.09.2020 | 
«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԴԺՎԱՐ Է ԻՐԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼԸ». ԻԻՀ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՍԵՅԵԴ ՄՈՀԱՄՄԱԴ ՌԵԶԱ ՀԵՅԴԱՐԻ
«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԴԺՎԱՐ Է ԻՐԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼԸ». ԻԻՀ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՍԵՅԵԴ ՄՈՀԱՄՄԱԴ ՌԵԶԱ ՀԵՅԴԱՐԻ
ԵՊՀ իրանագիտության ամբիոնում այսօր տեղի է ունեցել հանդիպում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարիի հետ:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ամբիոնի դասախոսներ, ուսանողներ:

Հանդիպման սկզբում պարոն Ոսկանյանը ջերմորեն ողջունեց Սեյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին՝ շնորհակալություն հայտնելով հյուրին այս ընթացքում ունեցած երկկողմանի մշակութային համագործակցության, ինչպես նաև դրսևորած բարի կամքի և պատրաստակամության  համար:

Վերջինս շեշտեց, որ Իրանագիտության ամբիոնը սերտորեն համագործակցում է իրանական մշակութային և գիտական կենտրոնների հետ, և այդ սերտ համագործակցության շրջանակում ՀՀ-ում ԻԻՀ մշակույթի կենտրոնն ամբիոնին օժանդակելու որոշում է կայացրել:

Նա նաև փաստեց, որ այսօրվա միջոցառումն իր բնույթով և բովանդակությամբ յուրահատուկ է, քանի որ միջոցառման շրջանակում Իրանագիտության ամբիոնին  կնվիրեն գրքեր և համակարգչային տեխնիկա. «Ես հույս ունեմ, որ մեր համագործակցությունը շարունակվելու և ավելի բազմաշերտ է դառնալու, որի շնորհիվ կկարողանանք մեր լուման ունենալ նաև հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման մեջ»:

 

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու. «Մեր հանդիպումը, բացի բարեկամականից, նաև գիտակրթական բնույթ ունի և միտված է այդ հարաբերությունների խորացմանը»:

Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ Սեյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին իր գործունեության ընթացքում սերտորեն համագործակցել է Իրանագիտության ամբիոնի հետ և հասցրել է դառնալ ամբիոնի բարեկամներից, որի առաջ ամբիոնի դռները միշտ բաց են:

 

Սեյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին իր հերթին շնորհակալություն հայտնեց Իրանագիտության ամբիոնի վարիչին և աշխատակիցներին  համագործակցության ու դրսևորած ջերմ վերաբերմունքի համար:

Վերջինս նշեց, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում Իրանագիտության ամբիոնի հետ գիտակրթական և մշակութային համագործակցության շրջանակում հասցրել է բազմաթիվ ծրագրեր իրագործել, թեև իր աշխատանքը Հայաստանում ավարտվել է, հույս ունի, որ ամբիոնի հետ մշակութային ու գիտական հարաբերությունները շարունակելու են զարգանալ:

 

«Մենք նվիրատվությունը նախատեսել էինք դեռևս այս տարվա սկզբին, բայց առաջացած խնդիրների պատճառով այն հետաձգվեց,- պարզաբանեց Սեյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին,- այս անգամ փորձել ենք նվիրել այն գրքերը, որոնք ցանկացել էին ունենալ ամբիոնի դասախոսները»:

Վերջինս նշեց, որ իր համար շատ դժվար է Հայաստանը լքելն ու Իրան վերադառնալը, քանի որ այստեղ ջերմ մթնոլորտի շնորհիվ իրեն զգում է ինչպես տանը: